Հայկական ժամանակ

Հայկական ժամանակ

Ապուշի մեկը: Ավազակ: Դրա երկու մետրանոց բո՛յը, դրա մսագործ մարմինը: Էդ վզով ո՞ւր գնա, որ տեղում ավագ սափրագլուխ չնշանակեն, էդ գլխով էլ` գլխավոր մասնագետ, քիթումռութ ջարդելու գծով: Եկել, ավտոբուսում, ամոթ էլ է, թաթերն է սրա-նրա գրպանը խցկում:



Գողի մեկը: Ջեբկիր: Թե ի՞նչ ես գտնելու էս խեղճուկրակների մոտ: Ինչ կար` պրծել ա: Տարել են վաղուց: Հենց քո ջեբկիր ախպերները, քո էն զոնի ու մտահորիզոնի ընկերները: Էսօրվա օրենքով գողերը: Ինչու օրենքո՞վ: Որովհետեւ օրենքն էլ է իրենցը, իշխանությունն էլ: Ու վայ թե հենց օրենքով էլ տանում են…



Վայ, վայ, վայ… հլա դրա կարմրած երեսը, դրա մորֆինիստ ձեռքերը, դրա... Սա ամաչի՞, որ դիմացը, ենթադրենք, կին է, ասենք` հղի, հնարավոր է` ամուսնուց բաժանված ու հրեն, փաստորեն միակողմանի, երկու որբ երեխա փեշից կախ... Կամ էն քրքրված ծերուկը, հաստատ ծակ, դատարկ գրպաններով: Մեկը լինի` ինքը փող դնի գրպանը, նախօրոք զգուշացնելով, որ ցած չթափվի…



 



Ու մի տղամարդ չկա էս ավտոբուսում, որ վեր կենա, ասի` ես քո էսենցն ու էնենցը, հերիք չեղա՞վ քեզ...



 



Է՜ է՜ է՜... գլուխ կգովենք, թե մե՛նք, մե՛նք... Բա ո՜նց, մենք` ամենաբարձրը, մենք` ամենաքաղցրը, ամենա... Ըտենց էլ եղել ենք: Էն նախնադարից: Էդ նախնադարն էլ` էդ փետ ու երկաթի ստուգարքները` արագացված տեմպով ենք անցել, ընդամենը մի երկու քարե տարի ու էքստերն քննություն, ու գերազանցի դիպլոմ: Ըտենց գերազանց էլ` միջնադար: Այ, էստեղ էր փորձանքը` մտանք ու լռվեցինք...



Խուժանի մեկը: Լկտի: Ա՛յ մարդ, բա մեկը չլինի՞ բռնի սրա ձեռքը: Մեկ ուրիշն էլ` մյուս ձեռքը: Մի քանիսն էլ` ոտքերը, մնացածն էլ` վզակոթին, փորին, մեջքին... ա՛ռ քեզ, սրիկա՛, ավազա՛կ... Ժողովո՛ւրդ, հապա բոլորով` մի-ա-ցում... մի-ա-ցում... պայքար, պայքար` մինչեւ... Հեյ, էն ազնիվ ու ցուրտ տարիներ... Տարիներս, տարիներս... բը...ռ...ռ... ցուրտ մտավ մեջս... թեյ լիներ մի բաժակ կամ օղի...



Արա՛, մենք ի՜նչ ժողովուրդ: Հա՛, մենք ասող ենք, խոսող, բայց` վերջինը, բայց վերջում ու էնտեղ` տանը, քնելուց առաջ, ուտելուց հետո… հորանջելով, բացած անկողնու մեջ մանրից բացվելով... Ու դու բացվում ես` «... էդտեղ էլ չդիմացա, ու որ չվերկալա ու տվի` սա փախավ: Որ փախավ, մի հատ էլ տվի... ո՞նց... որ փախել էր, ոնց տվի՞... հենց ըտենց, կնի՛կ ջան... էդ փախնելը քո պրոբլեմը չի... էդ իմ թույլտվությամբ փախավ սրիկան...»,- սիրտդ էլ զուգահեռ սկսում է լցվել հետագա հնարավոր ամուսնական բոնուսների քաղցր սպասումներով...



Չէ՛, էս սրիկան վայ թե շատ խորացավ: Ինձ ա հասել, ցուլի մեկը: Հիմա էլ իմ գրպաններն ա քրքրում: Խեղճ ու կրակ կոպեկներս ա վայթե փնտրում: Կգտնես, բա չէ՞: Խի նոր եմ հանե՞լ: Էն երեք հարյուր դրամ մանրս: Հրես, ձախ ձեռքումս, բռիս մեջ ամուր սեղմած: Կարող ա՞ չգիտեի` ում եմ հանդիպելու: Խեղճ կոպեկներս էլ` քաղաք գնալու ծախսս: Կինս ա տվել: Ոնց որ` ամեն օր: Ընդհանրապես ճիշտ ես` երկու հարյուրն էլ է հերիք, «տուդա-աբրատնի», բայց երրորդի էֆեկտն է ուրիշ: Ախր, գրպանում որ զրնգացնում, դրանք շխկշխկացնում ես, մի տեսակ ուրիշ մարդ ես քեզ զգում… նույնիսկ` տղամարդ...



Էս սրիկան վայ թե էդ զնգզնգոցներն էլ լսել է: Փողի համ ես առել, հա՞, ապուշի՛ մեկը: Կգտնես, բա ո՞նց... հը՞, կոպեկդ գտա՞ր, գողի՛կ: Այ, ըտենց խայտառակ կլինես, կշշկլվես, ես քո...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ