Կանոն գրչության. Ռուբեն Ֆիլյան

Կանոն գրչության. Ռուբեն Ֆիլյան

Հեքիաթ փուչ ընկույզների մասին



 



 



Քաղաքային շուկայի մի անկյունում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրված է՝ «Փուչ պոպոք», թաքցված է փակ կամերան ու միկրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` ավստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր սափրված ու կոկիկ հագնված: Դեմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայել է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նույնիսկ թոռը նրան ասում է՝ Ռաֆայել պապի: Եվ նրա ժպիտի մեջ կարծես հենց իր իսկ փուչ ընկույզների պատմությունն է թաքնված, եւ թվում է, որ հենց այդ պատմությունն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եվ պտտվում է այդ պատմության ժապավենը: Եվ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հավաքել ու տանել շուկա, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եվ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, հետո խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճի դեմ գնալ ու մտածում է` եթե Աստված այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դե՛, իրեն ու կնոջն էլ յոլա գնալու համար շատ փող պետք չի: Իսկ ընկուզենիները օր օրի ավելի շատ են բերք տալիս` այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հավաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիվանդություն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանյութեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկա ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահավոր դժվար գործ է, ու հետո այդ կողմերում միայն լավ ընկույզ է աճում` ստուգված բան է դարերով: Եվ նա, կարծես, ստիպված վերցնում է մի պարկ իր ընկույզից ու առաջին անգամ, 4 տարի առաջ, բերում շուկա: Սկսում է եռակի էժան վաճառել ու քաշվելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին հաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, հետո մի կիլոգրամ հենց այնպես գնել ու հեռացել: Ու մեկ էլ չի երեւացել` լավ մարդ էր, բայց՝ հիվանդ, ասել է՝ սիրտս լավ չէ: Իսկ նա ամեն առավոտ կանոնավոր եկել է շուկա, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ համենայն դեպս նա մի փոքր առեւտուր է անում, նորից ծիծաղել են ու ասել, թե կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս` թող աչքաչափով ուղղակի տա: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եվ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպես է ստացվել, որ ամբողջ շուկայում ամենաշատ վաճառվել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է հանձնել կշեռքը ու գնացել տուն: Եվ իր գործը ավելի հեշտացնելու համար, որ ամեն մեկին չբացատրի էժան վաճառելու պատճառը` նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով: Եվ քիչ հեռու տեղադրված փակ կամերան պարզորոշ ցույց է տալիս` փուչ պոպոք ամենաշատը սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «փուչ պոպոք», ու զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փեշերից, որ նրանք գնեն:



 



Նրանք էլ գնում են` իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի կիլոգրամ են գնում եւ հյուրեր են հրավիրում տուն: Հյուրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտերերը ծիծաղում են, զվարճանում: Մի քիչ չարչարվելուց հետո ծիծաղում են նաեւ հյուրերը: Եվ տանտերերը հաճույքով տեղեկացնում են նրանց, ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը՝ հայտնելով, որ միեւնույն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդեն փորձել ենք, մենք գիտենք: Եվ փակ կամերան մաքուր տեսագրում է այն պահը, թե ինչպես է զարմանում հայտնի, շատ հայտնի բուսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Եվ նա իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Հետո մյուս օրը, ավելի համոզվելու համար, նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում 12 ընկուզենիները: Եվ այդպես էլ ծառերի տակ, զարմացած ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եվ դրանից հետո նա իր հաճախորդների հետաքրքրությունը բավարարելու համար ավելի հաճախ է այդպես ժպտում ու իր վաճառասեղանի մի անկյունում պոպոքները ջարդել-ստուգելու համար հատուկ քար է պահում: Եվ նրան հաճախ են մոտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել-վերջացրել են հիմնականում, եւ արդեն շատ քիչ փող է մնացել: Եվ նրանք գնում են մեկ կիլոգրամ, քանի որ խոստացել են ընկույզ տանել տուն, ու չեն հավատում, որ մեկ կիլոգրամի մեջ գոնե կես կիլոգրամ առողջ չլինի:



 



 



Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ է ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարվում է մի երիտասարդ զույգի պատմություն: Եվ մաքուր ձայնագրությունից լսելի է, թե ինչպես աղջիկը տղային ասում է` արի երկու կիլոգրամ գնենք, ու եթե այդքանի մեջ գոնե երկու առողջ ընկույզ գտնվի, ուրեմն մեր բախտն է դա:



 



Ու նա շփոթվում է, նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողության: Նա աննկատ երկու առողջ ընկույզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եվ այդ տղան արդեն տարուց ավելի ամեն շուկա գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կես կիլո առնում է ու հարցնում, թե ինչպես են Ռաֆայել պապի գործերը: Եվ այսպես, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կես կիլո, մի կիլո գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մեկը դեռ չի բողոքել, բացի մեկից: Այս մարդը մի օր եկել ու սկսել է կռիվ անել, պարզվում է, որ տարել, հյուրասիրել է իր հյուրերին, ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթվել դրանից:



 



 



Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող, կամ խառնվել է այդ մի հատը, կամ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգված է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եվ եթե ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի կիլոգրամի չափ ջարդել է, հետո ներողություն է խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ կիլոգրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մեկը հանկարծ առողջ ընկույզ չնետի իր պարկը: Մի երկու անգամ կողքի ընկույզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել, ու հիմա ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Հետո այդ ընկույզ վաճառողները գնացել են շուկայի տնօրենի մոտ բողոքի, բայց տնօրենն ասել է, որ դա արգելված ապրանք չէ, ու նա իրավունք ունի վաճառելու, մանավանդ, որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկույզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, իհարկե, սկսել են շատ գնել, բայց իր հաճախորդների թիվը էլի չի պակասել դրանից, որովհետեւ, կամերայի կարծիքով, իր եւ նրա հաճախորդները տարբեր են, միմյանց հետ կապ չունեն:



 



Նրա ժպիտը երբեմն ավելի բանիմաց ու խորամանկ է դառնում` դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգում են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրության են ենթարկվում: Դե, նրա ապրանքը չեն ստուգում` կարծես արդեն ամեն ինչ պարզ է: Ու առավոտ ծեգին շուկա եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադեմ կանգնած է Ռաֆայելը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնո՞ւմ եք` բոլոր դարակները դատարկ են, ու միայն մի տեղ ընկույզ է դրված ու վրան գրված`«փուչ»: Եվ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց, համենայն դեպս, դա մի խոսուն փաստ է, նրա առավելությունը, փակ կամերայի ամենահաջողված կադրերից մեկը:



 



 



Եվ, ետ պտտելով ժապավենը, պտտելով պատմությունը, ժպիտի ձեւավորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դեսուդեն անցնելով ու շրջելով, առանց գրածը նկատելու, մոտենում հարցնում են, թե ինչ արժի ընկույզը: Նա անմիջապես տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք կամ չեն հավատում, որ հնարավոր է` բոլորն էլ փուչ լինեն, ու ժպտալով գնում են մի քանի կիլոգրամ, կամ փողը մեկնելուց հետո արդեն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդեն առաջանում են որոշակի հետաքրքրություններ: Նա ասում է, բացատրում` ջարդեք-նայեք, բոլորն էլ փուչ են, բայց գնում են ու ասում` պետք չէ ստուգել, դու կշռի: Եվ ինքն էլ ստիպված կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մոտենում 16-17 տարեկան տղաներ` ուրեմն ամեն ինչ պարզ է:



 



Մոտիկ փակցված բարձրախոսի մաքուր ձայնագրությունը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տվել են որոշակի գումար եւ ուղարկել շուկա` հատուկ ցուցակով, թե ինչ պետք է գնել: Բայց նրանց հարկավոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիգարետի համար: Ու Ռաֆայել պապը նրանց էժան վաճառում է մեկ կիլոգրամ փուչ պոպոք: Եվ քանի որ փուչ պոպոքի մեկ կիլոգրամը համարյա կրկնակի տեղ է գրավում առողջի հետ համեմատած, այսինքն` քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները մի կես կիլո էլ առողջ ընկույզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դե, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է, անորակ ընկույզ է գնել: Ու դրանից հետո անմիջապես հաջորդում է մի այլ ձայնագրություն, եւ համապատասխան ժապավենի հետ երեւում է հետեւյալ պատկերը` ակնոցավոր մարդը մոտենում ու հարցնում է ոգեւորված` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն, ինչքան ուզում ես ջարդի, բաց արա, նայի, դատա՞րկ է` հանճարեղ է, հոյակապ: Ու նա գնում է յոթ կիլոգրամ ու սկսում ջարդել: Բավական ջարդելուց հետո պարզվում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշվում եւ շարունակում ջարդել, ու ժապավենի վրա երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, հետո մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում:



 



Նա դուրս է մնում, ու միայն շարունակվում է դատարկ, փուչ պոպոքի ջարդվելու ձայնը, եւ կադրի մեջ է մտնում մի այլ մարդ: Նա մոտենում է Ռաֆայել պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդվելու ձայների հետ մի կերպ ձայնագրության մեջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրա մեծ գրազ է շահել, ու որպես հատուցում՝ բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զոռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայել պապի համար ապրանքափոխանակության շուկայական օրենքը գոյություն չունի: Մյուս վաճառողները ընկույզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարենը, ընկույզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը հաջող առեւտրից հետո չի դիմացել գայթակղությանը ու մի կիլոգրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եվ փակ կամերայի տեսանկյունից երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առավոտյան շուտ օգնում է վաճառողներին իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մոտ, ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լավաշ, բողկ, ընկույզ կամ որեւէ այլ բան:



 



Բայց այդուհանդերձ, նա ամենահաճույքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում` ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, դնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լավաշն ու պանիրը: Եվ, անկախ իրենից, մեկ նայում է թաքնված կամերային, մեկ էլ իր ջարդած փուչ պոպոքներին, եւ ուրախանում: Ու թվում է, թե միայն նա գիտի թաքցված կամերայի մասին: Ժապավենը ավելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մեկ ու սրանից մի խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկույզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայել պապից ոչ մեկը ոչինչ չի թռցնում` երեւի արդեն համոզվել են, որ փուչ է:



 



 



Կրկեսի աշխատողները շատ ինքնատիպ պահվածք ունեն, ու կադրի մեջ ընկնելով, անմիջապես տարբերվում են մյուսներից: Նրանցից մեկն արդեն մշտական հաճախորդ է դարձել, ու հաճախ հենց նույն տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս, ցույց է տալիս իր մշակած ֆոկուսը, որն, ըստ երեւույթին, ավելի հեշտ է անել թեթեւ փուչ պոպոքներով: Եվ հյուրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակությամբ գնում է: Եվ ժապավենը հոգեբանական վերլուծության ենթարկելիս՝ պարզվում է, որ հիմնական հաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եվ մանավանդ կնոջ ներկայությամբ մի քանի կիլոգրամ գնում են ժպտալով, երեւի հիշելով ընկույզի որոշակի հատկությունները: Եվ միկրոֆոնը հապաղում է, բայց որակյալ փակ կամերան անմիջապես տարբերում է, երբ նրանց խառնվում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա հատկապես զգացվում է նրանց մոտեցումից, թե ինչպես են նրանք ուզում ցույց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանավանդ՝ կնոջ ներկայությամբ, միայն առողջության նշան է: Ու նրանք հպարտորեն գնում են այն` ցույց տալով, հասկացնելով, որ իրենց բնավ պետք չէ առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ առողջ հումոր է:



 



Կադրի մեջ հաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրություններից ու ձայնագրություններից պարզվում է, որ արտասահմանցի հյուրերի մեջ, որպես կանոն, ամերիկացիները միշտ կես կիլո կամ մեկ կիլո գնում են այդ փուչ պոպոքից: Իսկ դեռ լույսը չբացված, երբ շուկայում ոչ ոք չկա, բայց թաքցված կամերան աշխատում է` այդ վաճառասեղանի վրա դրված է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հավաքարարը Ռաֆայել պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հավաքում ու դարսում է նրա վաճառասեղանի վրա` դե պարզ է, հո տուն չի՞ տանի: Եվ սրանից անմիջապես հետո ժապավենը ենթարկվում է սոցիոլոգիական ուսումնասիրության: Պարզվում է, որ, չգիտես ինչու, ո՛չ, ոչ թե՝ չգիտես ինչու, այլ՝ բոլորիս համար էլ շատ պարզ է, թե ինչու, նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինվորականները: Նոր տարվա նախօրյակին Ռաֆայել պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում շուկա: Բայց դրա փոխարեն նկատելի է, որ ամենահաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանավանդ ապրիլի 1-ին: Հետո թաքցված կամերայի մեջ երեւում է այդպիսի մի կամերա, եւ թվում է, թե կամերան ինքն իրեն է նկարել` խոշոր պլանով, բայց հետո պարզվում է, որ այդ կամերան թաքցված չի ու կախված է ինչ-որ մեկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եվ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջվում է, եւ միջի ամբողջ ընկույզը թափվում է ասֆալտին: Եվ ձայնագրությունից իմանում ենք, որ նա կարծում է, թե փուչ ընկույզի թափվելու ձայնը ավելի հնչեղ է ու լավ: Եվ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպես պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում:



 



Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է, եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասես, հարմարեցնում վրան եւ, տեղադրելով հատուկ պատվանդանի վրա` այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս: Եվ պարզվում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փչանում, ու ասեղի վրա հեշտությամբ են պտտվում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափվում վրայից` մի խոսքով, փաստորեն, առեւտուրը պետական հիմքերի վրա է դրված:



 



 



Եվ պատահմամբ ժապավենի վրա հայտնվում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապես դրանից հետո` Ռաֆայել պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ինչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապավեն են մոնտաժել: Պետք է կտրել այդ անկապ հատվածը, դեն նետել:



 



 



 



Եվ կամերան, կարծես որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարվեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նատյուրմորտի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մեջ ամրացված է կանգնած ժամացույց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամենը շրջապատված է փուչ, դիմացկուն պոպոքներով: Եվ մի պահ Ռաֆայելի ժպիտը չքանում է, ու ձայնագրությունն էլ անհաջող է ստացվել այդ պահին: Եվ թվում է, որ կամերայի ու միկրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզվում է` նրանից ինչ-որ մեկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եվ քանի որ ձայնագրություն չկա, մի կերպ Ռաֆայել պապի ձեռքի շարժումներից հասկացվում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկույզների առանձնահատկություններն ու կարծես խնդրում, որ, եթե նա գնում է հենց այնպես, խղճալով, եթե իրեն պետք չեն այդ ընկույզները, ապա թող չգնի, պետք չի: Եվ երբ նա ցույց է տալիս մյուս ընկույզ վաճառողներին` պետք է հասկանալ, թե նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկույզն ամենալավն է վաճառվում, եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ համառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի կիլոգրամ ու, իրեն լավ զգալով, շոյված, գոհ հեռանում:



 



Եվ երեխաների կամ առողջ տղամարդկանց այցելությունից հետո միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնվում է ու ստանում իր բնորոշ տեսքը: Եվ ճապոնական, գնդասեղի մեծության միկրոֆոնը, որն ամրացված է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրություն, ու, չնայած ժապավենի բացակայությանը, ձայներից հասկանալի է դառնում, թե ով է խոսում, նույնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխություններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւույթին, տղան է, ամոթանք է տալիս հորը, թե` խայտառակ ես անում, անհարմար է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կիսաբարկացած, կեսաշխույժ ժպտում է ու բացատրում, որ նախ`իրենք ընկուզենիներով իրենց գոյությունը կպահպանեն, եւ երկրորդ` եթե մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է՝ ինչ-որ բանի համար նրանց պետք են դրանք: Եվ այդ խոսակցությունից հետո համարյա ոչինչ չի լսվում՝ դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրությունը, ու լսվում է խոսակցություն` շապիկն արդեն հագել է, դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թե կարո՞ղ է այսօր հետը մի քանի կիլոգրամ պոպոք բերել` ուտելու համար:



 



Եվ լռում է Ռաֆայել պապը, եւ այդ ձայնագրված լռությունից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկույզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եվ այստեղ օգնության է հասնում ժապավենի մի փոքրիկ հատված` նա հարեւան վաճառողից ընկույզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մեջ մեկ-մեկ փուչ է պատահում, եւ նա, ժպիտը դեմքին, լուռ բարկանում է` ցույց տալով, որ սա ուրիշ փուչություն է, իրենն`ուրիշ, ու հետո մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռությունը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր մերն ուրիշ է, նրանցը` ուրիշ: Եվ մոտենում է ժապավենի վերջին հատվածը, այսինքն` հայտնի չէ, թե արդյոք սա՞ է վերջինը` գուցե վերջինը վաղուց նայվել է:



 



Բայց, ինչեւէ, այս հատվածը շատ հաջող է տեսագրվել, ու ձայնագրությունն էլ միշտ համընկնում է ու նույնպես հաջող է ստացվել: Ու կարծես եւ՛ միկրոֆոնը, եւ՛ թաքցված կամերան համամիտ են այդ պատկերին: Ու քանի որ սա, փաստորեն, վերջին հատվածն է, այսինքն` սրանից հետո այլեւս ժապավեն ու ձայնագրություն չկա` ակամայից ավելի ենք լարվում եւ ուշադիր հետեւում, օրվա վերջն է, շուկան այնքան էլ բազմամարդ չէ, բայց չորս կողմում դեռ աշխույժ առեւտուր է գնում: Լավաշ վաճառողը սպասում է վերջին հաճախորդին, որ մնացած մի քանի կիլոգրամը էժան տա ու տուն գնա: Ռաֆայելն էլ ուր որ է կավարտի իր առեւտուրը ու կամաց-կամաց նախապատրաստվում է: Նրան է մոտենում երկար մազերով միջին տարիքի, բերետով, թավ, սեւ մորուքով, արտիստիկ կեցվածքով մի մարդ: Մարդը մի փոքր օրորվում է, կարծես քեֆը լավ է: Մոտենում է ու վստահ հարցնում է, թե ինչ արժի փուչ պոպոքը: Իմանալուց հետո նորից հարցնում է, թե ինչո՞ւ է կիլոգրամը երկու ռուբլի, եւ ոչ յոթ` հնարավոր չի՞ կիլոգրամը յոթ ռուբլով գնել: Ռաֆայելի ժպիտը մի պահ փոխակերպվում է, բայց հետո նորից վերականգնվում է, երբ այդ մարդը բարձրաձայն, հրավիրելով կողքի վաճառողների ու հաճախորդների ուշադրությունը, հայտարարում է.



 



 



- Հայրիկ, ախր դու չգիտես, քո ընկույզները աշխարհի լավագույն ընկույզներն են:



 



 



Ռուբեն Ֆիլյան.  «Քո երկրի դեսպանը» գրքից