Դպրոցը` իր ողջ սարսափով

Դպրոցը` իր ողջ սարսափով

Ուսումնական տարվա հետ կապված, այս օրերին «Ֆեյսբուքը» ողողված է դպրոցը քննադատող ստատուսներով: Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն անգամ ցավակցական ստատուս է գրել, լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան  իր պատին դրել է դպրոցի ամբողջ «սարսափը» ներկայացնող տեսահոլովակ ու գրել. «Ամեն տարի, սեպտեմբերի 1-ին, կրկին ու կրկին վերհիշում եմ, թե որքան եմ ժամանակին ատել դպրոցը ու նույնքան սիրել այս երգը... Ու չեմ դադարում հիանալ ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերության ծրագրերով: Հավատացեք, այսպիսի տաղանդավոր ալիք երեւի աշխարհում չկա կամ գուցե միայն եվրոպական ԱՐՏԵն է... Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Կուլտուրան» ծրագիր է հեռարձակում այն մասին, թե ինչպես է դպրոցը սպանում երեխային... Պատկերացնում եք՝ այսօր հեռուստատեսությամբ ծրագիր պատրաստեի, թե որքան վատն է հայաստանյան դպրոցը... Պարոն Աշոտյանի նվիրյալ կողմնակիցները, ախր, հում-հում կուտեին...»:



Իսկ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրել է. «Ուղիղ 20 տարի առաջ, հետաքրքիր զուգադիպությամբ, հենց սեպտեմբերի 2-ին գնացի դպրոց: 1983 թիվն էր, ու լրիվ այլ աշխարհ էր: Կեղծ պաթետիկ բաներ չեմ ասի այդ առիթով: Երեւանյան այն դպրոցը, որ սկսեցի այցելել, համարվում էր կարգապահ, լավ, միջին պրեստիժության դպրոց (Կոմիտասի վրա, 132 դպրոցը): Այդտեղ սովորեցի 1-3 եւ 8-րդ դասարաններում: Առանց այլեւայլությունների ասեմ, որ ոչինչ չեմ ստացել էդ դպրոցից, բացի նրանից, որ ցայսօր զզվում եմ կոնցլագերային կեղծ կարգապահությունից: Ուսման առումով նույնպես ոչինչ չեմ ստացել, չնայած առաջին երեք տարին սովորել եմ 4-ով եւ 5-ով: Եթե ինչ-որ գիտելիքներ ունեմ, հաստատ շնորհիվ դպրոցի չի, այլ ինքնուսուցման եւ ընթերցանության (մինչեւ հիմա ինքնուսույցից բացի, այլ բանի չեմ հավատում, նույնիսկ արտասահմանում սովորելուն): Իսկ դպրոցից ստացած կյանքի դրական փորձի առումով միշտ շնորհակալ կլինեմ ոչ թե երեւանյան օրինակելի մեր կոնցլագերից, այլ թիֆլիսյան մեր ծայրամասային բարդակ դպրոցից, ուր սովորել եմ 4-7 ու 9-10-րդ դասարաններում, եւ ուր տիրում էր անարխիայի ուրախ ոգին, ուր ծխում էինք դասի ժամանակ, էլ չասած այլ բաների մասին: Լրիվ լուրջ եմ ասում, ու եթե մի օր ժամանակ ունենամ, պատրաստ եմ հիմնավորել, որ սովետական չափանիշներով լավ, կարգապահ, պրեստիժ համարվող դպրոցներն ավելի շատ երեխա փչացրել են, քան դաստիարակել ու գիտելիք տվել: Մինչեւ հիմա էլ զզվում եմ, երբ հիշում եմ երեւանյան դպրոցի հոտն ու մթնոլորտը, ու ահավոր կարոտում եմ, երբ հիշում եմ թիֆլիսյան դպրոցի միջանցքները»: