Ի վերին Ռուսիա

Ի վերին Ռուսիա

Կարինե Աշուղյանը գրում է. «Արեւմուտք-Արեւելք, Եվրոպա-Ասիա երկընտրանքը, որ սուր արտացոլվեց Մաքսային միությանն անդամակցելու մեր «պատրաստակամության» մասին հայտարարությունից հետո, իրականում քաղաքակրթական երկընտրանք է: Եվ որքան հին, նույնքան էլ` արդիական: Մեր ներկա ողբերգությունները եւ անկումները դարձյալ այդ երկընտրանքն են արտացոլում: Ոչ միայն երկընտրանքը, այլեւ վաղուց ի վեր գոյություն ունեցող երկատվածությունը, երկճեղքվածությունը: Մենք միշտ հաջողել ենք, երբ հաղթել է մեր ներսի արեւմտյան հայացքը, եվրոպակենտրոն դիրքորոշումը: Մշակույթի մեջ, քաղաքականության` ամենուր: Եվ պարտվել ենք անգամ ինքներս մեզ, երբ հաղթել է մեր ներսի ասիացին` խանի, սուլթանի, փադիշահի, էմիրի հիշողությամբ իշխանիկներն ու նրանց «համբալների» հիշողությամբ ստրուկները: Տեսեք` ոնց են նրանք վխտում Հայաստանում` այն, ինչ կարելի է կոչել նաեւ «ռաբիս». քաղաքական բարձր հարթակներում, եթերում, արվեստի աշխարհում: Այդ նրանք են, որ մի կողմից կեղծում են ընտրությունները, մյուս կողմից թույլ տալիս, որ իրենց վերաբերվեն որպես «համբալների»:



Եվրոպան, իհարկե, դրախտ չէ: Բայց Ռուսաստան տանող ճանապարհը ստուգապես մեր ամենավհատ ու ամենավերջին ճանապարհն է «ի վերին Ռուսիա»:



Բան չի փոխվել, ընդամենը փոքրիկ շտկում հայտնի կարգախոսի մեջ` «Առաջ դեպի ետ, Հայաստան»: Կից բացատրությամբ` «դեպի ետ»-ը Ղարաբաղը փրկելու համար է: Մինչդեռ այդպես մենք միայն ժամանակ ենք ձգում եւ Արցախի խնդիրը թողնում կախված Ռուսաստանի քաղաքական տրամադրությունից, ինչպես եղել է խնդիրն իր ծագման պահից ի վեր: Պատերազմի վտանգ լինելու է հենց նույն Ռուսաստանի ձեռամբ: Միշտ է լինելու, քանի դեռ մենք նրանց ընկալելու ենք որպես մեծ եղբայր: Իսկ առաջ գնալով, մենք շանս պիտի ունենայինք` զարգանալու, կայացնելու, բարձրացնելու մեր պետականությունը եւ հենց այդ հիմքով տեր կանգնելու մեր ազգային բոլոր խնդիրներին` Արցախը պահելուն եւ Հայ դատը հետապնդելուն: Այո, Մաքսայինի հետ կլինի մի ապահով տարածք, որտեղ կտեղակայվեն ռուսական սահմանապահ զորքերը, եւ կմնա նրանց սպասարկող ազգաբնակչություն, որին այլեւս չի հետաքրքրի ոչ Արցախի, ոչ էլ հայկական խնդիրներից որեւէ մեկը»: