Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրականացվում

Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրականացվում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերին:


Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Էջմիածին քաղաքում գտնվող «Հայջրմուղկոյուղի» ընկերության ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն, որտեղ կատարվում է համակարգի աշխատակիցների վերապատրաստում` հաշվի առնելով իրականացվող ծրագրերի պահանջներն ու առանձնահատկությունները:

Փոխվարչապետին տեղեկություններ ներկայացվեց նաեւ Էջմիածին քաղաքի եւ հարակից 4 գյուղերի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ենթածրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ`Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ 2,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ենթածրագիրը կմեկնարկի հոկտեմբերի կեսերին: Պատասխանատուների տեղեկացմամբ`շահառու գյուղական համայնքներում կվերանորոգվի շուրջ 2,3 կմ արտաքին ջրատար, իսկ Էջմիածին քաղաքում` բաշխիչ ցանցի 56 կմ ջրագիծ եւ տնային մուտքագիծ, ինչպես նաեւ ավելի քան 2700 անհատական տների համար կկառուցվեն ջրաչափական հորեր: Կբարելավվի նաեւ քաղաքի Զվարթնոց թաղամասի ջրամատակարարման համակարգը. այստեղ կվերականգնվի բաշխիչ ցանցի 10 կմ ջրագիծ:

Արմավիրի մարզից փոխվարչապետը մեկնեց Արագածոտն` ճանապարհին կանգ առնելով Շահումյան համայնքում, որտեղ Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում կատարվում են ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ: Համայնքում նախատեսվում է վերանորոգել 9,1 կմ ջրագիծ, որից արդեն 4,5 կմ-ի աշխատանքները կատարված են: 

Աշտարակ քաղաքում Ա. Գեւորգյանն այցելեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության օպերատիվ կենտրոն, ծանոթացավ ավտոմատացման եւ արդիականացման աշխատանքներին: Կենտրոնում տեղադրված ավտոմատ համակարգերի միջոցով հնարավոր է հետեւել ջրաբաշխման ողջ գործընթացին: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ արդիականացման աշխատանքները շարունակվելու են: Փոխվարչապետը կարեւորեց նման համակարգերի ներդրումը ջրամատակարարման արդյունավետության բարձրացման տեսակետից, ինչը թույլ է տալիս վերահսկել ջրամբարներից վերցվող ու պոմպակայանների միջոցով մատակարարվող ջրաքանակը:

Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 14 գյուղական համայնքներում ընթացիկ ամռանը մեկնարկած ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքների ընթացքը: Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է 175 կմ ներքին ցանցի նորոգում, ավելի քան 5600 անհատական տների ջրաչափական հորերի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների վերականգնում: Ծրագրի արժեքը 4,5 մլն դոլար է, աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի ամռանը: 

Ա. Գեւորգյանը կարեւորեց ծրագրի նշանակությունը շահառու համայնքների համար` հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքում էապես կբարելավվի սպասարկման որակը, կավելացվի ջրամատակարարման ընդհանուր տեւողությունը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին