Այսպիսի օրեր երբեք չի տեսել՝ ոչ մի ժողովուրդ հաղթանակ տարած

Այսպիսի օրեր երբեք չի տեսել՝  ոչ մի ժողովուրդ հաղթանակ տարած

Ա



Եվ կա մի երկիր մատնված սովի,
Որտեղ արևը ելնում է ծովից
Ու մայր է մտնում հորիզոններում։
Նրա երկնքում կան ծխոտ ամպեր
Եվ քնքշության մեջ՝ արցունքներ թովիչ։
Հիմա չեմ կարող հաշվել մտովի
Այն տաճարները, որ աներկրային
Աղոթքներ են հար առաքում Աստծուն։
Այս երկիրը, որ ուներ իմաստուն
Եվ խորհրդավոր այրեր բյուրավոր,
Այսօր ապրում է մտքեր մուրալով,
Իսկ վաղը պիտի դառնա կորուսյալ,
Թե շարունակի մեզ իշխել Ռուսիան։



Բ



Ասպատակվում ենք՝ գաղթում ենք հոգով,
Այլակերպվում ենք՝ դառնում մեզ օտար,
Վարկեր ենք առնում տոկոս առ տոկոս,
Որ սերունդներին թողնենք ի կտակ,
Որպեսզի նրանք լինեն վարձակալ
Իրենց սեփական հայրենի հողում։
Այսպես տալիս ենք գույք պարտքի դիմաց
Եվ ջրահեղձի նման փրփուրից
Փորձում ենք հուսալ փրկության եզերք,
Քանզի նավավար չունենք բանիմաց։
Այսպիսի օրեր երբեք չի տեսել
Ոչ մի ժողովուրդ հաղթանակ տարած,
Ինչպիսին մենք ենք՝ այսօր զոհ դառած։



Գ



Մնում է միայն խորհել մի վայրկյան՝
Դեպի ուր գնալ, ում դառնալ գերի,-
Նրանց, որ կուզեն մեր ցեղը հայկյան
Բնաջինջ անել ու տալ հողմերին,
Թե՞ ապավինել ներքին թուրքերին,
Որ նույն նվաստն են և նույնքան անարգ,
Որ քառասուն պորտ թուրք են ավելի,
Քան բազմադարյան ախոյանը մեր։
Այս դրության մեջ անելանելի,
Եվ անառաջնորդ այս երկրում անզոր,
Ինչպե՞ս անծանոթ ուժերին դիմել,
Որ մեր փոխարեն ճգնեն հասկանալ
Մեռնել֊ապրելու խնդիրը այսօր։



Դ

Ուրեմն, ելնենք մաքառման ճամփա
Եվ անսանք խոսքին մեր նախնիների՝
Ազատվենք դավից անմիտ ու անբան
Եվ ամբարտավան այս նախիրների։
Տառապյալների մեր երթը անդարձ
Թող քայլի դեպի հաղթական ավարտ,
Երթա աննահանջ և անտարակույս,-
Խեղճին ներշնչի ապրելու հավատ
Եվ կեղեքվածին՝ վերապրելու հույս,
Որ հեռու մեկնած մարդիկ տարագիր
Կարոտով դառնան հայրենի երկիր,
Եվ վերածնվի ազգային ոգին՝
Արագած լեռան ծաղկավառ գոգին։



***



Եվ Պարթենոնից մինչև տաճարը հեթանոս Գառնու
Կառուցել ենք մենք ¨ հանդեսների եղել մասնակից,
Հիմա լքում ենք տաճարները մեր, ցանուցիր դառնում
Եվ անհետանում գործող ազգերի բեմահարթակից։



 



Ու՞ր ենք հեռանում ամոթին թողած մեր խիղճը ցավոտ,
Եվ մեր ցավերը, որ ապաքինվեն պիտի մեր ձեռամբ,
Մեզ չի վայելում ցեղերի նման այն վաղանցավոր՝
Թափառել, մուրալ և անարգների բախտին մերձենալ...



 



ՄերուԺան Հովհաննիսյան