Նախագահական ընտրություններ-2013

Նախագահական ընտրություններ-2013

Գրառումը՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։



«ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ






Երբեք վնասակար չէ ետ նայել, որպեսզի գնահատական տալ կատարված քաղաքական քայլերին, համեմատել այն ժամանակվա սպասելիքները փաստացի արդյունքների հետ: Այժմ ես տեսնում եմ հնարավորություն` ավելի մանրամասն ցույց տալու այն պատճառները, որոնք ինձ մղել են բողոքով հանդես գալ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մասնակցության դեմ:

2009թ. ամռանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հրավիրել էր ինձ և ԶԼՄ-ների /«168 ժամ» թերթ, ԱՐ հեռուստատեսություն/ երկու խմբագիրների` քննարկելու Հայաստանի քաղաքական օրակարգի մի շարք հարցեր: Դեսպանը խոստովանել է, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար կեղծում են քվեարկության արդյունքները: 
Այդուհանդերձ, նա կարծում էր, որ արդյունքում դա կարևոր չէ, քանի որ հայ քաղաքագետների մեջ չկա այլընտրանք Սերժ Սարգսյանին: Իմ կարծիքով, այդ դիրքորոշումը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Սարգսյանը օժտված չի եղել հասարակության վստահության բավարար պաշարով, այդ իսկ պատճառով 2008 թվականին չի համաձայնվել գնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Երկրորդ` Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու Սարգսյանի քաղաքական կուրսը ընտրողների մեծ մասին չէր կարող հասկանալի լինել: Ուստի, ընտրությունների ժամանակ այդ ծրագիրը հասարակությանը չի ներկայացվել: Եվ երրորդ` փոխզիջումների քաղաքականություն վերադառնալու մասին հրապարակավ կարող էր խոսել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, որոնք իշխանության էին եկել նրա տապալումով, կամ 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների գնով: 

2012թ. փետրվարին ես Տիգրան Սարգսյանից հրավեր ստացա հասարակական ոչ մեծ խմբի հետ մասնակցելու երիտասարդության հիմնախնդիրների քննարկումներին: Քննարկումների ժամանակ վարչապետը կատակով հայտարարեց. «Որպեսզի երկրում փոխվի դրությունը, պետք է հեղափոխություն: Հանրապետական կուսակցությունը Հայաստանում միակ ուժն է, որը կարող է կատարել հեղափոխություն: Քանի որ մենք արդեն իշխանություն ենք, նշանակում է` հեղափոխությունը հնարավոր չէ»: Այսինքն` չնայած «ֆուտբոլային դիվանագիտության» և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցությունների լրիվ ձախողմանը, Հանրապետական կուսակցությունը շարունակում էր իրեն հաղթող համարել Հայաստանի քաղաքական դաշտում: Այդ հարցում պարզություն մտցրեց ԵՄ-Հայաստան ասոցացման բանակցությունների մասին եվրոխորհրդարանի 2012թ. ապրիլի 18-ին ընդունված բանաձևը: «Զիջումների քաղաքականությունը» խնամքով փաթեթավորված էր քաղաքական պահանջների ցուցակում, որը Հայաստանը պետք է կատարեր Եվրոմիությանը ասոցացվելու պայմանագրի շրջանակներում: 
2012թ. նոյեմբերին պարզ դարձավ, որ գալիք նախագահական ընտրությունները կլինեն «անայլընտրանքայնության» ֆենոմենի հաղթանակը: Ըստ էության, դա Սերժ Սարգսյանին վստահության հանրաքվեն էր, այլ ոչ թե նահագահական ընտրություններ: 
ՀՀԿ-ի առաջնորդները ազնվորեն հասարակությանը ներկայացրին քաղաքական բեմագրի իրենց տեսլականը.




1. ընտրությունների արդյունքները կանխորոշված են, այդ պատճառով նախընտրական քարոզչության կգնան առանց վիրավորական հռետորաբանության,
2. նույն այդ պատճառով ընտրողներին կաշառք չի բաժանվի,
3, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն Սերժ Սարգսյանին կշնորհավորի հաղթանակի առթիվ, ուստի ընտրություններից հետո չեն լինի բողոքներ և դատական քննություններ:

«Նախագահական ընտրությունների ֆենոմենը» հասկանալու բանալի կարող է ծառայել Եվրոխորհրդարանի վերոհիշյալ բանաձևի այն կետը, որտեղ նշվում է, որ հայ հասարակության մեջ գոյություն ունի կոնսենսուս եվրոպական ինտեգրման հարցերում: Դա նշանակում է, որ արդեն 2012 թվականի սկզբին խորհրդարանական կուսակցությունները և արտախորհրդարանական ընդդիմությունն իրենց համաձայնությունն են արտահայտել Եվրոմիության ներկայացրած ասոցացման պայմաններին: Այդ պատճառով էլ նախագահական պաշտոնին Սերժ Սարգսյանի առաջադրումն ընթացել է բոլոր խորհրդարանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության մի նշանակալից մասի լուռ համաձայնության ֆոնին: Իրականում, հայ հասարակության մեջ չէր կարող կոնսենսուս լինել եվրոպական ինտեգրացիայի հարցում: Ոչ ոք հայ ժողովրդին չի ասել, որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը Եվրոմիությանը վստահելու` Հայաստանի իրավական պարտավորության մասին: Քանի որ ԵՄ-ն բացահայտ հռչակել էր դեպի Ադրբեջանի էներգապաշարներ ազատ մուտք ստանալու շահագրգռության մասին, ուստի նման որոշումը նման էր ժողովրդի թիկունքում կնքված գործարքի: Եվ թեպետ Իգոր Մուրադյանը համառորեն փորձում էր բոլորին համոզել, որ Մինսկի խմբի համանախագահների կազմում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելը Հայաստանին կտար աշխարհաքաղաքական հսկայական կապիտալ, այդուհանդերձ, նրա փաստարկները համոզիչ չէին:
Ակնհայտ էր այն, որ Եվրոմիության հետ գործարքի ֆոնին «անայլընտրանքայնության» տեսության կողմնակիցները մտադիր էին նախագահական ընտրությունների միջոցով լուծել հետևյալ խնդիրները.

1. միջազգային դիտորդներից ստանալ ընտրությունների դրական գնահատական,
2. վերացնել 2008թ. մարտի 1-ին ոստիկանության իրականացրած գործողությունների առթիվ անկախ հետաքննություն իրականացնելու վերաբերյալ Եվրոպական Միության առաջ ստանձնած պարտավորությունների հրատապությունը,
3. ամբողջ աշխարհին ապացուցել 2012 թվականի մայիսին ձևավորված կառավարության լեգիտիմությունը,
4. ճանապարհ բացել Արևմուտքից ֆինանսական օգնության նոր փաթեթ ստանալու համար,
5. ստեղծել ընդդիմության առաջնորդի նոր ֆիգուր:




Ես համոզված եմ, որ միայն ազնիվ և արդարացի ընտրությունները կարող են անաչառ պատասխան տալ հետևյալ հարցին. «Հայ ժողովուրդը արդյո՞ք պատրաստ է Թուրքիային և Ադրբջանին զիջումներ անելու գնով մտնել եվրոպական ժողովուրդների ընտանիք, կամ ունե՞նք անկախ ազգային զարգացման ուղիով գնալու կամքի ուժ»: Երրորդ որոշումը` «կախված մնալ Ռուսաստանի պոչից», նշանակում է շարունակել կանգնած մնալ տեղում: Դա զարգացման ուղի չէ, այլ ընդամենը վկայություն այն բանի, որ հայ ժողովրդը ոչ առաջին, և ոչ էլ երկրորդ ճանապարհով առաջ գնալու կամքի ուժ չունի: Միանգամայն ակնհատ է, որ գործունակ քաղաքական համակարգի հիմքը համարվում է քաղաքացիների ազատ ընտրությունը, ոչ թե կուսակցությունների գործարքը մեկ ծրագրի շուրջ: Դրա համար էլ 2012 թվականի մայիսին հնչեցված հարցը, թե պե՞տք է Սերժ Սարգսյանին խանգարել` շարունակելու Հայաստանի նախագահի պաշտոնի ուզուրպացումը, ուներ միանշանակ հաստատող պատասխան: 
Որպեսզի խանգարել Սերժ Սարգսյանի «հաղթական» ընտրությունը, անհրաժեշտ էր լուծել երեք խնդիր.

1. ցուցաբերել քրեա-օլիգարխիկ համակարգը ցանկացած գնով չեզոքացնելու կամք,
2. մոբիլիզացնել հանրությանը` դեմ քվեարկելու Սերժ Սարգսյանին;
3. արժեզրկել միջազգային դիտորդների կողմից տրված` ընտրությունների շինծու դրական գնահատականը:





Սերժ Սարգսյանի ֆիգուրի շուրջ արտաքին և ներքին քաղաքական ուժերի կոնսենսուսին այլընտրանք կարող էր դառնալ իսկապես ազատ և արդար ընտրությունների անցկացման պահանջը: Նման քաղաքական պայմաններում այդ պահաջն առաջ քաշելը կնշանակեր հակադրվել գործնականում ամբողջ աշխարհին, ուստի կարելի էր ապավինել միայն սեփական ուժերի և շատ սահմանափակ հասարակական աջակցության վրա: 

2012 թվականին բողոքի ակցիաները Հայաստանում նախադրալներ էին ստեղծել հանուն սահմանադրական իրավունքների քաղաքացիական շարժումներ ձևավորելու համար: Դրանց հետ մեկտեղ ծավալվեց մրցակցություն առաջնորդի դերի համար: Գործող բոլոր բողոքական խմբերը նպատակ դրեցին տապալել քրեա-օլիգարխիկ համակարգը: Սակայն քաղաքացիական շարժման ծրագրի հարցում նրանց մեջ չկար միասնություն և համախմբման ձգտում: Գերիշխում էր նախագահական ընտրությունները բոյկոտելու գաղափարը, քանզի ընտրություններից հետո խորհրդարանական կուսակցությունները վերջնականապես կորցնում են հասարակության վստահությունը և քաղաքացիական նախաձեռնությունների համար բացվում է գործունեության լայն դաշտ:

Պետական մեքենայի թույլ տեղը ընտրակեղծիքներում համարվում է սահմանադրական այն դրույթը, ըստ որի թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում են նոր ընտրություններ: Այս կանոնը գոյություն ունի բոլոր պետություններում, որտեղ գործում է ընտրական կարգը: Այսպիսով, կեղծ ժողովրդավարական պետություններում նախագահական ընտրությունների ժամանակ հնարավորություն կա մեկ մարդու կյանքի գնով իշխանության ուզուրպատորներին պարտադրել բանակցությունների` երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Երբ ժողովրդավարական պետությունում իշխանությունը գտնվում է քրեական օլիգարխիայի ձեռքին, մարդու կյանքի և ազատության իրավունքը չի համարվում քաղաքական արժեք: Դրանում է հենց կայանում քրեական ռեժիմի էությունը: Նախագահի թեկնածուի կյանքը դառնում է կարևոր քաղաքական պաշար, քանզի իշխանության ուզուրպատորներն իրենք են շահագրգռված դրանում, որպեսզի նրանց կողմից կազմակերպված ընտրակեղծումը հաջողությամբ անցնի:





Ի սկզբանե ցածր էր գնահատվում հավանականությունը, թե նախագահի թեկնածուի հացադուլը կարող է ստիպել հայկական քրեական օլիգարխիային` երկրում իսկապես ազատ ընտրություններ անցկացնելու հարցով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ակնհայտ էր, որ այս գոտեմարտի ելքը հիմնականում կախված էր ԱՄՆ և Եվրոմիության իշխանությունների ռեակցիայից: Հացադուլի գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որպեսզի միջազգային դիտորդներին կանգնեցնել ընտրության առջև` հետևել ֆունդամենտալ համամարդկային քաղաքական արժեքներին, թե՞ կոնյուկտորային աշխարհաքաղաքական շահերին: Ոչ ոք չկարողացավ ժխտել այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունը 2012 թվականի մայիսին խորհրդարանում մեծամասնություն է նվաճել ընտարակաշառքի միջոցով: Մյուս կողմից, այս կուսակցությունում Եվրոմիության կատարած քաղաքական ինվեստիցիան ստեղծել էր պատրանք, որ քրեական օլիգարխիան կարող է փուլ առ փուլ իրագործել պետական կառավարման ժողովրդավարացումը Հայաստանում: 

Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը դարձավ քաղաքական գործընթացի գագաթնակետը: Ակնհայտ էր, որ այդ ձևով նպատակ է դրվել երկու շաբաթով հետաձգել քվեարկության օրը: Սակայն հանրությունը չէր հավատում նախագահի թեկնածուի կյանքի դեմ մահափորձի իսկությանը: Ծաղրանքների տարափն ու հասարակության նեգատիվ ռեակցիաները Բաղրամյան-26-ին ստիպեցին հրաժարվել ընտրությունները հետաձգելուց: «Անայլընտրանքային» ընտրությունների տապալումն սկսվեց փետրվարի 11-ից, երբ Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանից ետ վերցրեց իր դիմումը: 
Իրադարձությունների հետագա զարգացումը վերագծեց Սերժ Սարգսյանի ապագայի պլանները.




1. ԵԱՀԿ միջնորդների կողմից տրված գնահատականը պիտանի էր միայն «ներքին օգտագործման» համար,
2. 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության իրականացրած գործողությունների շուրջ անկախ հետաքննություն անցկացնելու պահանջն առավել հրատապություն ձեռք բերեց,
3. կառավարության կոռումպացված էությունը, որը ձևավորվել էր 2012 թվականի մայիսին, ակնհայտ դարձավ ամբողջ աշխարհին,
4. եվրոպական պետությունների թվից դոնորների կոնֆերանսը տապալվեց,
5. ընդդիմության առաջնորդի նոր ֆիգուրը չստեղծվեց:

Արդյունքում Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Գրիչ-ատրճանակը, որը նրան նվիրել էր Մանվել Գրիգորյանը, համարվում է 2013 թվականի ընտրությունների վերջին օղակը, որն անհրաժեշտ է հրաժարականի դիմումը ստորագրելու համար: