Գեներալ Մանվելն էլ կարող է հիվանդանալ ու մեռնել

Գեներալ Մանվելն էլ կարող է հիվանդանալ ու մեռնել

«Հրապարակը» գրել էր գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին: Գրել էինք հարգանքով, առանց որևէ ավելորդ բառի ու էմոցիայի: Գրել էինք, քանզի կարծում ենք, որ վաղուց անցել են բրեժնևյան ժամանակները, երբ հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց առողջության, անգամ մահվան մասին լուրերը թաքցվում էին: Այն ժամանակ բազմաթիվ պատմություններ էին շրջում, թե ինչպես են մահամերձ Չեռնենկոյի համար հիվանդանոցում «ընտրական տեղամաս» բացել և ցույց տվել, որ գենսեկը գնացել է քվեարկության, որ երկրի ղեկավարի շաբաթներ շարունակ էկրանին չերևալը կասկածների տեղիք չտա: Այն ժամանակ պարզ էր, որ խնդիր կա իշխանությունը փոխանցելու, աթոռակռիվ է գնում, այն էլ՝ մի հսկա կայսրության, որը տոտալիտար երկիր էր և դեմոկրատիայի մասին խոսելն իսկ ավելորդ էր: Հիմա, փառք Աստծո, անցել են այդ ժամանակները և եթե անգամ մեր երկրի ղեկավարները շատ ուզենան՝ չեն կարող իրենց քայլերը, վարք ու բարքը, առողջական վիճակն ու հոգեվիճակը թաքցնել մամուլից: Մանավանդ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է:



 



Հիմա դառնանք գեներալի առողջական վիճակին: Ամիսներ առաջ տպագրած մեր լուրը, որ Մանվել Գրիգորյանը վատառողջ է, բուժվում է Ֆրանսիայում, հենց իր՝ գեներալի կողմից շատ բուռն ընդունվեց՝ նա ոչ միայն հերքեց իր վատառողջության մասին լուրը, այլև հայտարարեց՝«Ով իմ առողջության մասին հանկարծ վատ մտածի, ուրեմն թուրքի լամուկ է»: Մենք այն ժամանակ չարձագանքեցինք այս խոսքերին, թեև՝ թուրքի դեմ կռված ու իր ազգի հերոս համարվող մարդու բերանից նման արտահայտություն լսելն առնվազն տարօրինակ էր: Օրեր անց հաստատեցին, որ գեներալը լուրջ բուժման կուրս է անցնում, վիրահատություն է տարել և անգամ բժիշկներն անկողնային ռեժիմ են սահմանել, բայց ինքը կիսատ թողնելով բուժումը՝ վերադարձել է Հայաստան: Հիմա կրկին գեներալը մեկնել է Ֆրանսիա՝ բուժման, ավելին՝ նրանից անմիջապես հետո Ֆրանսիա է մեկնել որդին՝ Էջմիածնի քաղաքապետը: Ենթադրվում է, որ Մանվել Գրիգորյանի վիճակը բարդ է՝ որդուն կանչել են մոտը:



 



Այս լուրը մի նոր ալիք առաջացրեց. հայտարարեցին, որ Էջմիածինը ուղիղ կապերի մեջ է Ֆրանսիայի հետ, լուրջ ծրագրեր են անում և Կարեն Գրիգորյանին համարյա Սարկոզիի մակարդակով հանդիպումների են հրավիրել՝ մեկնելու պատճառը դա է: Բացի այդ ԵԿՄ անդամ նախկին ազատամարտիկները համարելով, որ սա հարմար առիթ է ԵԿՄ նախագահին քծնելու համար վերցրին նրանից «էստաֆետը» և սկսեցին հայհոյել «բորենիներին», «թուրքի լամուկներին», ովքեր գեներալի առողջության մասին լուրեր են տարածում: Դե մեր լրատվամիջոցներն էլ սիրով սկսեցին տիրաժավորել այդ հայհոյանքները:



 



Տպավորություն է ստեղծվում, որ հիվանդությունը հանցագործություն է և մենք ազգային հերոս գեներալին մեղադրել ենք ծանր պետական հանցագործության մեջ: Կամ՝ մեղք է, որը վերագրել ենք ոմանց սիրելի կուռքին: Կամ թուլության նշան է: Այս տկարամիտներին ուզում ենք ասել, որ հիվանդությունը մարդու համար է, բոլոր մարդիկ կարող են հիվանդանալ, ավելին՝ երբեմն էլ մեռնել այդ հիվանդություններից և դա ոչ թուլություն է, ոչ թերություն, ոչ մեղք, ոչ հանցագործություն, ոչ ամոթալի բան: Հիվանդությունը թաքցնելու իմաստը չկա և կիրթ մարդիկ չեն էլ թաքցնում այն: Աշխարհի շատ հայտնի մարդիկ, որոնք քաղցկեղով հիվանդացել են, այդ հիվանդության դեմ պայքարն ի ցույց են դրել, որպես ոգու արիության, կամքի, մարդկային համերաշխության դրսևորման առիթ: Հաղորդումներ են արել այդ մասին, գրքեր գրել: Սոլժենիցինն, օրինակ, իր ամենահանճարեղ գործերից մեկը՝ «Քաղցկեղի մասնաշենքը» գրել է իր հիվանդության՝ քաղցկեղի հաղթահարման մասին: և ինչպիսի ազնվությամբ ու անկեղծությամբ է գրել:



 



Հիմա՝ ի՞նչ է պատահել. Եթե ազգային հերոս է, կամ գեներալ, չպե՞տք է հիվանդանար: Հիվանդությունը, ինչպես վախկոտ մի դեզերտիր, պետք է խուսափե՞ր գեներալի դեմը դուրս գալուց: Ինչո՞ւ՝ փոքրիկ մի մանկիկ, որ հիվանդանում է, արժանի է այդ հիվանդությանը, իսկ պատերազմի վետերանը՝ ո՞չ: Իհարկե՝ առողջություն գեներալին և երկար տարիների կյանք, բայց հիվանդությունն էլ պետք է պատվով կրել՝ չստել, չհայհոյել, չանիծել ապրողներին, առավել ևս այդ մասին գրողներին: Հանրությունը հետաքրքրված է իր հերոսների կյանքով ու առողջությամբ և մամուլը չի կարող նրան չիրազեկել ամեն ինչի մասին՝ այդ թվում գեներալի հիվանդության:



 



Հրապարակ