Ախթալայի ԼՀԿ-ն սկսել է նորից աշխատել, բայց դժգոհությունները շարունակվում են

Ախթալայի ԼՀԿ-ն սկսել է նորից աշխատել, բայց  դժգոհությունները շարունակվում են

Օրերս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքները դադարեցվել էին: Պատճառն այն էր, որ բաց հանքում հորատման աշխատանքներով զբաղվող «Ապառաժ» ՍՊԸ-ին կոմբինատը ֆինանսական պարտքեր ուներ: Աշխատանքները դադարեցվել էին հենց բաց հանքում, ինչի հետեւանքով «Ախթալա» ԼՀԿ-ն չի աշխատել 4-5 օր:



«Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հաստատեց այս լուրը` հավելելով, որ այժմ էլ, երբ նորից վերսկսված են կոմբինատի աշխատանքները, ԼՀԿ-ն չի աշխատում հին թափով: «Աշխատում է հիմա, բայց ոչ էն թափով, պարտքեր ուներ, հիմա աշխատում է, բայց թե առաջվա պես չէ»,-նշեց նա:



Ի դեպ, լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները վաղուց արդեն դժգոհում են  կոմբինատի ստեղծած աշխատանքային պայմաններից ու ցածր աշխատավարձերից: Իսկ քաղաքապետը նշում է, որ դեռ 2011 թվականից է բարձրացել աշխատակիցների բողոքի ալիքը, բայց երբ այն ժամանակ նրանք հանքի տնօրինությանը մի շարք կետերից կազմված պահանջներ ներկայացրին, ու վերջիններս էլ խոստացան ի կատար ածել դրանք, 2 տարի անց դեռ ոչ մի պահանջ ամբողջությամբ իրականություն չի դարձել: Բավական է միայն նշել այն, որ կոմբինատի աշխատակիցներն անգամ համազգեստ չունեն: «Շատ անկանոն են իրանք աշխատում, հիմա ուր որ է հանքի Ճոճկան պոչամբարը կսպառվի, իսկ իրենք նույնիսկ ուսումնասիրություն չեն անում նոր տարածքի համար, չունեն ծրագիր, թե ինչ պոչամբարով են թափոնները հանելու, նույնիսկ մշտական նորմալ տնօրեն չկա, անընդհատ փոխվում են»,-ասաց Հայկազ Խաչիկյանը:



Ի դեպ, կոմբինատի տնօրինությունը դեռեւս հունվար ամսից նորմալ չի վճարում նաեւ աշխատակիցների աշխատավարձերը: Համաձայն քաղաքապետի, դրանք շարունակ ուշացվում են, իսկ տալուց էլ տրվում են «կիսատ-պռատ»:



Հայկազ Խաչիկյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են իր եւ ԼՀԿ տնօրինության հետ սպասվող բանակցությունները՝ «Ախթալա» ԼՀԿ-ի` քաղաքի անթույլատրելի մասերում կառուցած պոչամբարներն այնտեղից հանելու հետ կապված: Քաղաքապետը նշեց, որ տնօրինության հետ կապ հաստատել այդպես էլ չի հաջողվում, քանի որ գլխավոր տնօրենը՝ Մադլեն Թաշչյանը, ով մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է, ապրում է Երեւանում ու գրեթե չի գալիս Ախթալա, փոխարենը՝ շարունակ նոր տնօրենի տեղակալներ է նշանակում, որոնք փոփոխվում են գրեթե ամեն ամիս. «Հիմա էլի մի նոր տնօրեն են փոխում, մենք տեղյակ ենք պահել Լոռու մարզպետին ստեղծված իրավիճակի մասին, խոստացել են լուծում տալ հարցին»:



Հայկազ Խաչիկյանը նաեւ հավելեց, որ հանքը թեեւ աշխատակիցների շրջանում կրճատումներ գրեթե չի արել, սակայն իրենց ստեղծած պայմանների պատճառով Ախթալա քաղաքից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են Ռուսաստան ու այլ տեղեր. «Օրինակի համար միայն նշեմ, որ մեր մոտ 2 դպրոց կա, մենակ էս տարի մենակ մի դպրոցից 12 աշակերտ է դուրս եկել, նշանակում է՝ 12 ընտանիք արտագաղթել է: ԼՀԿ-ի պատճառած վնասը մեծ է, բացի էկոլոգիական վնասից, առաջին հերթին ժողովրդի մոտ հոգեկան շեղումների պատճառ է էս հանքը դարձել՝ կապված Սերոբի արածների հետ, աշխատողների հանդեպ վերաբերմունքն էլ է վատացել, իմ ուզածը կոմբինատի փակվելը չէ, այլ աշխատանքային պայմանների ու մթնոլորտի էկոլոգիական վիճակի բարելավումը»,-եզրափակեց քաղաքապետը:



Հավելենք նաեւ, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքներից ու արտանետված թունավոր թափոններից վերջին ամիսներին բողոքում են ոչ միայն Ախթալա քաղաքի, այլեւ հարակից Ճոճկան եւ Մեծ Այրում գյուղերի բնակիչները:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ