Ո՞վ կստանա ՀՀ պետական մրցանակ

Ո՞վ կստանա ՀՀ պետական մրցանակ

Մեր երկրում տրվող մրցանակների ու մրցանակաբաշխությունների շուրջ խոսակցություններ եւ խմորումներ միշտ են եղել: ՀՀ պետական մրցանակը, որ տրվում է երկու տարին մեկ անգամ, շնորհվում է գրականության եւ արվեuտի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հաuարակական գիտությունների բնագավառներում լավագույն uտեղծագործություններին եւ հայտնագործություններին:



 



Գրականության եւ հրապարակախոսության ոլորտում տրվող պետական մրցանակն այս տարի հայտնվել է շատերի ուշադրության կենտրոնում: Եվ չնայած արդյունքները կամփոփվեն դեկտեմբերին, ու դեռ պետական հանձնաժողովն էլ գրքերի ընթերցման փուլում է, բայց գրական շրջանակներում արդեն խոսակցություններ կան, որ մրցանակը տրվելու է ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին:



 



Ի դեպ, մրցանակը հաղթողին ենթադրում է` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ`  հինգ միլիոն դրամի չափով: Վերջին տարիներին այս ոլորտում պետական մրցանակներ են շնորհվել Հովհաննես Գրիգորյանին` «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար (2011թ.), Վահագն Գրիգորյանին` «Ժամանակի գետը» գրքի համար (2009թ.), Պերճ Զեյթունցյանին՝ «Մի նայիր հայելուն» հատորի, եւ բանաստեղծ Հենրիկ Էդոյանին՝ «Երեք օր առանց ժամանակի» բանաստեղծությունների ժողովածուի համար (2005թ.):



ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովի մեջ այս տարի ընդգրկված է 9 հոգի, որոնցից մեկը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակահարմար չի գտնում հանձնաժողովի անդամների անունները հրապարակել, քանի որ, իմանալով, թե ովքեր են հանձնաժողովում, տարբեր հեղինակներ տարբեր ճնշումներ են գործադրում այդ մարդկանց վրա՝  զանգերով կամ ծանոթներ մեջ գցելով (մեր տեղեկություններով, պետական մրցանակի հանձնաժողովի կազմում են գրականագետներ Աելիտա Դոլուխանյանը, Վազգեն Գաբրիելյանը, Դավիթ Գասպարյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը):



 



  Ըստ գրականագետի, ամենաուրախալին այն է, որ այս տարի պետական մրցանակի հանձնաժողովում 2 երիտասարդ գրականագետների են ընդգրկել՝  իրեն եւ Հասմիկ Հակոբյանին: Իսկ ՀՀ պետական մրցանակի այս տարի ներկայացված է մոտ 50 գիրք: «Ինչու եմ ասում «մոտ», որովհետեւ խելքից դուրս ով կարողացել է այս կամ անցած տարի գիրք տպել, բերել ու ներկայացրել է: Ես այդ գրքերն ուղարկած հեղինակներին չեմ հասկանում, որովհետեւ գրել ինչ-որ մի սուտի պատմվածք կամ ախմախ բանաստեղծությունների ժողովածու եւ ներքուստ համոզված լինել, որ դու կարող ես հավակնել անգամ այդ բարձր մրցանակին, ինձ համար աբսուրդ է:



 



Բայց մյուս կողմից էլ, եթե այդ գրողները թույլ են տալիս իրենց ապուշ գրքերը բերեն-ներկայացնեն պետական մրցանակի, ուրեմն դա նշանակում է, որ վերջին տարիներին մենք՝  պետական մրցանակի հանձնաժողովը, այդքան էլ լավ չի աշխատել, եւ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ ամեն մարդ կարծում է, թե ինքը կարող է այդ մրցանակն ստանալ: Պետական մրցանակ պետք է ստանա այնպիսի գիրք, որն իր բովանդակությամբ որոշակիորեն հանգրվանային արժեք է ներկայացնում մեր գրական ընթացքի համար, պարտադիր չէ, որ ինքը լինի հանճարեղ վեպ կամ պատմվածքների, բանաստեղծությունների ժողովածու, կարեւորը` մեր գրական ընթացքին էական նպաստ բերի»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ կան լավ գրքեր: Մասնավորապես ներկայացված են Էդվարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուն, Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպերը, Արեւշատ Ավագյանի, Վահագն Մուղնեցյանի բանաստեղծությունների, Գոհար Նիկողոսյանի, Դավիթ Սարգսյանի պատմվածքների ժողովածուները: 



 



Թե քանի փուլով է ընթանալու ընտրությունը, ըստ Արքմենիկի, դեռ վաղ է ասել, բայց, հավանաբար կանցկացվի 2 կամ 3 փուլով. նախ կառանձնացվեն որոշ գրքեր, որոնց շուրջ կգնան կողմնորոշիչ քննարկումներ, ապա կընտրվի պետական մրցանակին արժանի գործը: Հիմա հանձնաժողովն ընթերցման փուլում է: Ինչ վերաբերում է հարցին, թե գրական մրցանակների դեպքում շատ է շահարկվում դրանց արդարության հարցը, անգամ ՀԳՄ համագումարում գրողներից մի քանիսը բարձրաձայնեցին դրա մասին՝  նշելով, որ մրցանակները տրվում են նույն մարդկանց, կարուսելային սկզբունքով, ապա, ըստ Արքմենիկ Նիկողոսյանի, դա ունի 2 կողմ. «Նախ, ցանկացած գրող մտածում է, որ ինքը հանճարեղ է, իր գրած գիրքը հանճարեղ է, եւ, հետեւաբար, իր գիրքն էլ պետք է ստանա պետական մրցանակ, այնպես որ, ես այդ դժգոհողների 90 տոկոսին չեմ հավատում, դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, 2-րդ՝  նման մտայնություն, ցավոք, կա մեր երկրում, որ մրցանակաբաշխությունների 99 տոկոսում դեր է խաղում ոչ թե հեղինակի գրած գիրքը, այլ հեղինակի անունը:



 



Ես ու Հասմիկ Հակոբյանը, ներգրավվելով այս պրոցեսում, ամեն ինչ կանենք, որպեսզի այդ տաբուն վերացվի, եւ Հայաստանում վերջապես մրցանակ ստանա գիրքը, ոչ թե հեղինակը` իր համբավի, նախորդ տարիների աշխատանքի կամ ունեցած բարեկամական կապերի համար: Ես ինքս, ներկայացված գրքերի մեջ ունենալով մոտ ընկեր, ամենահարազատ մարդ` նկատի ունեմ Գուրգեն Խանջյանին եւ Հրաչյա Սարիբեկյանին, ամեն ինչ կանեմ, որ մրցանակն ստանա արժանավոր թեկնածու» Այն դիտարկմանը, 60-ից ցածր գրողների պարագայում մրցանակները տրվում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներին,Արքմենիկը նշեց, որ դա հարաբերական է, որովհետեւ ոչ մեկը երիտասարդ գրողին չի արգելել իր գիրքը ներկայացնել որեւէ մրցանակի. «Բայց, ցավոք, մեզ մոտ տարածված հոգեբանությամբ մտածում են, որ երիտասարդների հերթը դեռ կգա, ու այդպես էլ 100 տարի անցնում է, ու նրանց հերթը չի գալիս»:



Այն հարցին, թե արդեն խոսակցություններ կան, որ պետական մրցանակը տրվելու է ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, ապա գրականագետը դա վիրավորանք համարեց իր հասցեին. «Հայաստանում եւ աշխարհում չկա որեւէ մեկը, որն ինձ ստիպի քվեարկել մի գրքի օգտին, որը ես չեմ հավանում, ում գիրքն ուզում է լինի՝ Միլիտոնյանի, թե Սարիբեկյանի:



 



Ես նախորդ մրցանակաբաշխություններին չեմ մասնակցել եւ չգիտեմ՝ նմանատիպ ճնշումներ եղել են, թե չէ, բայց, ցավոք, միշտ էլ ստացվել է այնպես, որ ում անունը նախօրոք շրջանառվել է, ինքն էլ ստացել է: Մենք ինքներս ենք այդ տրամադրությունն ստեղծում՝ համակերպվելով դրա հետ»: Նիկողոսյանի կարծիքով, հաշվի առնելով համագումարից հետո ընթացող տարբեր խոսակցությունները, լավ կլիներ, որ Միլիտոնյանը, ընտրվելով ՀԳՄ նախագահ, իր գիրքը հաներ մրցանակաբաշխությունից՝ անկախ գրքի արժեքից:  



 



Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 5 տարի իր գրքերից որեւէ մեկը ոչ մի մրցանակի չի ներկայացրել, այս գիրքն էլ ընդամենը 3 ամիս առաջ է ներկայացրել պետական մրցանակի: Բազմաթիվ հրապարակումներ են եղել ժողովածուի հետ կապված, ինչն էլ նրան հիմք է տվել գիրքը ներկայացնել պետական մրցանակի:



 



Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պետական մրցանակն իրեն են տալու, ապա. «Այդ զրույցները բամբասանքային բաներ են, ո՞վ է որոշել, ի՞նչ է որոշել… հանձնաժողով կա, թող իրենք որոշեն, ես ոչ կապ ունեմ դրա հետ, ոչ էլ որեւէ մեկի հետ առնչվում եմ, իրենց որոշումն է»: Նա նաեւ նշեց, որ քանի դեռ ընթերցման փուլը չի ավարտվել, չեն ծանոթացել գործերին, ո՞նց են որոշելու, թե մրցանակն ում տան. «Կարեւորը՝ մարդիկ կարդան, իմանան ինչ գրքեր են, ինչ բովանդակություն ու արժեք ունեն»:



 



Միլիտոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է այդ դեպքում հենց գրողների շրջանակում շրջանառվում մրցանակների կարուսելային սիստեմը: «Ես չգիտեմ, կարեւորը գրողների գրքերն են, ոչ թե կարուսելը: Ես կարծում եմ՝ եթե ամեն մի գրող միտք է արտահայտում, պիտի փաստարկված լինի, եթե գրքեր են գրել, լավ գրքեր են, հանձնաժողովն ընտրել է, այդտեղ ո՞ւմ խնդիրն է որոշել՝  կարուսե՞լ է, թե՞ սատանի կամուրջ:



 



Դրանք պետական հանձնաժողովներ են ու Գրողների միության հետ կապ չունեն: Կարեւորը գիրքն է, ոչ թե հեղինակը»,- նշեց  ՀԳՄ նախագահը` ընդգծելով, որ լավ գրքերը նրանք են, որոնք քննարկումներ, քննադատություններ, վիճահարույց հարցեր են առաջացնում, եւ գեղարվեստական գործն այնպիսի բան չէ, որ «դանակով հանգիստ կտրես»:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]