«Տեսնես էն Ստրասբուրգում ի՞նչ եղավ...»

«Տեսնես էն Ստրասբուրգում ի՞նչ եղավ...»

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Տեսնես էն Ստրասբուրգում ի՞նչ եղավ...



Տեսնես հացադուլ պիտի անեն, թե չէ... Մեկն ինձ ասում էր, թե էդ եվրոպաներում գտնվողներն ինչու՞ Հայաստանում չէին հացադուլ անում, որ գնացել են Ստրասբուրգում են անում... Ախր, էս անհասկացողին ի՞նչ բացատրես, որ Հայաստանում բնակչության 60 տոկոսը հացադուլի մեջ է տարին բոլոր, 10 տոկոսն էլ՝ամիսը մի քանի անգամ... Դե, չեն հասկանում, էլի...



Բայց, թող ինձ ներվի, մի քիչ էդ եվրոպականացված հայրենապաշտությունն ու ընդդիմությունը չեմ հասկանում... Չեմ հասկանում, թե ինչու՞ էին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ֆորումի անդամները հենց Եվրոպայում հավաքվում ու հայկական խնդիրներ շոշափում, քննարկում՝ ամեն ինչ պահելով փակ դռների հետևում... Չեմ հասկանում նաև, թե էն նուռ Արամը, որ կարգին էլ մեծահարուստ է ու իշխանությունների հետ գործընկեր, ինչու՞ էր գնացել Բրաստիսլավա բնապահպան Կարինե Դանիելյանի հետ ու էնտեղ, մի գրանտի սահմաններում էր, հայրենափրկության կոչեր արձակում... Երևի գրանտի «պարտիտուրը» կամ լիբրետոն այդպիսին էր...



Արդեն ասել եմ, որ չեմ հասկանում, թե մեր միլիոնատերերն ինչու՞ են Ռուսաստանը ծաղկեցնում, էնտեղ փառասիրության ու Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցող տաճար կառուցում, երբ Հայաստանն ու Ղարաբաղը տնքում են հոգսերի ծանր բեռների տակ...



Հրեաները աշխարհներում փողեր են աշխատում ու Իսրայելը շենացնում, մերոնք Հայաստանի հագից վերջին շորն էլ են հանում ու տանում արտասահմաններ... Նաև ընդդիմադիր կեցվածքն են արտահանում, ստրասբուրգներում ընդդիմադիր թատրոն խաղում... Հեռվից Հայաստանը սիրել, Հայաստանի համար մտահոգվել, կներեք, Պարոնյանի լեզվով ասած, փեզեվենկություն է, սուտի-մուտի մի բան, դիմակահանդես...



Եկեք Հայաստան, ուս-ուսի տանք, իրար հետ պայքարենք, իրար հետ հասնենք մեր արդարությանն ու Հայաստանի փրկությանը: Եթե շատ լինենք, հզոր լինենք՝ իշխանությունները կդողան էս ուժի դիմաց ու կհասկանան, որ finite la comedia, որ իրենց սարքած ապազգային ու ցինիկ թատրոնի վարագույրը փակելու ժամանակն է...



Թե չէ՝ Ստրասբուրգ, հացադուլ, նստացույց...



Ինձ ի՞նչ, թե Բաղդադում խուրմա կա...»: