«Եթե անարգանքի սյունին գամելու մոլուցք կա»

«Եթե անարգանքի սյունին գամելու մոլուցք կա»

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չէի ցանկանա այս թեմայով խոսել։ Ստիպված եմ։ 1995-97թ. բանտարկությանս տարիներին տեսել եմ մի քանի ադրբեջանցի գերի զինվորական։ Նրանցից որոշները խցումս անցկացրել են թերեւս մի քանի քանի ամիս։ Մեկը կար, որ իրոք չէր ուզում վերադառնալ։ Անգամ, երբ տեղեկացավ, որ ուղարկում են ետ՝ որոշեց էլեկտրահարվել։ Բարեբախտաբար հսկիչը փրկեց ու ՙՉՊՙ չեկավ։ Աչքիս առաջ է եղել գերի ընկած 18-20 ամյա երիտասարդների հոգեվիճակը։ Ու առավել եւս՝ (ասում եմ առանց քաշվելու) նրանք նվաստացման չեն ենթարկվել. ոչ մեր խցում, ոչ էլ՝ իրավապահների կողմից։ Նրանք ռազմագերի էին։ Հակոբի շուրջ մեկնաբանությունները ուղղակի տխուր են։ ԿԱՆԳ առեք։ Փակեք թեման։ Այդ տղան էշություններ է խոսում պայմաններից ելնելով։ Նա անգամ որեւէ դիրքի մասին չի խոսում։ ՙԲլթացնումՙ է։ Էհ թող ՙբլթացնիՙ։ Դավաճանության մեջ չեք մեղադրում, չէ՞ այն պաշտոնյային, ով սուտ բաներ է առավոտից գիշեր խոսում։ Դավաճան չեք հռչակում չէ՞ այն շարքային քաղաքացուն, ով ընտրություններին կաշառքով քվեարկելուց հետո պաշտոնական տեսախցիկի առաջ հայտնում է իր սերն ու նվիրվածությունը առ իշխանություն։ Հապա ինչու՞ եք դավաճան հռչակում գերության մեջ հայտնված շարքայինին։ Եթե անարգանքի սյունին գամելու մոլուցք կա, ապա կարելի է գնալ Երեւանի կենտրոնի ցանկացած թանկարժեք սրճարան, մոտենալ այցելած սեւ վերնաշապիկով, թանկարժեք օծանելիքով նստած հղպացած ու իրավաբանականում կամ միջազգային հարաբերություններում սովորող երիտասարդի, կամ ՙջիպավորՙ երեսառած ամեն մի երիտասարդի մեքենայի ու հայհոյել, նրանց կոչել դավաճան, քանի որ չեն գնացել բանակ։ Չեն եղել Ղարաբաղա-ադրբեջանական մարտական դիրքում ու չեն հայտնվել ճիշտ այն դիտակետում, որտեղ ծառայել է Հակոբը։ Բայց դա արդեն ՖԲ-յան անշառ գրառում չէ։ Դա իրականությունն է։ Ու ինչպես շատերը խուսափում են ծառայությունից, այնպես էլ նման քայլ անելուց։ Դա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այլեւս լինելու։ Սակայն շատերը փորձում են վիրտուալությամբ ապահովել իրենց իրական աշխարհում ապրելու անզորությունը ցուցադրել։ Կամ կարող են նրանցից շատերը, պիկետ անել նաեւ Կարմիր խաչի շենքի դիմաց։ Ի վերջո նրանք են գլոբալ պատասխանատուները այս իրավիճակներում։ Բայց ոչ։ Բավական է ՖԲ-ն ու հայհոյանքը։ 

Հ.Գ. Չէի ցանկանա տեսնել այդ հայհոյողներից մեկի մոտ այն հայացքը, որ ունենում էր ադրբեջանցի զինվորը, երբ մտնում էր թշնամի (իր համար՝ Հայաստանը) երկրի անվտանգության ծառայության (Նալբադյան 103) բանտի ինչ որ խուց, ուր թշնամի ազգի (հայ) կալանավորներ են նստած։ Գրելուց առաջ այս իրավիճակը պատկերացրեք, հակառակ ճամբարում։ Աստված մի արասցե, սա տեսնեք ԻՐԱԿԱՆ կյանքում։ Ապեք ձեր ՖԲ-ով։ Բայց մի հայհոյեք։ Խնդրում եմ։ Հաքիմին, Ախմադին, Զաուրինի, ու եւս մի քանի հոգու հաց ու սիգարետ, երբեմն՝ հագուստ տված մարդ եմ ասում»։