«Ս. Ներսես Շնորհալի» շքանշան` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդին

«Ս. Ներսես Շնորհալի» շքանշան` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդին

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացումը: Բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ շքանշանի հանձնման մասնավոր արարողություն: Հայրապետական Սրբատառ կոնդակով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանին` քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով: «Սիրելի Սրբազան, շուրջ հինգ տասնամյակ, որպես հոգևոր սպասավոր Քրիստոսասեր մեր ժողովրդի, Ձեր կարողություններն ի սպաս եք դնում հանուն մեր Սուրբ Եկեղեցու Աստվածաշնորհ առաքելութեան արդյունավորման: Այսօր ուրախ ենք արձանագրելու, որ նախնյաց սուրբ հավատքն ու ավետարանական ճշմարտությունները քարոզելու աստվածահաճո գործին ծառայել եք հավատարմորեն, ջերմեռանդությամբ և ամենայն նվիրվածությամբ: 

Գնահատարժան է հոգևոր ծառայության Ձեր ուղին: Ավարտելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Վարժարանի ուսումնառության շրջանը և քահանայական ձեռնադրություն ստանալով Ամենապատիվ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան Պատրիարքի կողմից, ծառայության անցաք Ժառանգավորաց Վարժարանում որպես փոխտեսուչ` անձնվեր ջանքեր բերելով հօգուտ հոգևորականաց երիտասարդ սերունդի պատրաստության պատասխանատու գործի: Ապա 1966 թվականից սկսյալ շուրջ մեկ և կես տասնամյակ սպասավորություն իրականացնելով Կորդոբայում` անխոնջ քարոզչությամբ ու անձնդիր ծառայությամբ զորացյալ պահեցիք մեր ժողովրդի զավակաց հավատը, եկեղեցասեր ու ազգասեր ոգին` առաջնորդելով առ Բարձրյալն Աստված: Դուք երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ արժանացաք Եպիսկոպոսական ձեռնադրության և Սուրբ Օծման` արդեն իսկ կարգված լինելով իբրև առաջնորդ Բրազիլիայի Հայոց Թեմի, որտեղ Ձեր քաջալերանքով ու նախաձեռնությամբ իրագործվեցին բազում եկեղեցաշեն ու ազգանվեր ծրագրեր` կենդանի ու զորավոր պահելով հայորդյաց ազգային և եկեղեցական կյանքը, որի ականատեսն ենք եղել նաև մենք` հընթացս Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական Մեր այցելությունների», – ասված է Հայրապետական կոնդակում: Շնորհավորելով Տաթև Սրբազանին քահանայագործության հոբելյանի առիթով` Նորին Սրբությունը նրա կուրծքը զարդարեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով և մաղթեց քաջառողջ ու արևշատ կենաց օրեր` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո շարունակելու իր առաքելությունը` նորանոր եկեղեցաշեն ու ազգօգուտ հաջողություններ արձանագրելով ծառայության մեջ: Իր հերթին Տաթև արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին բարձր գնահատանքի համար և իր հավատարմությունն ու սերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ: Պարգևաբաշխման արարողությունն ավարտվեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողությամբ: