Դեմ են եղել ոչ թե երեքը, այլ 7, 8-ը, նույնիսկ ավելին

Դեմ են եղել ոչ թե երեքը, այլ 7, 8-ը, նույնիսկ ավելին

ՀՀ նոր գլխավոր դատախազ Կոստանյանի քվեարկությունը կարծես հոգեխանգարմունքի մեջ է գցել հայրենի ընդդիմադիրներին, որոնք ամենաանհավանական վարկածներով փորձում են մաքրվել այս խայտառակությունից, քանզի հրապարակավ խոստացան «դեմ» քվեարկել Գեւորգ Կոստանյանին, մինչդեռ ստացվեց, որ ընդամենը 3 «դեմ» քվե է ստացել նա:



 



 



ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը «լրիվ ոնց որ խառնել ա սաղ»՝ ասում են ընդդիմադիրներից ոմանք: Ինքը՝ տիկին Լյուդմիլան, ամբողջ գիշեր մտածել է առեղծվածի մասին եւ եկել եզրահանգման, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել բլեֆ՝ կա՛մ լցոնում է արվել, կա՛մ քվեարկությունը կեղծվել է։ Իսկ թե ինչու չի նկատել դա՝ լինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, բացատրել է, որ երբ տեսավ, որ գերակշռող ձայներով Կոստանյանն անցնում է, այլեւս չի հետեւել քվեաթերթիկներին: «Ես կարծում եմ, որ «դեմ» ձայներն ինչ-որ կերպ քողարկվել են, միգուցեեւ՝ իմ թերանալու արդյունքում։ Ես տեսել եմ, որ երկու անվավեր է եղել. մեկի վրա «պտիչկա» է արված եղել, եւ դա Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկն է եղել. Սուքիաս Ավետիսյանը հաստատել է՝ նշելով, որ ինքը տեսել է, որ Ս. Դեմիրճյանը քվեաթերթիկը չորս տակ է ծալել։ Ես զարմացա նույնիսկ, որ նա գիտեր, թե ինչպես է ծալվել քվեաթերթիկը։ Ես հիմքեր ունեմ մտածելու, որ այստեղ էլի ինչ-որ բաներ են եղել, որը հետո ուղղվել է։



Չէր կարող երեք «դեմ» ձայն լինել։ Ես գիտեմ եւ մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ «դեմ» է քվեարկել, ուրեմն այնտեղ մի բան եղել է»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ պատգամավորը ներկա է եղել քվեաթերթիկները հաշվելու ողջ գործընթացին, բայց, միեւնույն է, կարծում է, որ իշխանությունն այսկերպ փորձել է վարկաբեկել ընդդիմությանը։ ԱԺ պատգամավորը, հայ կնոջը հարիր նվիրվածությամբ ՀԱԿ-ի թույլ տված կեղծիքի մեղքն իր վրա վերցնելով, հայտարարեց` մեղքն իրենն է, բոլոր քվեաթերթիկները չի ստուգել, ստուգել է միայն քվեաթերթիկների իրեն տրված տրցակը: Սակայն այժմ ոչ ոք չի կարող չեղյալ համարել ընտրությունները: Հրանտ Բագրատյանն առաջարկում է դիմել, որ տրամադրեն քվեաթերթիկները: Ասել է, որ ինքը երկու գիծ է քաշել «կողմ» բառի վրա՝ այդպես ոմանք կճանաչեն իրենց նշումները, եւ հնարավոր կլինի պարզել անվավերների իրական քանակը: Նա եւս կարծում է, որ իշխանությունը որոշել է ոչ միայն իր թեկնածուին անցկացնել, այլեւ ձեռքի հետ էլ ընդդիմությանը «փչացնել», ինչը բոլորովին չի բացառվում:



Սակայն կա նաեւ կարծիք, որ ընդդիմադիրները հույսեր են կապել, որ կգտնվեն մի քանի ԲՀԿ-ական կամ ընդդիմադիր ՀՀԿ-ականներ, որոնք «դեմ» կքվեարկեն Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին, ինչպես նման պատկեր ստացվեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ: Երբ, չնայած այն բանին, որ խորհրդարանական ընդդիմությունը, բացի Նիկոլ Փաշինյանից, բոյկոտեց ընտրությունները, եւ քվեարկությունը կայացավ ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի մասնակցությամբ, այդուհանդերձ, 6 հոգի համարձակվեց «դեմ» քվեարկել, իսկ մեկն էլ անվավեր էր դարձրել քվեաթերթիկը: Իսկ Կոստանյանի քվեարկության ժամանակ ուշագրավ է նաեւ, որ ներքին ընդդիմադիրներ չեն եղել: Թեպետ պատգամավորներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում խոստովանեց, որ ինքը բոլոր պատճառներն ունեցել է «դեմ» քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, սակայն ընդդիմադիրների սեթեւեթող պահվածքը նրան ստիպել է փորձության առջեւ կանգնեցնել վերջիններին եւ  հասկանալ՝ արդյո՞ք ընդդիմությունը «դեմ» է քվեարկելու: Պատգամավորը նույն խորհուրդն է տվել նաեւ Կոստանյանին դեմ այլ պատգամավորների: Արդյունքում ստացվեց այնպես, որ ընդդիմադիրների «տանը կռիվ ընկավ» եւ անգամ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանի դահլիճում «քֆուր դրեց». «Ինձ վրա կասկածողի...»:



 



Իսկ ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանն ընդհուպ հայտարարեցին, որ իրենք բաց են քվեարկել, մինչդեռ իրականում քվեարկությունը փակ եւ գաղտնի է եղել, եւ բաց քվեարկության փաստն ինքնին խախտում է կամ կեղծիք, ոմանք կարող են պնդել, որ այս պատգամավորներն իրենց բաց քվեարկությամբ փորձել են ուղղորդել եւ այլն: Մինչդեռ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում չցանկացավ այս մասին խոսել, ասաց, որ իրենք հարցն այլեւս փակված են համարում:



«Ես իսկապես էլ չեմ ուզում խոսել, ասում եմ, որ թեման փակ է, եւ մենք հավատում ենք բոլոր նրանց, ովքեր ասում են, որ «դեմ» են քվեարկել, եւ դիմում ենք բոլոր նրանց՝ այլեւս մեղավորներ չփնտրել եւ իրար չմեղադրել, որովհետեւ սա իշխանության ուզածն է՝ հիմա մենք իրար մեղադրենք, մեղավորներ փնտրենք եւ այլն: Այսօրվա մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք համոզվել ենք, որ իսկապես բավական քանակով մարդիկ «դեմ» են քվեարկել, նույնիսկ նրանցից դուրս, ովքեր հայտարարել են»:



 



- Ինչպե՞ս եք դա բացահայտել, եւ ո՞ւր են կորել այդ քվեաթերթիկները:



- Չեմ կարող ասել, իսկապես չեմ կարող, փորձեք իրենցից պարզել:



- Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել տիկին Սարգսյանի հետ, ի վերջո, նա մասնակիցն է եղել:



 



- Մենք կարծում ենք, որ կեղծիք է եղել, իշխանությունը կեղծել է, որպեսզի օգտագործի, ինչպես այսօր մի ջահել ասեց (Մանուկյանը նկատի ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անպատեհ անդրադարձավ եւ ծաղրեց նաեւ նախօրեի քվեարկությունը), բայց որպեսզի այս պրովոկացիային, սադրանքին ընդառաջ չգնանք, մենք դիմում ենք բոլոր մարդկանց, ովքեր իսկապես «դեմ» են քվեարկել՝ որեւէ մեկին չմեղադրել: Մենք հավատում ենք, որ իսկապես բոլորն էլ «դեմ» են քվեարկել:



 



- Դուք եք հավատում, բայց հասարակությունը հավատո՞ւմ է:



- Ես ասացի՝ սա սադրանք է, եւ այլեւս ոչինչ չունեմ ասելու:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]