Կանոն գրչության. Լը Կլեզիո
Ալիսա
Ալիսան այս դարավերջի ծնունդ է: Ապրել է հարուստ ու համերաշխ ընտանիքում: Անչափ սիրել է իր ծնողներին. մորը` այնքան համեստ ու պերճաշուք, հորը` նիհար ու սկզբունքային, ըստ էության, բարի և անչափ մտացրիվ: Նրանք սնանկացան, երբ Ալիսան դեռ երեխա էր: Դա պատահել էր Մորիսում, հեռու` առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհից, ասես միանգամայն այլ աշխարհում: Ալիսայի եղբայրները մեկը մյուսի ետևից լքեցին նրանց. գնացին Լոնդոն, Փարիզ սովորելու: Ճանապարհորդեցին և ամուսնացան հեռվում: Ալիսան մնաց կղզում, որտեղ իր հայրն ու մայրն էին, և թույլ ու հիվանդ քույրը: Սնանկանալուց հետո ապաստան էին գտել Ֆոենիքս քաղաքի մոտ գտնվող մի հարմար տանը:
Ալիսան սիրում էր կյանքը, միտքը, պոեզիան: Նա ավելի քան սիրալիր էր, սքանչելի: Երբ խոսում էր այնքան արագ անցած երիտասարդության մասին, ասում էր. «Դուրս էինք գալիս, սիրելիներ ունեինք»,- ապա ավելացնում. «Ֆրանսիա գնալը երազանք էր»: Թեպետ գիտակցում էր, որ այլևս անկարող էր բոլորի նման սովորական կյանքով ապրել: Դա նրա համար պարզ ճշմարտություն էր: Նա չէր ամուսնանալու, երեխաներ չէր ունենալու: Նա, ով ամենաշատն էր փափագում կղզուց հեռանալ, աշխարհ տեսնել, հիանալ Փարիզով, ըմբոշխնել հոգու այն տոնը, որ պատկերացնում էր այնտեղ. հուշարձանները, թանգարանները, պարտեզները, երաժշտությունը, անմիջապես հասկացել էր, որ դրա մասին կարող էր միայն երազել:
Կյանքը թղթախաղ է, նա բաց էր թողել իր հաջողությունը, որին չէր կարող հանդիպած չլինել: Կյանքն իր քույրն էր, ծնողները, այդ կարճատև և կործանարար աշխարհը, որի միակ պահապանը ինքն էր: Քանի որ չէր կարող ապրել իր երազած կյանքով, Ալիսան ընտրեց իր ճակատագրից չփախչելու տարբերակը: Այս ամենը փոխարինում էր երջանիկ ակնթարթներին: Ուրիշները երջանիկ էին լինելու, ամուսիններ, երեխաներ էին ունենալու, աղմուկով լի տներ, որտեղ կա շարժ, երևակայություն, խնջույքներ: Ու՞մ կարող էր հետաքրքրել այդքան տարբեր աղքատ ու ողջամիտ աղջիկը: Բոլորի համար Ալիսան դարձավ այն կերպարը, որն ընտրվել էր հենց իր կողմից: Այդ նիհար, ուժեղ կամքի տեր, մռայլ ու սևեռուն հայացքով հայտնի կինը, հագնված մշտապես անպաճույճ ոճով, իր խոցող խոսքերով վիրավորում էր իր իսկ ժամանակակիցներին` այդ կանանց ու տղամարդկանց` ծիծաղելի իրենց թշվառության և երջանկության որոնումների մեջ: Տարիներն անգամ ի զորու չէին փոխելու նրանց էությունը, հայացքի խորաթափանցությունը:
Ճգնաժամային տարիներին մեծ ախորժակի տեր հարուստները պատրաստ էին զոհաբերել բոլորին, միայն թե փրկեին իրենց ունեցվածքը: Պատերազմը խուճապի էր մատնել բոլոր նրանց, ովքեր անընդհատ կրկնում էին.
- Ճապոնացիներն են գալիս…Նրանց նավերն այստեղ են…
Ալիսան իր ունեցած քիչն էր կիսում թշվառ փոքրիկների, լքված կանանց, սովից սատկող շների հետ: Օգնում էր մահանալ քաղցկեղով հիվանդ կանանց: Պատերազմի զրկանքների պատճառով նրա ծնողները մահացել էին, սիրելի քույրը` նույնպես: Նրանք Ալիսայի կյանքում ամենահաճելի հիշողություններն էին:
Նրա միակ գաղտնիքն իր զվարթությունն ու անչափ քնքուշ սիրտն էր: Ալիսան շրջապատված էր ուժասպառված, թույլ մարդկանցով: Եվ այդ թույլ, անկարող վիճակում էր, որ ի հայտ էին գալիս նրանց արժանիքները: Նրա ուժն իր ծայրահեղ մենակությունն էր: Եվ դա էր պատճառը, որ, չնայած տարիներին, մարմինը դեռ պահպանում էր իր առույգությունը, աչքերին կենդանություն ու փայլ հաղորդում: Այդ կայծը նրա մեջ էր, ինչպես այս լույսի աղբյուրը, որ նրան թույլ էր տալիս աշխարհի անէության մեջ տարբերել գերբնական գեղեցկությունը և երբեք երես չէր թեքում մարդկային ռասայի անբուժելի աղքատությունից:
Անկասկած, այս երեք «արկածախնդիրներից» ամենահոգեհարազատն ինձ համար Ալիսան է:
Թարգմանությունը` Լիլիթ Գասպարյանի
Կարծիքներ