Նախագահական ընտրությունները` դրախտում

Նախագահական ընտրությունները` դրախտում

«Ֆեյսբուքում» շարունակվում է անեկդոտային ժանրի զարգացումը, որի վարպետն է դարձել Նավակ Ճոճողը (Վիլեն Գաբրիելյան):



«Սերժը մահանում է, հոգին թռչում է երկինք ու հայտնվում է դրախտի ու դժոխքի դարպասների առջեւ, դրանց մոտ Պետրոս առաքյալն է կանգնած, որը Սերժին տեսնելիս ասում է.



- Պարոն Սարգսյան, Ձեր տրամաչափի քաղաքական գործիչներ մեզ մոտ հազարից մեկ են հայտնվում, դրա համար մենք Ձեզ թույլատրում ենք, որ Դուք մի օր անցկացնեք դժոխքում, մի օր էլ` դրախտում եւ ինքներդ կատարեք ընտրություն, թե որտեղ եք ուզում հայտնվեք։



Հետո առաքյալը Սերժին ճանապարհում է լիֆտի մոտ, որը Սերժին իջեցնում է դժոխք: Լիֆտի դռները բացվում են, եւ Սերժը տեսնում է վառ կանաչ գույնի գոլֆի դաշտ, մի քիչ հեռվում` շքեղ ակումբ, որտեղից դեպի իրեն վազելով` գալիս են իր գործընկերները։ Գոլֆ են խաղում, հետո գնում են ակումբ` ընթրիքի. սեւ իկրայով, օմարներով ու էլի լիքը էկզոտիկ ուտեստներով։ Իրենց հետ ընթրում է նաեւ Սատանան, որն իրականում շատ հաճելի ու սիմպատիչնի տղա է։ Սերժն ընենց լավ է անցկացնում ժամանակը, որ չի նկատում, որ 24 ժամը լրացավ, եւ ինքը պետք է հեռանա: Բոլորը տխրում են, լիֆտի դռները փակվում են, Սերժը բարձրանում է վերեւ եւ հայտնվում է դրախտի դռների մոտ, որտեղ իրեն դիմավորում է Պետրոս առաքյալը։ Մյուս 24 ժամը Սերժն անցկացնում է, ամպից ամպ թռչելով ու տավիղ նվագելով: Օրը շատ ձանձրալի եւ երկար է անցնում, բայց, ի վերջո, ավարտվում է, եւ Սերժը կրկին հայտնվում է դարպասների մոտ, եւ առաքյալը նրան հարցնում է.



- Պարոն Սարգսյան, Դուք անցկացրիք մի օր դժոխքում եւ մի օր` դրախտում, հիմա ժողովրդավար ձեւով կարո՞ղ եք կատարել ընտրություն։



Սերժը գլուխը քորում ու ասում է.



Դե ի՞նչ կարամ ասեմ. դրախտում, իհարկե, լավ է, բայց դժոխքն ինձ ավելի դուր եկավ։



Առաքյալը կրկին Սերժին ճանապարհում է դեպի լիֆտ, լիֆտի դռները բացվում են, եւ Սերժը տեսնում է... չոլ, որը լցված էր զիբիլով, իսկ իրա բոլոր ընկերները հավաքում էին այդ զիբիլը եւ սեւ տոպրակների մեջ փաթեթավորում։ Սատանան մոտենում է Սերժին, գրկում է: Սերժն ասում է.



- Չեմ հասկանում, երեկ ստեղ գոլֆի դաշտ կար, ակումբ կար, որտեղ մենք տղերքի հետ սեւ իկրայով ու օմարներով կայֆավատ ենք արել, իսկ հիմա ստեղ այս զիբիլանոցն է, իսկ իմ ընկերները նման են ամենավերջին անհաջողակներին:



Սատանան ժպտում է ու պատասխանում.



- Հարազատս, երեկ մեր մոտ նախընտրական քարոզարշավ էր, իսկ այսօր դու մեզ արդեն քվեարկել ես...»: