Ավելի շատ խնդիր կա, քան բնակիչ

Ավելի շատ խնդիր կա, քան բնակիչ

Լոու մարզի Անտառաշեն համայնքը մարզի ամենաքիչ բնակիչ ու ամենաշատ խնդիրներ ունեցող համայնքներից է: Գյուղում չկա ոչինչ՝ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ ու տրանսպորտ, ճանապարհներն էլ անանցանելի են:



Գյուղն ունի 289 բնակիչ, որոնցից շուրջ 50-ը մեկնել են արտագնա աշխատանքի ու արդեն երկար տարիներ է՝ չեն վերադարձել:



Համայնքը բնակեցված է հայերով եւ ռուսներով, հիմնական զբաղվածությունը կապված է գյուղատնտեսության ու անասնապահության հետ: Բնակչության մեծ մասը գործազուրկ է, գյուղից պետական աշխատողներ են շուրջ 10 հոգի: Բնակչության մյուս մասը գործազուրկ է:



Այս գյուղում հիմնականում կարտոֆիլ, գազար ու բազուկ  են աճեցնում: Բնակլիմայական պայմաններից ելնելով, բնակչությունն այգեգործությամբ չի զբաղվում: Մթերում գյուղում չի իրականացվում, քանի որ ոչ մթերող կազմակերպություն կա ոչ էլ՝ ավտոբուս, որով գոնե հնարավոր կլիներ բերքը պարկերով շուկա հասցնել:



Ստեղծման օրվանից մինչ օրս, ըստ աշխատակազմի քարտուղար Սվետլանա Խառատյանի, գյուղը տրանսպորտ չունի. «Մենք ամեն օր 3 կմ ոտքով գնում ենք մինչեւ Լերմոնտովո համայնք, այնտեղից էլ՝ ավտոբուսով քաղաք»: Գյուղը ոչ մանկապարտեզ ունի, ոչ էլ դպրոց, մինչդեռ  32 աշակերտ կա համայնքում, որոնք, սակայն,  հաճախում են հարեւան Լերմոնտովոյի ու Վանաձորի դպրոցներ, սակայն ձմռան օրերին, երբ ճանապարհները փակվում են, շատ երեխաներ պարզապես «բնակություն են հաստատում»  հարեւան գյուղի բնակիչների տներում կամ էլ դուրս են մնում դասապրոցեսից»:



Համայնքը գազիֆիկացված էլ չէ, բնակարանները տաքացնում են թե փայտով, թե գոմաղբով ու թե այն ամենով, ինչը հնարավոր է վառել ու տաքանալ:



Աշխատակազմի քարտուղարի փոխանցմամբ, իրենց համայնքը պետական որեւէ ծրագրում չի ընդգրկվել, պատճառները, սակայն, վերջինիս խոսքով, անհայտ են: Համայնքի խնդիրները շատ են, լուծումները՝ քիչ, ինչն էլ նպաստում է համայնքի դատարկվելուն:



Աշխատակազմի քարտուղարի խոսքով, պետությունը պետք է առաջին հերթին աշխատատեղերի հարցը լուծի, ճանապարհները նորոգի ու կոմունիկացիաներ կառուցի: Համայնքի բյուջեով, սակայն, համայնքային որեւէ խնդիր անհնար է լուծել՝ վստահեցնում է տիկին Խառատյանը: Գյուղապետարանը եւս վերանորոգման կարիք ունի, այն ավելի շատ կիսակառույց կամ կիսախարխուլ շինության է նման՝ քանդված պատերով ու աստիճաններով:



Աշխատակազմի քարտուղարի խնդրանքը պետությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել իրենց համայնքին ու որոշ հարցերի լուծում տալ:



Անտառաշենը, սակայն, մարզի միակ նմանատիպ համայնքը չէ, որտեղ ավելի շատ խնդիր կա, քան բնակիչ:



 



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ