Հանձնումը մարմնի
Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցներն այսօր ոչ միայն կառավարում են, ներազդում համաշխարհային գործընթացների վրա, այլև փոխում են, փոխակերպում մարդկային ճակատագիրը: Ոստիկանական տոտալ վերահսկում, ամեն ցցի վրա` տեսախցիկ, աչքեր` հարավից, հյուսիսից, նամակագրություն, որ մեկ հարվածով կարող է դառնալ հանրության սեփականությունը, մտքեր, կարծիքներ, որոնք մեղմ թևաբախումով կարող են վերածել քեզ հրեշի, պոռնիկի, մարդասպանի, գողի, աղանդավորի, թափթփուկի կամ, հակառակը` սրբի, մաքրագործի, արդարի, ազնիվի: Պետք է մարմինը:
Մեզ մոտ, երբ սոցիալական ցանցերում հանրությունն իր նորընծա հերոսին սրբացնում է, ուրեմն մի քանի շաբաթ հետո անպատճառ սկսելու է պոռնկացման ընթացակարգը: Այսպես է ստացվել: Սրբերն ու պոռնիկները հրամցվել են նույն թթխմորից, ու նրանց մասնատելն անհնարին մի բան է: Ապագայում ամեն ինչ ավելի կսրվի, որովհետև ապագան գուցե կքարտեզագրվի զանգվածային լրատվամիջոցների կամքով: Արքայադուստր Դիանան ջախջախված է, հոգեվարքի մեջ, ու այլևս նրա հոգեվարքն է, որ ամենահետաքրքիրն է, որովհետև դժվար թե ողջ մնա: Եվ նողկալի պապարացիներն առաջին օգնություն ցույց տալու փոխարեն սեղմում են լուսանկարչական ապարատի «անմահության» կոճակը և երևակայության մեջ ասեղնագործում թերթի առաջին էջին տպվող մեռած արքայադստեր պատկերը: Հետո հազարավոր ինքնասպաններ, ահաբեկչական ռումբերից մարմնի ցաքուցրիվ պատառներ.
«Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ և բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին։ և Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար» (Մարկ. 14:22-24)։
Մարդը պարտվեց իր մարմնին, ու մարմինն այսուհետ ավելին է, քան ճակատագիրը: Մարդը պարտվեց մարմնին, բայց բնավ չի նշանակում, թե մարմինը զորեղ էր, որովհետև հանձնումն ինքնակամ է, սկուտեղի մակերեսը՝ ափով տաքացված: Դու չես կարող մեռնել: Դու դրա թույլտվությունը չունես: Քո մահը պիտի փաստի զանգվածը: Զանգվածը պիտի քննարկի, քվեարկի, հավատա, հավատացնի, ցանկանա, որ` մեռնես, միայն այդ դեպքում քեզ հնարավոր է հողին հանձնեն, այն էլ տեսախցիկների ագահ, պլշած բիբերի ներքո: Զանգվածային լրատվամիջոցների երևակայության մեջ եթե դու մարդասպան ես, ուրեմն մարդասպան ես: Եթե առաքյալ ես, ուրեմն առաքյալ ես: Վերադարձ չկա: Վերադարձը մարմինը կորցրած հիշողությունն է: Հիշում ես, որ ժամանակին դու «էիր», իսկ հիմա` միայն «ես»:
Մարմինը հանձնվեց առանց դիմադրության:
Արամ ՊԱՉՅԱՆ
Կարծիքներ