Այս անգամ զոհը Յանուկովիչն է

Այս անգամ զոհը Յանուկովիչն է

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ոչ ոք Մոսկվայում չի տեսել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ նա չի հանդիպել՝ ի հեճուկս Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության նախապես տարածած հայտարարությանը, թե Յանուկովիչը մեկնել է Մոսկվա, նոյեմբերի 9-ին հայտարարվել է «Ռոսիա» հեռուստատեսության «Շբաթվա նորություններ» հաղորդման ժամանակ:



 



Հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը, ոչ առանց իրոնիայի, մասնավորապես ասել էր. «Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հանկարծ մի շատ զարմանալի հայտարարություն է տարածել այն մասին, որ շաբաթ երեկոյան նախագահը շտապ մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Ճիշտ այդպես անսպասելի էլ Յանուկովիչը թռել էր Սոչի՝ հանդիպելու Պուտինի հետ: Թե ինչ արդյունք է տվել այդ հանդիպումը, չի հայտարարվել: Բայց երևում է 5 ժամ տևած Պուտինի հետ այդ հանդիպումն այնքան հզոր դեղահաբ է եղել Յանուկովիչի համար, որ Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը զգալիորեն դանդաղել է: Հիմա գլխավոր եվրաինտեգրվող Յանուկովիչը նորից թեքվել է դեպի Արևելք, և... անհետացել: Նա Մոսկվայոմ չի երևացել, իսկ Կիևին էլ կարծես հրաժեշտ է տվել»: -Եվ, ուրեմն, ուրտե՞ղ է Յանուկովիչը,- եթերում հարց է տվել լրագրողը,- միստիկա է, բայց ավելի շատ մեզ զարմացնում է այն, որ Յանուկովիչին Ուկրաինայում, մեծ հաշվով նաև Մոսկվայում ոչ ոք չի փնտրում: Դա նորմա՞լ է:



 



Ավելի ուշ «Վեդոմոստի» թերթն, այնուամենայնիվ տեղեկություն է տարածել, որ նոյեմբերի 10-ին Յանուկովիչն ու Պուտինը հանդիպել են Մոսկվայում, բայց որևէ մանրամասն չի հայտնել այդ հանդիպումից:     



 



Այդ այցի և հանդիպման մասին որևէ բան չի հաղորդել նաև ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:



 



Այսքանից հետո հասկանալի է, թե ինչու են Հայաստանում այսքան ուշադիր հետևում ռուսական հեռուստատեսության հաղորդավարների ամեն մի խոսքին և դեմքի ծամածռություններին: Պարզվում է ռուսական հեռուստաալիքների հաղորդավարները քաղաքականություն ճշտողներ կամ արդեն ճշտված քաղաքականությունը եթերով սղղացնողներ են:  Մենք դա արդեն մեր կաշվի վրա ենք զգացել թե Մոսկվայում հայ վարորդին խալաթով դատարան բերելու և թե Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի մասին պատմող ռեպորտաժների ժամանակ: Երևի սա աշխարհի ամենաազդեցիկ մարդ հռչակված Պուտինի աշխատանքային ոճն է, որի դեմ մյուսները ոչինչ անել չեն կարողանում: