«Հետքը» կփակվի՞

«Հետքը» կփակվի՞

«Հետքի»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում հետեւյալ գրառումն էր արել. «Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է՝ մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիադաշտում մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եվ դրանցից մեկով էլ կներկայացնենք, թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում եւ այժմ ինչ է անում Բաղրամյան 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք, վարչապետի գիծը, որը՝ ոստիկանապետի գիծը.... որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպես մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եվ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»: