Լեգենդի չինովնիկական սուտը

Լեգենդի չինովնիկական սուտը

Ազգային ժողովում երեկ շատ կարեւոր իրադարձություն էր: Նիստերի դահլիճն իր ներկայությամբ որոշել էր պատվել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ով մայիսից նախարար է աշխատում եւ Սահմանադրության պահանջով պետք է ներկայանա հարցուպատասխանի նիստերին, սակայն լեգենդն իրեն վեր է դասել Սահմանադրությունից եւ չի գալիս: Նրան շատ պատահական հանդիպեցինք նիստերի դահլիճի ետնամուտքի մոտ:



 



Մինչ կպարզեինք այս անակնկալ այցի նպատակը, պատգամավորները վրա տվեցին ու սկսեցին ողջագուրվել նրա հետ: Իսկ Էդիկ Շարմազանովը, սովորության համաձայն, առաջինը փորձեց ծառայություն մատուցել, այն է՝ թեւանցուկ անելով «ընկերոջը», մտցրեց դահլիճ՝ «փրկելով» լրագրողներից: Սակայն այդ ողջագուրանքների ու բացականչությունների կարճ դադարների ընթացքում հաջողացրինք հետաքրքրվել, թե ինչու չի գալիս խորհրդարան եւ ինչպես ստացվեց, որ եկավ: Եվ ավելի վատ բան ստացվեց, լեգենդն իրեն պահեց հայկական դասական չինովնիկի պես, ստեց՝ առանց աչք թարթելու: Պնդեց, թե ինքը երկու անգամ չի եկել խորհրդարան, սակայն հարցուպատասխանի ժամանակ, երբ Տաճատ Վարդապետյանը նրա մուտքը շնորհավորեց մի հարցով, թե 100 միլիոն տրամադրվել էր այդ ոլորտին՝ գույք գնելու, գնեցի՞ն, թե չէ, Յուրի Վարդանյանն ամբիոնի մոտ մի քիչ էլ դիսկոմֆորտ զգալով, մինչեւ պատասխանելը նախ հայտարարել էր, որ առաջին անգամ է ներկայանում Ազգային ժողով:



 



- Ասում էին՝ ԲՀԿ-ական պատգամավորների հարցերից էիք խուսափում, դրա համար չէիք գալիս խորհրդարան:



- Ես որեւէ մի բանից էլ չեմ խուսափում, ասեմ Ձեզ:



- Բայց ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ որոշեցիք գալ:



- Դե հմի, էսօր հարմար էր՝ եկել եմ...



- Ինչպե՞ս է ստացվում, որ չեք կարողանում հարմարեցնել գալ ԱԺ:



- Այ մարդ, պատճառ չի եղել էդ երկու անգամը, որ չեմ եկել, դրա մասի՞ն եք ասում:



- Դուք ինչ նշանակվել եք նախարար, չեք եկել:



- Չէ՜, երկու անգամ չեմ եկել, մեկ՝ որ նոր էի նշանակվել, ընդամենը տաս օր, երկու շաբաթ էր անցել, երկու շաբաթվա համար գայի, ի՞նչ ասեի:



- Ձեր մասին ասում են, որ առաջնորդվում եք «լեգենդը վեր է Սահմանադրությունից» սկզբունքով:



- Ոչ, բացարձակ էդպիսի բան չի եղել, էդ ով որ գրել է, կուզենամ իրա աչքերի մեջ նայեմ, էլի...



- Ես եմ գրել:



- Ո՞ւմ բառերով եք գրել:



- Այդպես էին խոսում Ձեր չգալու մասին:



- Էդ նախ իմ ձեռագիրը չէ, ես էլ նման բան ընդհանրապես որեւիցե մի տեղ չեմ ասել:



- ԲՀԿ-ի հետ ինչպե՞ս են հարաբերությունները, խնդիրները հարթվե՞լ են:



- Ո՞վ ասեց, որ խնդիր ունեինք, նորմալ հարաբերությունների մեջ ենք:



- Իսկ Ծառուկյանի՞:



- Նորմալ է, նորմալ:



- Ձեր ինչի՞ն էր պետք նախարարի պաշտոնը, պարոն Վարդանյան:



- Այ, ամենաճիշտ հարցն էդ էր՝ իմ ինչի՞ն էր պետք...



Մինչ Յուրի Վարդանյանը կպատասխաներ, թե ինչին էր պետք նախարարի պաշտոնը, կողքից Շարմազանովը քծնեց, թե իրեն չէր պետք, հասարակությանն էր պետք. «Ժողովրդին ա պետք, Նորայրիչ ջան, գնացինք»:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]