Արկադի Վարդանյանը հեղաշրջման փո՞րձ էր ծրագրել

Արկադի Վարդանյանը հեղաշրջման փո՞րձ էր ծրագրել

Օրերս հաջողվեց ծանոթանալ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին եւ սենսացիոն տեղեկություններ քաղել:



 



Պարզվում է՝ Արկադի Վարդանյանին եւ նրա ընկեր Արսեն Ավետյանին սկսել են հետեւել, կասկածելով, որ նրանք՝ ոչ ավել, ոչ պակաս, պետական հեղաշրջում են նախապատրաստում եւ որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին: 



 



 



Մայիսի 18-ից սկսած, երբ ձերբակալվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանը, եւ հետագայում, երբ ի հայտ եկան նրա եւ ընկերոջ՝ Արսեն Ավետյանի զրույցների ձայնագրությունները, հարց առաջացավ, թե ինչու է ԱԱԾ-ն գաղտնալսել Վարդանյանին: Վարկած կար, որ Արսեն Ավետյանի հորը թունավորելու երկու ընկերների հրեշավոր մտադրության մասին ԱԱԾ-ին է հայտնել հենց Արսեն Ավետյանի հայրը՝ այդ ծրագրի զոհ Ռոբերտ Ավետյանը: Սակայն հետագայում պարզվեց, որ նա ոչ միայն չի արել նման բան, այլեւ չի ընդունում, որ իր որդին կարող էր իրեն թունավորել:



 



«Առաջինը՝  նա այն կամային անձը չէ, որը կարող է նման կտրուկ քայլ անել: Երկրորդը՝ ասում են, որ իմ տանը տիրանալու համար էր ծրագրել ինձ թունավորել, բայց իրականում նա չուներ ոչ մի դրդապատճառ դա անելու: Տունը հանված էր վաճառքի, նա ուներ իր փայն այդ վաճառքից: Ես նրան առաջարկել եմ վերեւի հարկն իր անունով դարձնել, բայց նա էլ ասեց՝ իմաստ չկա, քանի որ, մեկ է՝ տունը վաճառվում է»:



 



Պետական հեղաշրջման նախապատրաստվող փորձի մասին ԱԱԾ-ին հայտնել է ոմն Սամվել Կուռոյան: Նա հաղորդել է, որ Արկադի Վարդանյանը եւ նրա ընկերը՝ «Արսեն անունով բարձրահասակ, գեր տղամարդը», ահաբեկչական ակտ են նախապատրաստել ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ: Այս մարդը հետագայում ոչ հարցաքննության է կանչվել, ոչ առերեսումների, ոչ էլ այն մարդիկ են հարցաքննվել, որոնց անունները նա տվել է: Սամվել Կուռոյանը, որը, ըստ գործի նյութերի, բնակվում է Երեւանում՝ օրավարձով, եւ պատահական գործերով է զբաղվում, ԱԱԾ ավագ քննիչ Աղաջանյանին հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած ցույցերի ժամանակ Արցախի Մարտունու շրջանից ժամանած նախկին ազատամարտիկ Արմեն Աբրահամյանի հետ՝ «Դուշման» մականունով, նախագահի երդմնակալության հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ծանոթացել է Արկադի Վարդանյանի եւ Արսեն Ավետյանի հետ: «Ինձ մոտեցան անծանոթ երկու տղամարդ եւ առաջարկեցին միասին սրճել Օպերայի հարեւանությամբ գտնվող «Շոկոլադնիցա» սրճարանում»: Սեղանի շուրջ Կուռոյանը եւ ազատամարտիկ Աբրահամյանը ծանոթացել են «66 տարեկան, ճերմակած մազերով եւ սեւ բեղերով» տղամարդու հետ, որը ներկայացել է որպես Արկադի Վարդանյան, եւ մոտ 50 տարեկան Արսեն Ավետյանի հետ:



 



Ըստ Կուռոյանի, նրանք սկսել են քննադատել Րաֆֆու գործողությունները՝ ասելով, որ նա խաբել է իր շուրջ հավաքված ժողովրդին, «պահել է իրեն ընդդիմադիր քաղաքական գործչին անվայել ձեւով, որի պատճառով իրենք նրա հետ այլեւս գործ չունեն»: Այնուհետեւ Արկադի Վարդանյանը, Կուռոյանի հաղորդման համաձայն, հայտնել է, որ ազգն այս իշխանությունից փրկելու համար իրենք որոշել են ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել՝ պայթեցնելու միջոցով վերացնել Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի մյուս ղեկավարներին:



 



Կուռոյանը նույնիսկ նկարագրել է ահաբեկչության սցենարը, որի համաձայն՝ պայթյունը պետք է իրականացվեր 2013 թվականի մայիսի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ ամբողջ վերնախավն այցելում են Եռաբլուր եւ Վազգեն Սարգսյանի ու մյուս ազգային հերոսների պանթեոն: «Այդ ժամանակ պետք է նախապես գործի դրվեին երկու ծաղկեպսակներում տեղադրված եւ նշված գերեզմանների մոտ դրված մոտ 50 կգ տրոտիլից պատրաստված պայթուցիկ սարքերը, ինչը, ըստ Արկադի Վարդանյանի, կբավականացներ ՀՀ ամբողջ ղեկավարությունը վերացնելու համար»,- գրված է գործում:



 



Փաստորեն, մեր ԱԱԾ-ն կասկածում էր, որ Արկադի Վարդանյանն Օպերայում կանգնող անծանոթի հետ սրճելիս նրան առաջարկել է պայթեցնել ՀՀ ղեկավարներին: Ըստ Կուռոյանի, Վարդանյանն իրեն բջջային է նվիրել՝ 5 հազար դրամ լիցքավորված, ապա հանդիպել է նաեւ հաջորդ օրը՝ «Շվաք» ռեստորանում, եւ առաջարկել նախկին ազատամարտիկների շրջանում գտնել «սապյոռ» եւ կապավոր՝ պայթուցիկ նյութը տեղադրելու եւ հեռավորության վրա գործի դնելու համար, ինչպես նաեւ Ղարաբաղում հավաքագրել իշխանությունների հանդեպ դժգոհություն ունեցող 50-80 նախկին ազատամարտիկների, ովքեր անհրաժեշտ են լինելու ահաբեկչությունից հետո հեռուստատեսությունը եւ այլ օբյեկտներ գրավելու համար:



 



 



Ապա Վարդանյանն ասել է, որ վատ ֆինանսական վիճակում է գտնվում, որ իշխանություններն իրեն սնանկացրել են, եւ խնդրել է իրեն ներկայացնել Կուռոյանի ծանոթների՝ մոսկվացի գործարար Ալիկի եւ Չելյաբինսկից ժամանած Արթուրի հետ, որոնց շրջապատում իրենք լինում էին միտինգների օրերին: Սակայն մոսկվացի գործարարը Կուռոյանին խորհուրդ է տվել հեռու մնալ Արկադի Վարդանյանից, որն «ավանտյուրիստ» է, եւ գործ չունենալ նրա հետ:



 



Որոշելով, որ իրենց ներքաշում են «շառի» մեջ, ազատամարտիկ Աբրահամյանն ու Կուռոյանը հրաժարվել են մասնակցել Վարդանյանի պլաններին, վերադարձրել են նրա նվիրած բջջայինը, իսկ Սամվել Կուռոյանը որոշել է գալ ԱԱԾ եւ հայտնել իր հետ կատարվածի մասին: Սամվել Կուռոյանի անունը մեղադրականում չկա, նրա եւ Արկադի Վարդանյանի միջեւ առերեսում չի արվել: Արսեն Ավետյանի փաստաբան Գեւորգ Մելքոնյանը պնդում է, որ քրեական գործում կան նաեւ Վարդանյանի եւ Ավետյանի զրույցների գաղտնալսումները հեղաշրջման փորձի վերաբերյալ: «Հետագայում քննչական մարմինը համարել է, որ այս խոսակցություններն օդ են, որ այստեղ հանցակազմ չկա, եւ դրանք մեղադրանքում չեն արտացոլվել»,- ասում է փաստաբանը: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ են արել քննիչները Կուռոյանի ցուցմունքների հետ:



 



Եթե դրանք կեղծ էին, ապա ինչու նրան սուտ մատնության մեղադրանք չեն առաջադրել, իսկ կենցաղային հողի վրա նախապատրաստվող սպանության գործը չի փոխանցվել ոստիկանություն, այլ մնացել է ԱԱԾ վարույթում: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ