Էշի դարաշրջան, ձիու տարի

Էշի դարաշրջան, ձիու տարի

(Տոնածառի երգեր մեծահասակների համար)



 



Երգ առաջին: Մեծահասակ փոքրիկները հավաքվում են տոնածառի շուրջ, խմում մի երկու բաժակ, բռնում միմյանց թաթիկներից, որ չընկնեն, ու արտասանում են.



 



Ձի, ձի, փայտե ձի,



Մի ամբողջ դար կուտ տալով



Կարմիր գույնով պայտեցի.



Քեզ հետ այ իմ կաղլիկ ձի



Քանի անգամ գայթեցի`



Կուլակաթափ ու կոլխոզ,



Կռիվ, վերակառուցում,



Հետո իբր թե անկախ



Նարնջագույն հարություն:



Ու ցուրտումութ, գաղթ, կռիվ,



Ներս ու դրսից` աքացի,



Չէ, փիսությունս մնաց



Քեզ իմ ազնիվ Ցոլակ ձի...



Փուչիկի պես պայթեցի,



Քեզանից էլ ինձ մնաց



Անանց արժեք ազգային`



Երկու լղճած ամորձի...



Ով որ ունի այսպես ձի



Թող գա` ինձ հետ մտածի:



 



Առավել ակտիվ մեծահասակ բալիկները կարող են էլի մի երկու բաժակ գցել ու շարունակել արդեն իրենց երեւակայությամբ, պասիվ բալիկները` սկսել նոր երգ.



 



Ծիվ, ծիվ, նարնջի,



Աղջիկ ունեմ` տանը չի,



Տղա ունեմ` տանը չի,



Կնիկ ունեմ` «վափշե»` չի,



Գնացել են բանջարի`



Բելգիա, Թուրքիա, Չինմաչի,



Ես էլ էստեղ` ծառի տակ,



Նկարում եմ նապաստակ:



 



Շոուի ժամանակ կարող եք օգտագործել սեքս-գովազդ` «Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի, քանըսով ես դու տալի», քրիստոնեական հորդոր` «Ձկնիկ-բկլիկ, լող արա, մենակ որսը թո՛ղ, արա՛», շեֆական շնորհավորանք` «Ղեկավար ջան, ղեկավար, ինչ սիրուն ես... ու պայծառ...», մի խոսքով` էս ինչ լավ է, էս ինչ լավ է... հը՞, լավ չի՞... էդ ի՞նչ է, հլա նապաստակ ես նկարո՞ւմ...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ