Մենք քսաներկու տարեկան ենք, այց մարդ չենք

Մենք քսաներկու տարեկան ենք, այց մարդ չենք

«Ֆեյսբուքում» ամենաակտիվ քննարկվող թեման շարունակում է մնալ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցը: Վիգեն Ավետիս. «Մենք մի երրորդ իրավիճակում ենք հիմա գտնվում, ոչ ռուսական եւ ոչ էլ եվրոպաամերիկյան: Այսօր մենք ոչինչ չունենք պաշտպանելու, քանի որ ոչինչ չենք ստեղծել: Մեզ համար հիմա նույնիսկ միեւնույն է դարձել` Եվրոպա, թե Եվրասիա: Համոզված եմ, որ շատերն այդ անունների տարբերությունն էլ առանձնապես չեն հասկանում, դե, էնտեղ էլ «Եվրոպա» բառ կա, ստեղ էլ կա, միայն Ասիան է ավելացել, մի մասն էլ ասում է` մենք Ասիա ենք, ասիական երաժշտություն ենք լսում, եւ սա այդքան վախենալու չի թվում: Իրականում վախենալուն այն է, որ մենք քսաներկու տարեկան ենք, բայց մարդ չենք: Սա դեռ կենդանական բնազդներով շարժվող պետություն է, մենք դեռ հացի խնդիր ենք լուծում, այնինչ պետք է ազգային արժեհամակարգ ստեղծեինք, որի հետ այդ երկու ուժերն էլ պետք է հաշվի նստեին: Մենք չենք ստեղծել մեր դիրքը, ստացվում է, որ մենք ոչնչություն ենք, որին պետք է որդեգրի այդ երկու համակարգերից մեկը: Մեզ մոտ չկային կրոնական կամ ազգային խնդիրներ, եւ մեր իրավիճակն ավելի բարենպաստ էր շատ այլ երկրների համեմատությամբ, ու այդ իրավիճակում մենք իրավունք չունեինք քսաներկու տարի կորցնել»: Աշխեն Քեշիշյան. «Երբ կորցնենք պետականությունը, մարդիկ կսկսեն հայրենասիրական զեղումների մեջ ընկնել, կսկսեն անգամ հայրենասիրական երգեր լսել. «Զարթնիր, լաո, մեռնիմ քըզի» եւ այլն, կսկսեն մտածել, հետո կգա մի սերունդ` մի 70 տարի հետո, ինչ-որ մեկըը ազգային ու հեղափոխական հովերով տարված, վեր կկենա ու կկանգնի Ազատության հրապարակում, ինչ-որ մի լոզունգ կընտրի, ու կլինի հեղափոխություն, իսկ այդ ժամանակվա պետականության գլխին կանգնած իշխանավորները կլինեն ավելի ազնիվ, կլինեն ավելի լավը ու վաստակած արժեքները քամուն չեն տա ...երեւի... երեւի...»: