Թե ինչպես էին կաղերը վազել սովորեցնում

Թե ինչպես էին կաղերը վազել սովորեցնում

Պատահաբար գտնվելով համալսարանի տարածքում, որտեղ ընթանում էր ԵՊՀ ժուռալիստիկայի ֆակուլտետի ընդունելության վերջին քննությունը, ակամա տեղեկացա մի քանի անուրախ իրողությունների մասին: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվում են բավականին ցածր միավորներով: Կարելի է ասել` ում մտքով անցնի` կընդունվի: Մանավանդ, որ քննական ցանկում հայտնվել է, այսպես կոչված, «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկան: Իրականում այն լայն հնարավորություններ է ստեղծում կամայականությունների եւ յուրային դիմորդին բարձր գնահատելու համար: … Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ընթանում էր վերջին ընդունելության քննությունը: Դիմորդներին ողջունեց ընդունող հանձնաժողովի նախագահ, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Հավանաբար, նա խիստ է ազդվել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ջղային խոսքից, թե պետք է զգույշ լինել, խուսափել բանավոր խոսքից, եւ հանրությանը ներկայանում է գրավոր տեքստով: Ահա, «Բանավոր հաղորդակցության մշակույթ» առարկայի քննությունից առաջ դիմավորելով դիմորդներին, Նաղաշը կոնսպեկտը ձեռքին կարդաց, թե ինչ է պահանջվում դիմորդից, եւ թե ինչն են իրենք քննելու` «բառապաշարը, բանավոր արտահայտվելու մշակույթը, ընտրած ոլորտի մասին ճանաչողական իմացությունը...»: Եթե խոսքը բանավոր լիներ, կարելի կլիներ մտածել, թե վրիպեց, բայց նա նույն տեքստը հեռուստաընկերությունների համար կարդացել է անցած տարի, կարդաց այս տարի, վրիպում չկա, բանասիրական գիտությունների դոկտորը ճիշտ է համարում «ճանաչողական իմացությունը», անկարեւոր մանրուք համարելով, որ իմացությունը եւ ճանաչողությունը հոմանիշներ են, եւ որ «ճանաչողական իմացությունը» նույնպիսի աբսուրդ է, ինչպես, օրինակ, «սպիտակ ճերմակությունը»: Բայց դա էլ մի կողմ` զավեշտալին այն է, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն, ապագա լրագրողից պահանջում է բոլոր ոլորտներից տեղեկացվածություն, բացի «վտանգավոր»` քաղաքական ոլորտը: Այդ մասին Նաղաշը ծպտուն չհանեց: Այսինքն` Հայաստանում կարող է լինել մարզական լրագրություն, մշակութային, սոցիալական եւ այլն, եւ այլն, բայց չի կարող լինել քաղաքական լրագրություն, որովհետեւ չկան քաղաքականություն եւ քաղաքական կյանք: Ըստ Նաղաշի: Թե ինչպես է նա պատկերացնում լրագրությունը, ակնհայտ է նաեւ ֆակուլտետում դասավանդող մասնագետների կազմից. այնտեղ գրեթե չկան գործող լրագրողներ: Առավելագույնը, որ կարող են լրագրություն դասավանդող դասախոսները դնել սեղանին, սովետական տարիներին կամ անհայտ թերթերում տպագրված հոդվածներն են: Հայտնի է, որ այս ֆակուլտետը հիմնադրման օրվանից, հանգուցյալ Գառնիկ Անանյանի ճաշակի եւ աշխարհայացքի համաձայն, պատրաստել է չգործող լրագրողներ, եւ հենց այդ նպատակի համար դասախոսական կազմը համալրվել է չգործող լրագրողներով՝ պատահական բացառությունները չհաշված: Ժամանակին մամուլում գրվել է, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետում չգործող-չգրող լրագրողներ-դասախոսներ են դասավանդում, եւ հենց նրանց ջանքերով համերաշխաբար հաշվեհարդար տեսան իրենց մեջ միակ լրագրողի` Նարինե Մկրտչյանի հետ` աշխատանքից հեռացնելով եւ մնալով իրենք իրենցով` անլրագրող ճահճում, լրագրության հերն անիծելով ի պաշտոնե: Թերթերից մեկն անգամ վիկտորինա էր առաջարկել` ներկայացնելով դասախոսների ցանկը եւ մրցանակ խոստանալով նրան, ով կգտնի մամուլում տպագրված այդ դասախոսների որեւէ հոդված: Քանի որ հնարավոր է, որ այդ ցուցակը հիմա էլ ակտուալ է, եւ քանի որ դեռ արձակուրդը վայելող ֆակուլտետից հնարավոր չեղավ ճշտել նորությունները, կրկին ներկայացնենք, թե ովքեր են լծված չգրող լրագրողներ կռելու գործին: Այսպես` Լենդրուշ Ալոյան, Մուշեղ Հովսեփյան, Նունե Անանյան, Նանե Վարդանյան, Քրիստինե Երիցյան, Գրիգոր Գույումճյան, Լիանա Սայադյան, Ժաննա Մխիթարյան, Գագիկ Հովհաննիսյան եւ Դավիթ Պետրոսյան: Վերջինն առանձին ուշադրության է արժանի: Պարզվում է` գրականության մեջ ներխուժելու անհաջող մեկ-երկու փորձերից հետո լրատվության դաշտին այդպես էլ մոտ չեկած Դավիթ Պետրոսյանը որոշակի շրջանակներում համարվում է ժամանակակից հայ մամուլի պատմության եւ տեսության բացառիկ գիտակ: Ձախողված բանաստեղծն ու չկայացած լրագրողը պետք է որ առանձնակի դաժանությամբ զբաղվի իրենց տաղանդով, վաստակով, էներգիայով եւ քաղաքացիական խիզախությամբ գրականության կամ լրագրության ճանապարհին ընթացող մարդկանց «գնահատմամբ»: Դավիթ Պետրոսյանն արժանի է հատուկ անդրադարձի, քանի որ ոտքից  գլուխ նվիրվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը հեղինակազրկելու անփառունակ գործին: Մամուլի հետ նրա առնչությունն սկսվում եւ ավարտվում է մեկ տարի համալսարանի պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղար լինելով: Հրապարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու, որոնք անգամ իրեն են անարժեք թվացել, քանի որ ֆեյսբուքյան իր էջում ինքն իրեն ներկայացնելիս ընդհանրապես չի հիշատակել «բանաստեղծ» լինելու մասին: «Գրականագետ եմ, բանասեր, մամուլի պատմաբան, հետաքրքրվում եմ նաեւ արվեստով, հոգեբանությամբ, փիլիսոփայությամբ»` համեստորեն գրել է նա: Երեւի կգա ժամանակ, երբ նրա նմանները կդառնան ատենախոսությունների սուբյեկտ` «Ինչպես էին կաղերը վազել սովորեցնում» թեմայի շրջանակներում: Դիմորդներից մեկի մայրը պատմում էր, որ երբ որպես գործող լրագրողի անուն իր դուստրը նշել է Նիկոլ Փաշինյանին  հանձնաժողովը տեղում վատացել է՝ կոլեկտիվ խորհուրդ տալով հեռու մնալ քաղաքականությունից: Այնքան մանրախնդիր ու ստրկամիտ են, որ վախենում են նույնիսկ լսել այս ֆակուլտետ ոտք դրած, բայց այդպես էլ դիպլոմ չստացած ամենատաղանդավոր շրջանավարտի անունը: Զարմանալի չէ, որ «ո՞ւմ ես ուզում նմանվել լրագրության մեջ» հարցին Նազենիի կամ Նվեր Մնացականյանի անունները տվածներին խրախուսական բալեր են ավելացրել: Ծնողների խոսակցությունների համաձայն, բարձր բալեր ստացել են միայն նրանք, ովքեր պարապել են Նաղաշի կամ Դավիթի մոտ: Հավանաբար, հենց վերջինիս մոտ պարապած մի աղջնակ իմ հարցին, թե ում կերպարից ներշնչված է նա որոշել լրագրող դառնալ, անվարան պատասխանեց. «Դավիթ Պետրոսյանի: Ինքն ամենալավ ժուռնալիստն ա»: «Հատկապես ո՞ր հոդվածն է տպավորվել» հարցին աղջնակը շատ վստահ պատասխանեց. «Կարեւորը հոդվածները չեն, ինքը սովորացնում ա ոնց գրել»: Երեւի մոռացավ ավելացնել «չ» տառը` նրանք սովորեցնում են ինչպես դառնալ չգրող, բայց լրագրող: Որպես նախնական պատրաստվածություն` սովորեցնում են չնկատել-չճանաչել-ատել իրական լրագրողներին:



 



ՀԳ - Ափսոս են երեխեքը…



 



Սիրանույշ ԱԲԳԱՐՅԱՆ