Պռոշյանում էլ են արագաչափը թաքցրել

Պռոշյանում էլ են արագաչափը թաքցրել

Նախորդ անգամ գրել էինք Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մոտ՝ Երևան-Գյումրի միջպետական մայրուղու եզրին, նոր տեղադրված արագաչափ սարքի մասին: Ճիշտ է, մեր հրապարակումը ոստիկանության սրտով չէր, սակայն նրանք ստիպված եղան, իրենց բառերով, սանիտարական հատում կատարել ճամփեզրին՝ բացելով այն տարածքը, որտեղ գտնվում է բնակավայրի սկիզբը նախանշող նշանը, հենց որի գլխին էլ տեղադրված է արագաչափի նշանը:



 



Սրան թերևս արժե անդրադառնալ ևս մեկ փաստով. սարքի մոտ գտնվող առևտրի օբյեկտի աշխատողն ասաց, որ արագաչափը տեղադրելուց անմիջապես հետո մեկ ժամվա ընթացքում, իր հաշվելով, սարքը 120 անգամ կատարել է իրեն բնորոշ գործողությունը: Պարզ ասած՝ «փող է տպել»: Ստացվում է, որ եղածով մարդիկ չեն բավարարվում և խոչընդոտող ու անօրինական պայմաններ են ստեղծում, որպեսզի սարքն ավելի արդյունավետ աշխատի:



 



Նույնկերպ մարդիկ վարվել են նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում: Եթե Ագարակում գոյություն ունի բնակավայրի սկիզբը ցուցանող նշան, ապա Պռոշյանում, Երևանի կողմից երթևեկելիս, նշված նշանին բնավ չես հանդիպի: Գոյություն չունի նաև արագաչափ սարքի ճանապարհային նշանը: Սակայն ավելի զավեշտալին այն է, որ արագաչափը թաքնված է թփերի մեջ, և այն կարելի է նշմարել միայն 15-20 մետր տարածությունից: Կարծում ենք՝ այսքանից հետո լրիվ օրինաչափ է, որ այս տարածքում 60 արագությունը գերազանցող վարորդները չմուծեն տուգանքները ու դատի տան արագաչափ սարքի և ճանապարհային նշանները տեղադրող կազմակերպություններին: Պարզ ասած՝ սա «ռեկետ» է օրը ցերեկով:



 



Համոզվելու համար հենց հիմա գնացեք Պռոշյան, գերազանցեք արագությունը և վերջին պահին կնկատեք, որ անհայտ տեղից ինչ-որ լույս վառվեց, այլ կերպ ասած՝ անարգել ջեբկիրություն կատարեց ձեր նկատմամբ: Իսկ ջեբկիրությունը, ամեն դեպքում, օրենքով պատժելի արարք է: Մնում է կառչել օրենքից, սեփական շահն ու, ինչու չէ, արժանապատվությունը պաշտպանելու համար:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ