Երեւան․ Մարտիրոս Բադալյան (ֆոտոռեպորտաժ)

Երեւան․ Մարտիրոս Բադալյան (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի Հանրապետության 32 հասցեում է գտնվում գեղանկարիչ, կոլաժի վարպետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստանոցը, որի պատերին ամենուր՝ առաստաղից բացի, նկարներ ու կոլաժներ են փակցված։ Վարպետ Մարտիրոսի ձեռքի տակ երկրորդ կյանք են ստանում բոլոր այն իրերն ու առարկաները, որոնք մենք դեն ենք նետում։ Մի անգամ աղբամանից 100 կամ 200 տարվա հնության կարպետի կտոր է գտել ու մնացել զարմացած, թե ինչպես կարելի էր դա աղբաման նետել։ Ասում է մարդիկ արդեն գիտեն, որ կոլաժներ է պատրաստում եւ իրենց համար անպետք իրերը կամ բերում արվեստանոցի դռան մոտ են թողնում կամ էլ բերում են ու հետն էլ ասում, թե ինչ անի․«Ասում եմ՝ լսի ինչի՞ դու չես անում, ասում է՝ ես ժամանակ չունեմ, դու արա։ Բայց ամենահետաքրքիրը դա է, որ ինքը պատմում է, թե ինչ պիտի անես։ Մի քիչ որ լավ ապրեինք, ազգովի կոլաժ կանեինք, որովհետեւ տրամադրություն կա»։



 



Ֆոտոպատմությունը՝ Սոնա Ադամյանի



 





 



Ամեն օր Մարտիրոս Բադալյանը, պայուսակը ուսին, ձեռքին մի առարկա, գալիս է արվեստանոց։ 



 





 



«Ամեն ինչ, նույնիսկ չունենալն է նպաստել, որ անցնես կոլաժի ու դա այն տարիներին, երբ մենք հացն էինք դժվարությամբ առնում։ Երբեմն տեսնում ես արվեստի հետ կապ չունեցող մարդը թեւի տակ ինչ-որ բան փաթաթած բերում ու ասում է՝ Մարտիրոս, սա կոլաժի համար եմ բերել, ուղղակի ցնդում ես, ասում ես՝ եթե այդ մարդն այդ բառն ասում է, արդեն բավական է»,-ասում է Մարտիրոս Բադալյանը։



 





 



 Հայրենի գյուղի Բանանցի լուսանկարներն է ցուցադրում վարպետ Մարտիրոսը․ վերջին անգամ 30 տարի առաջ է եղել։ Շեշտում է, որ գյուղը ժամանակավոր գտնվում է Ադրբեջանում։ Ասում է՝ գյուղը մի քանի բանով է հայտնի․ առաջին հայ կին օդաչուհին այս գյուղից է եղել, իսկ Մատենադարում պահվող վեհափոռ ավետարանն էլ Բանանցի ավետարանն է։ 



 





 



Որպես բեմադրող նկարիչ 87թ-ից աշխատում է Երեւանի Խամաճիկների պետական թատրոնում, ասում է՝ այս մարիոնետն իր կերպարանքով է պատրաստած․ «Այս տիկնիկը մոլբերդի մոտ աշխատում է, բայց մուսան չի գալիս, բայց մեկ էլ հայտնվում է աղջկա տեսքով մուսան ու թեեւր տալիս տղային»։   



 





 



Վարպետ Մարտիրոսը մոր դիմանկարն է ցույց տալիս, ասում է՝ մայրս հավանել էր իր դիմանկարը, անգամ ցուցահանդեսի ժամանակ լրագրողներից մեկին բացատրել էր, որ կնճիռները շատ եմ արել, որ կոլաժի հետ բռնի։ Հետո եկավ ինձ ասաց՝ ճի՞շտ եմ ասել, ասացի՝ ինձնից լավ ես ասել։



 





 



«Մի օր հայրս թեւի տակ մի մեծ սամովար եկավ հին արվեստանոցս ու ասաց՝ առ մայրդ է ուղարկել, կոլաժ կանես․․․դա գիտես ի՞նչ էր նշանակում ինձ համար, ասենք ոնց որ ես Հռոմի պապը լինեի կամ արբանյակի մատոր սարքեի։ Հիմա էլ թոռնիկս մի բան կբերի ու կասի՝ պապի էս կոլաժի համար եմ բերել։ Այնքան լավ ես զգում, որ մարդիկ հետդ աշխատում են։ Կուզեի շատ մեծ արվեստանոց ունենայի ու ով էս գործը սիրում է, կանչեի բոլորին՝ միասին կոլաժ սարքեինք» ։  



 





 



«Աշխարհում ամենաշատը Հիսուսից հետո Դոն Կիխոտի կերպարն եմ սիրել, այս նկարում ինձ եմ պատկերել ԴոնԿիխոտի ձիու՝ Ռոսինանտի հետ»։



 





 



Մարտիրոս Բադալյանի արվեստանոցում ամեն քայլափոխի ցուրտ 90-ականներից մի կադր ես հիշում․ օրինակ լվացարանի տակ դրված եռացող թեյնիկը նրա համար է, որ խողովակները չսառեն ու չպայթեն։ 



 





 



Ձկով այս կոլաժը պատրաստել է 90-ականներին, ասում է՝ ֆրանսիացիներ պիտի հյուր գային․«Գնացի եւ 2 հատ ծխեցրած ձուկ առա, մեկով կոլաժ սարքեցի, մյուսն էլ կերանք, բայց ֆրանիսացիներն ավելի շատ կոլաժով էին հիանում»։ 



 





 



Հիշում է, որ ինքնանկարների շարքը ծնվեց Արգենտինայում ապրող աղջկա կարոտից, հիմա արդեն, երբ տեխնիկան յուրացված է, անգամ տասը րոպեն բավական է ինքնանկար կոլաժ ստանալու համար։ 



 





 



Վարպետը 100-ից ավելի ինքնանկարներ ունի՝ պատրաստված ամենատարբեր իրերից․ սա հակագազով է՝ երկու հոգու կերպարանքով, ովքեր հեռախոսով խոսում են իրար հետ․ «Սա այն պահն է, երբ մարդ չի ուզում, որ ինքը երեւա, ու դառնում ես մի տեսակ դիմակավորված»։



 





 



Հայոց արքաների նկարներով իր «արքայական պատմուճանն է» ցուցադրում, ասում է՝ երբ ավելի ջահել էր, սիրում էր այն հագնել ու դրանով աշխատել․ «Մեկ-մեկ քեզ թագավոր ես զգում, էս աշխարհը թատրոն չէ, բա ի՞նչ է»։ 



 





 



Վարպետ Մարտիրոսը պատմում է, որ դեռ չարված մի կոլաժ ունի՝ բութ մատի կոլաժը, հետո հստակեցնում է ասելիքը․ «90-ականներին, երբ ցուրտ էր ու մութ, անընդհատ նկարում էի ու գիրք կարդում, իսկ վերմակի մեջ փաթաթված միայն բութ մատս էր դուրսը մնում ու սառում»։  



 





 



Ներգաղթ է կոչվում 90թ․-ին արված այս եռակտավը․«Ես ինչ երազում եմ լինում է․ Սովետի ժամանակ ինքնանկարների շարք ունեի՝ «Երգ անկախության մասին», երազեցի ու եղավ, հիմա ներգաղթի մասին եմ երազում, որ մի օր էլ դա կատարվի»։  



 





 



Նկարիչը պարգեւատրվել է նաեւ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, որը սակայն իր պատրաստած ինքնանկար կոլաժի բաղադրիչ մի մասնիկն է ընդամենը։    



 





 



Մարտիրոս Բադալյանի արվեստանոցը դժվար է շփոթել, պատշգամբում Հայաստանի եւ Արցախի դրոշներն են, իսկ ձեռքի կոլաժը պահի էքսպրոմտն է՝ ինձ էր հրաժեշտ տալիս։