Կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը կթույլատրի նրա տնօրինության տակ գտնվող Դավիթ Անհաղթ փողոցի 23/6 հասցեի 477,2 քմ մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Այ Փի Էս Սի քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ին` օտարվող գույքի գնահատված արժեքի 75%-ի չափով, որը կազմում է շուրջ 30,8 մլն դրամ:
Որոշումը կընդունվի կառավարության առաջիկա նիստում: Այսպիսով, կառավարությունը Զեյթուն համայնքում «սահմանում» է անշարժ գույքի քառակուսի մետրի մի գին, որը գոյություն չունի ոչ միայն Երեւանում, այլեւ երեւանամերձ եւ ոչ մի բնակավայրում: Իսկ կոնկրետ Զեյթուն վարչական շրջանում անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում) մեկ քառակուսի մետրի արժեքը հոկտեմբեր ամսին, ըստ ԱՎԾ տվյալների, կազմել է շուրջ 282 հազար դրամ, այսինքն` գրեթե 4,5 անգամ թանկ, քան ուղղակի վաճառքի ձեւով կառավարությունն է օտարում: Համեմատության համար նշենք, որ անշարժ գույքի քառակուսի մետրի նման գին, որպիսին իր տնօրինության տակ գտնվող տարածքը գնահատել է Պետգույքի կառավարման վարչությունը, ներկայում գոյություն ունի միայն Արթիկում( 66 հազ. դրամ/քմ), Թալինում (65 հազ./քմ) ու էլի մի քանի հեռավոր բնակավայրերում:
Մինչդեռ 3 տարվա ընթացքում պայմանագրով նախատեսվող եւս 20 մլն դրամի ներդրումն ուղղվելու է տարածքի եւ տանիքի վերանորոգմանը, շքամուտքի բարեկարգմանն ու չշահագործվող վերելակի շահագործմանը: Այսինքն, եթե գնորդը, իր իսկ նպատակահարմարությունից ելնելով, շահագործում է վերելակը, ենթադրենք՝ նաեւ եվրավերանորոգում է իր սեփականություն հանդիսացող տարածքը եւ ծաղիկներ դնում շքամուտքում, սա համարվում է ներդրում:
Թե ինչպես եւ որքանով են այդ ներդրումները կատարվում, մեխանիզմների մասին կարելի է ենթադրել: Բայց եթե անգամ ընդունենք, որ այդ ներդրումներն ամբողջապես կատարվում են եւ շատ արդյունավետ են, ապա այս դեպքում եւս չի փոխհատուցվում տարածքի շուկայական գնի անգամ 50%-ը: Այս դեպքում մեկ քառակուսի մետրի արժեքը, ներդրումներով հանդերձ, կազմում է 106 հազար դրամ, որը շուկայական գնի հազիվ 38%-ն է:
Բայց արժե՞ գլուխ ցավեցնել մի բանի վրա, որն առանց այն էլ ակնհայտ է եւ անթաքույց: Այս գործարքն ուղղակի «գույք պարտքի դիմաց» շարքից է, որն այս անգամ ուղղված է իրենց «եվրոպացի բարեկամներ» հորջորջող յուրայիններին:
ԲԱՐԻ ՑԱՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ
Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ հորջորջվող «Այ Փի Էս Սի» (IPSC) ընկերության անունն իրազեկ հասարակությանը հազիվ թե որեւէ բան հուշի, բացի այն, որ սույն ՍՊԸ-ն «պետպատվերի» շրջանակներում արդեն հինգ տարի Հայաստանում իրականացնում է գրեթե բոլոր փողաշատ հետազոտություններն ու ուսումնասիրությունները, իսկ թե ինչպես` պետք չէ ենթադրել: Բավական է ընդամենը բացել նշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքը` համոզվելու, թե ինչպես «Հայաստանի եվրոպացի բարեկամների» հետ ձեռք ձեռքի տված` նույն ինքը` IPSC-ն, նախագահական ընտրություններում «ապահովում» էր բնակչության 69% մասնակցություն, իսկ կոնկերտ Սերժ Սարգսյանի համար` 68,6% ձայն: Իհարկե, IPSC-ի «բարեկամախառն» համակրանքը նույնքան շռայլ չէ իշխանությունների մյուս թեւերի (եթե, իհարկե, մեր քաղաքական ու պետական համակարգում դրանք ամբողջապես չեն ուծացվել երկրի նախագահի մեն-միակ թեւի տակ) գործունեության նկատմամբ:
Ահավասիկ, նույն հասարակությունը, որն իր ձայնն աներկբա տալիս է Սերժ Սարգսյանին, չի վստահում նրա կողմից (քաղաքական մեծամասնության արդյունքում) ձեւավորված իշխանություններին: Այս տեսակետը «հաստատվում» է IPSC-ի` իշխանությունների գործունեության վերաբերյալ վերջին ուսումնասիրությամբ, ըստ որի` հասարակության ավելի քան 72%-ը բացարձակապես չի վստահում իշխանություններին: Բայց անգամ այս «կոշտ բացահայտումը», որը կարող էր այնքան էլ հաճո չլինել կառավարությանը, չի կասեցնում IPSC-ին «գույքաբերվելու» ձգտումը: Քանի որ ՍՊԸ-ի գործունեության առաջնային նպատակը Հայաստանում «բարի ցարի» սինդրոմի ամրապնդումն է հասարակության մեջ եւ դժգոհությունների նրբանկատ ուղղորդումը նախագահի անձից հեռու` դեպի «իշխանություններ» կոչվող կաստա, որն էլ, հանուն տիրոջ, հնազանդորեն կուլ է տալիս իր հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող կսմիթները:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ