Մարդուց դրոշն է մնում, ոչ թե մարդը

Մարդուց դրոշն է մնում, ոչ թե մարդը

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է. «Ընթացիկ քաղաքական գործընթացներին հետեւելու լավագույն դիտակետը պատմաբանի դիտակետն է: Մեծ հաշվով, պատմագիտությունն այլ բան չի, քան անցյալին վերաբերող քաղաքագիտություն (իհարկե՝ պարզեցված եմ ասում): Բայց պատմագետի հայացքն օգնում է անհրաժեշտ հեռավորություն ձեռք բերել, վերացարկվել ավելորդ կրքոտ ներգրավվածությունից, որսալ տրամաբանությունը եւ կապերը, այլ ոչ թե կենտրոնանալ անձնական եւ հոգեբանական երանգների վրա, ոչ թե անուններ տեսնել, այլ իքս, իգրեկ, զեթ՝ իրենց փոխհարաբերություններով: Բացի այդ, պատմագետի հայացքը թույլ է տալիս քննադատորեն վերաբերվել ցանկացած աղբյուրին, վկային, փաստին, քանի որ գիտի, որ առանց մենկաբանման եւ վերլուծման չկան փաստեր, առանց մոտիվացիաների՝ վկայություններ, առանց կապերի՝ իրադարձություններ, ու նաեւ, որ օրինաչափությունն ու պատահականությունը մոտավորապես հավասարակշռվում են: Նույն խաղն է մարդկության ողջ պատմության մեջ, եւ մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինը: Անհատը շատ թույլ ուժ է պատմության տեսակետից, նույնիսկ խումբն ու առանձին հասարակությունը գերազանցապես անզոր են: Անհատի տեսակետից, եթե նա ներգրավված է հասարակական գործընթացում, էական է ոչ թե հաջողությունը կամ ձախողումը, որոնք մեծ հաշվով իր կամքից անկախ են, այլ լայն իմաստով բարոյականությունը՝ ճիշտ դիրք բռնելը, չհանձնվելը, ինքնավերահսկումը, հոգեբանական ծայրահեղություններին տուրք չտալը, չարբենալը հաջողումից, ոչ էլ հուսահատվելը ձախողումից: Ապագան մեր անունները կմոռանա, բայց եթե դրոշն ամուր է խրված ու ճիշտ տեղում է, դրոշի տեղը կհիշվի: Մարդուց դրոշն է մնում, ոչ թե մարդը»: