Արթուրո Պերես-Ռևերտե. Հին գրքերը

Արթուրո Պերես-Ռևերտե. Հին գրքերը

Հին գրքերը ես ավելի շատ եմ սիրում, քան նորերը. նրանք պահպանում են ժամանակի կնիքը: Յուրաքանչյուր գիրք իր պատմությունն ունի՝ իրական կամ հորինված, գիրքը հիշում է ձեռքերը, որ հպվել, եւ աչքերը, որ կարդացել են իրեն: Պատանի էի դեռ, երբ ուսապարկով որսորդի նման թափառում էի հին գրքերի խանութներում: Հիշում եմ ինձ համակած բերկրանքը, երբ հաջողացրի դանդաղաշարժ մրցակցիս աչքի առաջից տանել Հայնեի «Ճանապարհային նկարները»՝  «Ունիվերսալ դե Կալպե» շարքի համեստ կազմով մի հրատարակություն: Հիշում եմ հուսահատ այն պայքարը, որ մղում էի ընտանիքիս անդամների հետ տատիս միակ ժառանգությանը՝ Հալդոսի երկերի ժողովածուի առաջին քրքրված հրատարակությանը տեր դառնալու համար:



Միշտ մտածել եմ, որ աշխարհում անպետք գիրք չկա: Ամենաբարետես, ամենահիմար գրքերն անգամ, որոնք չեն կարող հարստացնել ո՛չ իրենց ընթերցողի միտքը, ո՛չ սիրտը, անշուշտ, փոքրիկ մի գաղտնիք են պարունակում՝ հնարավոր է ընդամենը մի տող, որ ինչ-որ մեկին կարող է պետք գալ: Իրականում գրքերը երբեք չեն սխալվում, մարդիկ են սխալվում գրքերի ընտրության մեջ:



Գիրքն ինքն իրենով ազնիվ է արդեն: Հին գրքերը ծնվել են փոքրիկ տպարաններում, նրանց կարել են ձեռքով, գույները խնամքով խառնել են, թուղթն ընտրել են սիրով: Հին գրքերը հրատարակիչների, տպարանատերերի եւ գրավաճառների հպարտությունն էին: Մանուկների նման են նրանք լույս աշխարհ եկել եւ մարդկանց նման դրամա, արհավիրք ու պատերազմ տեսել: Ժամանակի հետ` տպագրական մի մեքենայից դուրս եկած գրքերը հեռանում էին միմյանցից. մարդկանց պես նրանց առանձին ճակատագրեր էին սպասվում:  Յուրաքանչյուր վերելք եւ անկում է տեսել, տխրություն եւ մենություն: Նրանք հայտնվել են հարուստ գրադարաններում եւ հնավաճառների խղճուկ կրպակներում, քնքուշ ձեռքերում եւ մարդկանց ու գրքերի հանդեպ անխիղճ չարագործների ճիրաններում: Նրանք ունեն իրենց անվերջ ընթերցանությունից տանջված ու հալումաշ հերոսներն ու ճգնավորները, որոնք իսկական զինվորների նման պայքարել են մինչեւ վերջին էջը: Եղել են այնպիսի հին գրքեր, որոնք զոհվել են անհեթեթ ու անփառունակ կերպով՝ ջրասույզ են եղել, հրկիզվել, պատառոտվել, ծաղկուն տարիքում սպանվել են: Նրանցից հետո ոչինչ չի մնում: Բացարձակ մոռացում միայն:



Բայց կան նաեւ այնպիսիները, որոնց հաջողվել է լավ ձեռքերում հայտնվել: Նրանք վերընթերցվել եւ խնամվել են, նրանք կյանք են տվել նոր գրքերի՝ իրենց հաջորդող սերունդներին: Այդ հինավուրց կամ պարզապես հին, հազվագյուտ, անսովոր, գռեհիկ, հիասքանչ, ձանձրալի, գեղեցիկ ու տձեւ, թանկարժեք եւ անարժեք գրքերն առայսօր ճամփորդում են աշխարհով մեկ՝ գլխապտույտ երթեր կատարում եւ նոր գաղափարների, պատմությունների, փաստերի ու երազանքների ծնունդ են տալիս: Իրենց ժամանակին նրանք խույս են տվել կրակից ու ջրից, խարդախների եւ չարագործների ձեռքից են պրծել, մարդկային մոլեռանդության, տգիտության եւ դաժանության զոհ չեն դարձել: Այդ գրքերին անթիվ վտանգներ են բաժին հասել, բայց նրանք ապրել են մինչեւ մեր օրեր: Կարեւոր չէ, թե իրենց փրկության համար ինչի են պարտական՝ ընկերական մտահոգության, գործամոլի ագահության, թե պատահականությանը պարզապես: Այժմ նրանք պատրաստ են իրենց էջերը բացել յուրաքանչյուրի առջեւ, ով կհրապուրվի իրենցով:



Մի հապաղեք: Անցեք բուկինիստական գրախանութներ կամ հանդիպեք հնավաճառներին, եթե կարող եք թույլ տալ ձեզ: Իսկական գանձերը հանդիպում են ինչպես հնոտիավաճառանոցներում, այնպես եւ լավագույն միջազգային կատալոգներում. գրքի իրական արժեքը բովանդակությամբ է որոշվում: Պետք չէ դժգոհել, թե հնատիպ գրքերը թանկ արժեն, գարեջուրն էլ է թանկ, ամերիկյան ապուշ ֆիլմերի տոմսերն էլ են թանկ, թանկ է նաեւ բենզինը: Պետք չէ մոռանալ նաեւ գրադարանների մասին: Որտեղ էլ որ կայանա ձեր հանդիպումը հին գրքի հետ, նրան վերաբերվեք ուշադրությամբ ու հարգանքով, ինչպես ազնիվ եւ արժանավոր վետերանի: Դուք հաջողակ եք. այդ գրքի ընկերներից քանի քանիսն են անհետացել առհավետ: Եվ որքան էլ ցավալի է, հին գրքերի շարքերը մեր հանցավոր անփութության պատճառով են նոսրանում: Հաղորդակցվել մնացածների հետ մեծ պատիվ է: Ո՞վ գիտե, հնարավոր է` եթե սովորեք նրանց լեզուն եւ արժանի դառնաք նրանց, մի երեկո, փափուկ բազմոցին նստած, առանձնասենյակի լռության մեջ կամ ցանկացած հարմար տեղում, նրանք ցածրաձայն պատմեն ձեզ իրենց հին, գրավիչ եւ գեղեցիկ պատմությունները:



 



Թարգմանությունը` Հրաչյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ