Նոր գիրք. «Ազատության հրապարակ»

Նոր գիրք. «Ազատության հրապարակ»

Երեկ «Հայգիրք» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Ազատության հրապարակ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին, եւ, ինչպես նշեց հեղինակը, այն շատ մեծ կարեւորություն ունի իր համար։



 



«Ազատության հրապարակն այն վայրն է, որտեղ 88թ.-ին սկսվեց, սկզբնավորվեց եւ առայսօր շարունակվում է մեր Երրորդ հանրապետությունը։ Իմ սերնդի համար շատ բախտորոշ նշանակություն է ունեցել, որովհետեւ ձեւավորվել ենք այդ շարժումով, իմ ընկերներից շատերն էլ զոհվել են այդ շարժման ժամանակ»,- ասում է բանաստեղծը եւ նշում, որ գրքում ընդգրկված են հին ու նոր գործեր. «Գրքի երկրորդ մասը 88-94թթ.-ին գրված բանաստեղծություններն են ու «Մարդու որդիները» պոեմը, որը նվիրված է իմ մտերիմ ընկեր Կարեն Ավետիսյանի հիշատակին, իսկ առաջին մասում «Ազատության հրապարակ» շարքն է, երբ 20 տարի անց արժեւորում ես անկախությունը, եւ «Առավոտ» վերնագրով պոեմը, որտեղ ցեղասպանության թեման նոր լույսի տակ, մեր սերնդի աչքերով եմ դիտարկել»։ 



Բանաստեղծը նշեց, որ այսօր հաճախ են ասում, թե մեր պոետները չանդրադարձան մեր անկախությանը, պատերազմին՝ չարժեւորեցին այն, բայց «հենց այս գրքով ես այդ անդրադարձն եմ արել, գրքում ամբողջությամբ անկախության արժեւորումն է, ինչը բավականին ոգի է տալիս մարդուն՝ իր արժեքներին տեր լինելու։



 



Ի վերջո, մենք այն սերունդն ենք, որոնց աչքերում կա վեհ Հայաստանի տեսլականը, ու, անկախ սոցիալական վիճակից, այդ տեսլականն եմ ես կրում գրքում։ Բայց, անկախության արժեւորումից բացի, այնտեղ կան բանաստեղծություններ, որտեղ ասում եմ, որ մեր երազածը չէիր, դեռ որպես հագուստ մեր վրայով չես, այսինքն՝ կա նաեւ այդ մոտեցումը, մտահոգությունը, որ, ցավոք, այն չես, ինչպես կուզեինք լիներ, բայց, անկախ դրանից, արժեւորում ես եւ հավատում, որ լինելու է»։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ