ԿԱՄՈՒՖԼՅԱԺ

ԿԱՄՈՒՖԼՅԱԺ

Հավսա՜ր... զգա՛ստ: Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի ազատ եւ անկախ հանրապետության կառավարական գվարդիական վաշտի կառավարության անդամ նախարար-մարտիկներ, Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո ողջունում եմ ձեզ:



- Ուռա՜...



- Մերսի...



- Շնորհակալություն ընտանյոք հանդերձ...



- Շատ ապրես, տղա ջան...



- Թողնե՜լ... Հարկավոր է պատասխանել կարճ եւ հատու` «Ուռռա՜...», հասկանալի՞ է...



- Ըհը...



- Հընճի չէ օր, օղուլ, մեռնիմ քեզի...



- Ադա, բա խոմ բութ չե՞նք, հսկացանք, ասիլ տեն կառավարություն, խոմ չասի՞ն` էն ոնց տեն ասի՞լ...



- Ախչի, ինչ էլ խիստն ա բոյմեռածը: Գեներալ ա՞...



- Որ մեզ ղեկավարում ա` հաստատ ավելի բարձր կլինի` մայոր կամ երկու մայոր...



- Ախչի, բայց ոնց որ մեկն ա...



- Մեկն ա, բայց շատ «սիմպածիչնի», ռազմավարական առումով` գրավիչ...



- Նորից թողնել... Տիկնայք եւ պարոնայք ղեկավար մարտիկներ, խնդրում եմ պահպանել զինվորական կարգապահություն. շարքի մեջ մի՛ խոսեք... Արտգործնախ ավագ սերժանտ պ-րն Փափլիկյան, զեկուցեք դասակի մարտական վիճակի մասին:



- Շարքի մե՞ջ խոսեմ, թե՞ մոտենամ բանակցությունների սեղանին...



- Պարոն, ի՞նչ սեղան... դուք պետք է ասեք` «Լսում եմ», հետո դուրս գաք շարքից երեք քայլ եւ զեկուցեք...



- Կներեք, ես հիմա կոմյունիկեի վրա եմ աշխատում, հիմա զանգեմ` տեղակալս կգա-կզեկուցի:



- Բայց...



- Լավ, լավ, հասկացա, դուրս եմ գալիս, բայց գոնե ամբիոն դնեիք, միկրոֆոն, թարգմանիչ... Հանրապետության դրոշը... ջերմուկ...



- Դուք... դուք... հասկա...



- Ախչի՜, ի՜նչ «ծեմպերամենտ» ունի...



- Հա, բա՞: Լսի` «մակիյաժ» արե՞լ ես...



- Հա, բա ո՜նց, խրամատում... բայց էս սապոգներս...



- Պարոն ղեկավար-հրամանատար, իսկ չի՞ կարելի մարտիկ-նախարար կանայք սապոգների տեղ «սապաժկի» հագնեն... սուր կրունկ...



- Բա ո՞նց եք վազելու:



- Վազե՞լ... ինչո՞ւ վազել... մեքենայով ավելի արագ չի՞ լինի...



- «Նաչալնիկ» ջան, բա ընդմիջում ե՞րբ ենք անում: Սոված թուլացանք, այ ախպեր ջան, հեսա ավտոմատը ձեռիցս ընկնում ա...



- «Կամանդիր», զանգե՞մ՝ «Հարսնաքարում» հաց քցեն կամ «Օջախում» օջախ վառեն...



- Ֆիրմայիցս էլ` խմիչք-մմիչք...



- Ո՛չ, պարոնայք, սա ռազմական իրավիճակ է, թեկուզ պայմանական` բայց չի կարելի: Զինվորական բորշչ կուտեք, ձավարով շիլա, կոմպոտ: Համ էլ քյաբաբ-խորովածն ու սպիրտային խմիչքներն արգելվում է... դրսից բերել: Հիմա մարտական պատրաստականության ժամ է: Ո՞վ կարող է թվարկել` զենքի ստրատեգիական ի՞նչ տեսակներ կան:



- Փողը...



- Շատ փողը...



- Պաշտոնը...



- Ծանոթությունը, ընկերությունը, բարեկամությունը...



- Խնամությունը... քավորը...



- Սաունա՜...



- Ախչի՛, բա մե՞նք, մեր ստրատեգիական տեսա՞կը...



- Թողնե՜լ... Լավ, սովորում ենք ինքնաձիգ կրակել: Տիկին նախարար-մարտիկ, եկեք բացատրեք...



- Ջանա, սիրուն ջան, բացատրվե՞մ...



- Տիկին, բացատրեք...



- Բացատրեմ: Բռնում եմ այ ըսենց, սեղմում եմ կրծքիս, փաթաթվում եմ...



- Ինչի՞ն եք փաթաթվում... դա զենք է...



- Իր զենքը իր կուրծքն ա...



- Թողնել շարքերի խոսակցությունները... Զենքն էլ իջեցրեք, տիկին... իջեցրե՛ք, հիմա մեկին կթրխկացնեք: Պառկեք եւ նշան բռնեք այ էն խրտվիլակին...



- Ո՞վ է որ... Ինչ էլ ծանոթ քիթ ունի...



- Նշանակետ է, տիկին, ի՞նչ կարեւոր է...



- Իսկ կլինի՞ պատկերացնեմ, որ էդ հարեւան ազգի ղեկավարն ա...



- Ում ուզում եք` պատկերացրեք, կրա՜կ... Վահ, ի՜նչ լավ դիպուկ կպաք...



- Բա պատկերացրեցի, է, թաղեմ իրա բոյը... հլա կնկան էլ եմ պատկերացնելու...



- Հրավիրում եմ մյուս տիկին-մարտիկին: Կարո՞ղ եք ցույց տալ, թե ինչպես են օգտագործում նռնակը:



- Էս որ կողքիցս կախել ե՞ն...



- Այո:



- Հանում եմ էս մատանին, կներեք` օղը, քաշում եմ, գցում եմ մի կողմ...



- Տեր Աստված, էս ի՞նչ արիք... վայ մերս, ժողովո՜ւրդ, պառկե՜ք...



... - Ախչի՞, էս ի՞նչ եղան էս մարդիկ...



- Սո՜ւս, բարձրանում ենք երկինք...



- Խի՞...



- Արդեն կես ժամ ա՝ մահացել ենք, էս հետմահու զրույց ա...



- Հա՜... ես էլ ասում եմ խի՞ ենք դառել լուռ ու անգույն... Բայց, բոլոր դեպքերում, լավ գցեցի, չէ՞, մի նռնակով` բոլորին...



- Բա գյուլլես վա՞տն էր, ախչի, էն թշնամի ղեկավարի ուղիղ ճակատին... ափսոս, կնոջը չհասցրի... պատկերացնել...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ