Զարուհի Փոստանջյանը «լեզու հանեց»

Զարուհի Փոստանջյանը «լեզու հանեց»

Եթե հիշում եք՝ մի քանի տարի առաջ Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ «Հայլուրի» տեսախցիկը ֆիքսել էր Զարուհի Փոստանջյանի լեզու հանելու պահը: Որպես բողոքի նշան կողմնակալ լրատվության դեմ, Զարուհին լեզու էր հանել տեսախցիկի առաջ՝ թերեւս չպատկերացնելով, որ այդ կադրերը եթեր կգնան: Արդյունքում իսկական սկանդալ եղավ՝ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ այդ փաստին, ասելով, որ ինքը չի խրախուսում նման պահվածքը: Երեկ Ստրասբուրգում տկն Փոստանջյանի արարքը նույն շարքից էր: Ըստ էության, այս անգամ նա «լեզու հանեց» Սերժ Սարգսյանին՝ ողջ հայ ազգին եւ հատկապես իր կուսակիցներին դնելով անհարմար վիճակի մեջ:



Անմիջապես հետեւեցին Անահիտ Բախշյանի, Դավիթ Սանասարյանի մեկնաբանությունները, թե՝ մենք նման հարց չէինք տա: Հիշեցնենք, որ նա Սերժ Սարգսյանին հարցրել էր. «Դուք հայտնվել եք ՀՀ նախագահի պաշտոնում ընտրողների քվեների գողության հետեւանքով, այդ իսկ պատճառով Դուք այստեղ դե-յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքը եւ իրավունքը: Դրա համար ես Ձեզ կտամ այլ հարց, Դուք եղել եք Եւրոպայում վերջերս կազինոյում, քանի որ Դուք նաեւ հայտնի եք որպես խաղամոլ, եւ այնտեղ կորցրել եք 70 միլիոն եւրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարը»:




Այս հարցը բնականաբար ամենից շատ զայրացրել է երդվյալ Հանրապետականներին, ովքեր ֆեյսբուքում, Ազգային ժողովում անմիջապես ձեռնամուխ եղան իրենց նախագահի պաշտպանությանը: Որքան էլ ՀՀԿ-ականների կամ «լեզու հանողների» շարքին չդասվելու համար արժեր լռել, սակայն որպես ՀՀ քաղաքացի մի քանի դիտարկում ամեն դեպքում կուզեինք անել: Սեփական երկրի անգամ չընտրված նախագահին նման «քաջ» հարց տալու համար անշուշտ պետք է բավականին համարձակ մարդ լինես:



 



Բայց միայն համարձակությունը բավարար չէ չասվող բաներն ասելու համար: Ի վերջո, բարեկիրթ մարդիկ վիճելիս փողոցային հայհոյանքներ չեն օգտագործում ոչ թե այն պատճառով, որ վախենում են, կամ՝ մտածում են, որ դիմացինը նույն կերպ կպատասխանի: Այլ այն պատճառով, որ բաներ կա, որ մարդկանց դաստիարակությունն ու կրթությունը թույլ չի տալիս անելու: Թերեւս ԱԺ պատգամավորը պետք է հասկանար, որ նման հարց տալը էթիկայի, տարրական բարեկրթության շրջանակներից դուրս է: Ի վերջո, ի՞նչ տվեց այդ հարցը հենց իրեն՝ հնչեցնողին, մեր երկրին, մեր երկրի ընդդիմադիր դաշտին, Սերժին ատողներին ու իշխանափոխություն երազողներին: Ոչինչ: Բացի նրանից, որ աշխարհին ցույց տվեցինք մեր անկիրթ, անդաստիարակ լինելը: Ցույց տվեցինք, որ երկրի նախագահի պաշտոնը մեզ համար ոչինչ չի նշանակում: Եւ մենք չենք հարգում ոչ միայն այն զբաղեցնողին, այլեւ ընդհանրապես նախագահի ինստիտուտը:



 



Վերջապես, ոչ մի ժողովուրդ չպետք է հպարտանա ու բարձրաձայն խոսի իր երկրի նախագահի խաղամոլ լինելու մասին: Իսկ եթե անգամ խոսում է՝ պետք է խոսի իր «խոհանոցում», այլ ոչ թե ԵԽԽՎ մեծ լսարանում: Եւ մի բան էլ. հազարավոր հարցեր կարելի էր հնչեցնել ստրասբուրգյան ամբիոնից՝ շատ ավելի սուր, շատ ավելի նպատակային, եւ ամենակարեւորը՝ օգտակար: Իսկ այն ինչ հնչեց՝ վերագրենք երիտասարդական մաքսիմալիզմին ու խենթությանը: Եւ փակենք թեման:






Անի Առաքելյան