ՈՒլտրա... ընտրա ձայներ...

ՈՒլտրա... ընտրա ձայներ...

Ալլո՞... կներեք, ուղեղի հե՞տ եմ խոսում, կենտրոնակա՞ն... Բարեւ ձեզ, բարեւ ձեզ, թարմ միտք եմ, նոր... Ում զանգե՞մ, ուղեղների լվացման կե՞տ... բայց ասացի, չէ՞, նոր եմ, թարմ, ինչպես ասում են` մաքուր, յուղը վրաս... Ալեքսանյանի՞... Չէ, ինչո՞ւ, իմ սեփական... Ուր զանգե՞մ, լրատվության վարչությո՞ւն, բողոքների բաժի՞ն... Բայց ես բողոք չունեմ... հլա որ... առաջարկություն ունեմ... ձեզ մոտ աշխատելու... կադրերի բաժի՞ն... ձեռքի հեռախոսը չե՞ք տա... ի՞նչ, ձեզ մոտ միայն խելքի՞ է... է, խելքի տվեք... Ալլո՞... Խելք ջան, դո՞ւ ես... կադրերի բաժի՞նը... Էլի բարեւ ձեզ... ուզում եմ ընդունվել... տարի՞քս, անձնագի՞ր, կենսագրությո՞ւն... Բայց ես նոր եմ, մի երկու օրվա ծնունդ, ի՞նչ տարիք, անձնագիր, կենսագրություն... մտածում էի` կընդունվեմ, ձեզ մոտ կգրվի... Չէ, ծննդյան վկայական էլ չունեմ, բնակտարա՞ծք, էդ էլ... սեփականություն էլ չունեմ, որբ ու անտեր միտք եմ, ինչո՞ւ եք տանջում... չէ, բանակ էլ չեմ ծառայել, ասացի, չէ՞, ես ընդամենը միտք եմ, միտքը բանակի ինչի՞ն է պետք... չէ, չեմ հրաժարվում... ոչ էլ փախչում, բայց որ գնամ, չեն ասի՞. էս եկել ես, որ ի՞նչ անես... համ էլ, մեկ է, առաջխաղացում չեմ ունենա` գնդապետ-գեներալ... Էնտեղ ուրիշ մտքեր են... զինվոր էլ... մեղք չե՞մ, երկու տարով բռնելու են անջատեն... Ըմբո՞ստ... չէ-հա, ցավդ տանեմ, պարզապես էդպես եմ կարծում: Վերաբերմունքս իշխող կուսակցության նկատմա՞մբ... իհարկե, ընդունում եմ, իրենք չեն ընդունում, ըսկի մոտիկ էլ չեն թողնում... Ղեկավարի՞ն, հա, հանդիպել ենք մի երկու անգամ... Սամի՞թ... չէ-հա, ի՞նչ Սամիթ... կազինոյում... ինձ ղրկեց տուն, ինքը սկսեց խաղալ... էլ չեմ տեսել, ասում են` երեսս չէր ուզում տեսնել, երեւի նեղացել էր... օլիգա՞րխ, էլիտա՞... Տո խի՞ չեմ տեսել, սկզբում սիրով տանում են հազար ու մի հանդիպման, մեծ-մեծ ծրագրեր, ճառեր, երդում-պատառտանք, հետո ռեստորան, սաունա... ուտուշ-խմուշ, կռիվ-ղալմաղալ, քյուֆուր-քյաֆար, կրակոց, բռնաբարություն... հետն էլ` «Տո Քլինթոնի... տո Օբամայի... իրա մամայի...»... Ի՞նձ, չէ, ոնց որ ձեռք չէին տալիս, բայց, մեկ է՝ հաջորդ օրը ոնց որ ես էլ բռնաբարված, ճմրթված տուալետի թուղթ...



Ընդդիմությո՞ւն... հա, բա ո՜նց, ցավդ տանեմ, մեռնեմ իրենց աչքերին, հնարավոր է` իրենք էլ ինձ են տեսել... միտինգի էլ են տարել, նստացույցի էլ... հաց էլ չենք կերել ամիսներով, բայց ասեմ. սոված միտքն ահավոր բան է... հա, միշտ էլ հրավիրել են, հետո էլ ոստիկան են հրավիրել, տարել վանք, վրաս Նարեկ ու «Հայր մեր» կարդացել, վայ, էդ ո՜նց էի հանգստանում, քնում... մինչեւ հիմա էլ ոնց որ բժժած... Էդ ընդդիմության քայլերգն էլ էր դուրս շատ գալիս` «Վույ աման, վույ աման, վույ աման, թագավոր ընտրելուց լավ բան...»...



Բայց ընչի՞ ես էսքան շատ հարցեր տալիս որ, ցավդ տանեմ... Սխալ եմ ընկե՞լ... յա՜, բա դու ո՞վ ես որ... ներքին ձա՞յնը... Ի՞նչ... խելքս գլուխս հավաքե՞մ... Լեզուս շատ շաղ չտա՞մ... Էս երկու օրը հնարավոր է կանչե՞ն, գործ առաջարկե՞ն... վահ... բա որ ըտենց ա` ես քո ցավը տանեմ... տո էս ի՞նչ ես ասում... բա իհարկե` վերջ... Բա իհարկե` ոչ մի ձայն, ոչ մի միտք... հրեն, հենց նոր թաղեցի... բոլոր մտքերին... եղբայրական գերեզման... հրեն թարմ շիրմաթումբը... անմոռուկն էլ վրան...



Իհարկե, ամեն ինչ լավ է, ուղղակի ծաղկում ենք, ապահով... ապահով եղիր, «ներքին» ջան... արտագա՞ղթ... ի՞նչ արտագաղթ, քո՞ռ են, չե՞ն տեսնում` միգրացիա դեպի ապահով... կներեք` ԱՊըՀը երկրներ, տնտեսական զարգացվածությամբ աշխարհում հինգերորդն ենք (մեր ձեռը չի՞), գեղից եկած զարգացվածներով` երրորդը... հա, էն Քլինթոնի էլ` մերը, Օբամայի մամայի էլ...



 Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ