Կանոն գրչության. Ավագ Եփրեմյան

Կանոն գրչության. Ավագ Եփրեմյան

***



Գրի առնելու և գիր անելու տարբերությունն զգալն է ու այդ տարբերությունը փաստելը (իհարկե` դարձյալ գրով)…



Քարերդ կառույցիդ պատերին`կառույցիդ տրամաբանությամբ. այստեղ քեզնից առաջ եկածների ու քեզնից հետո եկողների հետ ես: Բայց` մենակ, երբ վերջին քար-վերջին տողդ տրամաբանություն չէ, կռահումին է սպասում կատարին ամուր նստելու համար:



***



Դասագրքային ճշմարտություն է, ապրվող կյանքը գրականություն չի դառնում, գրականություն դառնում է ապրված կյանքը: Ուզում է ասել` հուշը: Ասում էլ է, որովհետև ուզածը զուտ գեղագիտության միջօրեականներն են, որոնք կենում են աշխարհագրության կողքին:



Կյանքի և գրականության հարաբերություններն այդ դեպքում անվերջ բարդ են թվում: Եվ հայտնվում է ամենուր ապրող հուշն ու պահանջում ուրիշ դասագրքեր…



***



Քանդվել է, խախտվել է, քայքայվել է կապը ժամանակների…Սա գուցե և դիտարկելի իրողություն է այլևս: Գուցե դիտարկելի է եղել միշտ, և մենք խոսում ենք ժամանակի հատկություններից մեկի մասին ընդամենը: Գուցե:



Այսուհանդերձ, ժամանակների կապերը հայտնագործելը մարդու անելիքներից մեկն է:



Դասականը մեր ժամանակակիցը չէ, եթե կապերը քանդված ենք տեսնում, և հակառակը` եթե փորձում ենք հայտնաբերել դրանք:



***



Ուշադրություն առնել մարդուն պատահած դեպքերը կամ մարդու մեջ եղած դեպքերը տեսնելու փորձ անել, որքան են սրանք միմյանցից հեռու: Ճիշտ այնքան, երևի, որքան ինքդ քեզ մոտենալու և ինքդ քեզնից հեռանալու տարածություն ունես ամեն բառն արտաբերելու պահին:



***



Միևնույն ժամանակի մեջ ապրվում են անհաշիվ կյանքեր: Սա տեղի է ունենում սովորական կամ տեսանելի տարածության մեջ:



Բայց ահա ժամանակի հետ հարաբերվելու եղանակներն էլ տարբեր են: Մեկը, մասնավորաբար, ժամանակից դուրս գտնվելու պարագան է, ընդ որում` դարձյալ իր տարատեսակներով:



Ասենք նաև որ բանաստեղծության մեջ հնարավոր են ժամանակի հետ հարաբերվելու բոլոր եղանակները:



***



Ոչ երկինքն է մերը ոչ երկիրը: Մերը պիտի լինեին հարցերը, որոնք սակայն, կամ երկնքում են, կամ երկրի վրա, իսկ դրանք մերը չեն:



Մենք փաստեր ենք, մենք ապացույցներ ենք ընդամենը, երկնքի ու երկրի` երբեմն բանավիճող ձեռքերում:



Մի հույս, թե արդարացում էլ կա. գրել-կարդալ գիտենք…



 



“Ինչպես եվ է”