Wall Street Journal. Հայաստանը կդառնա մաքսային դաշինքի չորրորդ անդամը

Wall Street Journal. Հայաստանը կդառնա մաքսային դաշինքի չորրորդ անդամը

«Հայաստանի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու շուրջ կայացված որոշման մասին: Այս երկու կառույցները վայելում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հզոր աջակցությունը»:
 
Այս մասին գրել է ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դառնալու է Ռոսաստանի, Բելառուսի և Ղազախստանի անդամակցությամբ կազմված մաքսային դաշինքի չորրորդ անդամը:
 
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նպատակադրումը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի նախագահ Սարգսյանը հայտնել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասնակցելու վերաբերյալ որոշման մասին», - գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը՝ վկայակոչելով  Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
 
«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2011 թվականին համաձայնության էին եկել մինչև 2015 թվականը ձևավորել Եվրասիական միությունը: Այս մտահղացման հեղինակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն ակնկալում է, որ Եվրասիական միությունը կդառնա հակակշիռ Եվրոպական Միությանը և կազմավորված կլինի նախկին Խորհրդային Միության երկրներից: Տաջիկիստանն ու Ղրղզստանը նախատեսում են միանալ, սակայն այլ պետություններ, օրինակ՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, հայտնել են Եվրասիական միությանը միանալուն շահագրգռված չլինելու մասին», - գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականը:



amerikayidzayn.com