Օլանդն ու Գյուլը անդրադարձել են Թուրքիայի՝ եվրաինտեգրացման հարցին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ իր Անկարա կատարած այցի շրջանակներում հունվարի 27-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում երկու կողմերն էլ անդրադարձել են Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցին: Գյուլի խոսքերով, «Թուրքիան ակնկալում է, որ Ֆրանսիան քաղաքական խոչընդոտներ չի ստեղծի անդամակցության գործընթացի ճանապարհին»:
Գյուլը նաև նշել է, որ բանակցային գործընթացի ավարտից հետո թուրք ժողովուրդը կարող է ունենալ իր նախապատվությունները, և Թուրքիայում հարգանքով կընդունեն նաև ֆրանսիացիների նախապատվությունները: Գյուլը նաև հայտարարել է, որ Թուրքիան չի շտապում դառնալ ԵՄ անդամ, սակայն շտապում է վերացնել բանակցային գործընթացի շրջանակներում առկա բոլոր խոչընդոտները, իսկ Թուրքիայի ղեկավարությունը վստահ է ԵՄ-ին միանալու իր ձգտման մեջ՝ չնայած նրան, որ կան բազմաթիվ քաղաքական քննարկումներ:
Իր հերթին Օլանդը նշել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն և լինեն ամբողջովին թափանցիկ՝ հավելելով, որ Թուրքիան ստորագրել է հատուկ փաստաթուղթ, որպեսզի կանխի ապօրինի ներգաղթը դեպի ԵՄ:
Կարծիքներ