Կյանքը հին հայկական ճանապարհի վրա

Կյանքը հին հայկական ճանապարհի վրա

(Սկիզբը նախորդ հոդվածներում` ՀինԵրուսաղեմ, Հայկականթաղամաս”  , “Մաշտոցի «զինվորները» Տերունականսրբավայրերում” 



 



Լուսինե Պետրոսյան



24.05.2011



 



Հին Երուսաղեմի Armenian Road-ով (Հայկական ճանապարհով) քայլելիս ակամա հիշում ես Թոթովենցի վիպակի վերնագիրը` «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»: Խարբերդով անցնող  Հռովմեական ճանապարհը եւ Երուսաղեմի Հայկական ճանապարհը հիմնադրվել են երեւի նույն ժամանակներում` մ.թ.ա. II-I դարեր: Այսօր Armenian Road-ը վերանվանված է Հայոց պատրիարքության փողոց եւ, ինչպես առիթ է եղել ասելու, գոտեւորում է Սիոնի գագաթը: Այդ փողոցը մտովի անցնելով էլ ավարտեմ Իսրայելի եւ հայկական Երուսաղեմի մասին նոթերս:



 



Վարժարան, մատենադարան, թանգարան...



 



Սուրբ Քաղաքի կենտրոնական` Յաֆֆայի Դռնից աջ երեւում է Դավթի միջնաբերդը, որի ուղղությամբ մի քիչ քայլելով՝ անցնում ես David Police-ը եւ կանգնում Հայոց պատրիարքության փողոցում: Սկսվում է Հայկական թաղամասը:



 



Պատրիարքության փողոցից կարելի է թեքվել ձախ եւ Արարատ փողոցով, Սբ. Հակոբյանց վանքապատկան պարսպի երկայնքով իջնել դեպի Հրեական թաղամաս: Իսկ փողոցն ուղիղ շարունակելիս անցնում ենք հայկական հուշանվերների կրպակները, ռեստորանները, կամարը եւ հայտնվում փողոցի լայնահուն հատվածում, որի ձախ մայթին Սբ. Հակոբյանց վանքն է, աջ մայթին` Ժառանգավորաց վարժարանն ու ընծայարանը: Իսրայելյան իշխանություններն առաջարկում են այդ լայն հատվածը վերածել հրապարակի: Մեր միաբանությունը համաձայնություն չի տալիս:



 



Ժառանգավորաց վարժարանը հիմնադրվել է շուրջ մեկեւկես դար առաջ եւ Սբ. Հակոբյանց միաբանության հիմնասյունն է, վարժարանի սաներն են հիմնականում համալրում միաբանության շարքերը: Այսօր վարժարանն ունի շուրջ քառասուն սաներ, Սբ. Հակոբյանց Աթոռն էլ ունի գրեթե նույնքան միաբաններ: Միաբաններից երկու տասնյակը հոգեւոր ծառայության են Երուսաղեմում, մյուսները սփռված են աշխարհում: «Ժառանգավորաց»-ի ներկա տեսուչը` Հայր Թեոդորոսը, նախկին երեւանցի է, ի դեպ, 90-ամյա ընդմիջումից հետո առաջին հայաստանցին Սբ. Հակոբյանց միաբանությունում: Այժմ հայաստանցի սաները շատ են «Ժառանգավորաց» վարժարանում, եւ միայն տարակուսել կարելի է, թե ինչ տրամաբանությամբ ՀՀ ԿԳՆ-ն «Ժառանգավորաց»-ի  ավարտականը չի ճանաչում առնվազն ՀՀ բուհերում շնորհվող բակալավրի աստիճանին համարժեք, երբ այնտեղ տրվող կրթությունը հայաստանյան շատ մագիստրատուրաների մակարդակից բարձր է: Վարժարանի շենքն էլ շատ գեղեցիկ է, կառուցվել է Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ:



 



Եթե «Ժառանգավորաց»-ի դիմացի մայթին Սբ. Հակոբյանց վանք չմտնենք, այլ մայթով առաջանանք` կտեսնենք Armenian Museum ցուցանակը: Դարպասից մտնում ենք ներս, դարերի հնության մի քանի քարե աստիճան բարձրանում, եւ աջ կողմում Մարտիկյան թանգարանի շենքն է: Այժմ փակ է` վերանորոգման պատճառով: Այդ թանգարանը եւ միաբանությունն ունեն անգնահատելի գանձեր` սրբերի մասունքներից, ներառյալ Քրիստոսի խաչափայտի կտորից մինչեւ Բոնապարտի կայսրական ծիրանին, որ վերջինս նվիրել է Հայֆայի Սբ. Գեւորգ վանքի միաբաններին, Մուհամեդ առաքյալի եւ Օմար խալիֆի ֆերմանները` հայոց իրավունքերը ճանաչելու մասին, թանկարժեք մետաղներից ու քարերից եկեղեցական պարագաներ եւ այլն: Ձախ կողմում Գյուլբենկյան մատենադարանն է, որը ծառայում է թե իբրեւ գրադարան-ընթերցասրահ, թե Երեւանի Մատենադարանից հետո հայերեն ձեռագրերի աշխարհում երկրորդ մեծագույն եւ արժեքավոր հավաքածուի պահոց:



 



Իսկ բակով ուղիղ առաջանալիս հասնում ենք Թարգմանչաց վարժարան, որի պատերից ներս Երուսաղեմի հայերը սովորում են հայոց այբուբենը եւ ստանում ազգային մկրտություն: Թարգմանչաց վարժարանը աշխարհիկ կրթօջախ է, ունի նախակրթարանից մինչեւ ավագ դպրոցի բոլոր դասարանները, ուսուցման լեզուն անգլերենն է, զուգահեռ դասավանդվում են արաբերեն, եբրայերեն: Հայերենը ոչ միայն հայագիտական առարկաների լեզուն է` հայոց լեզու, կրոն, մշակույթ, պատմություն, այլեւ դպրոցական միջոցառումների եւ երեխաների խոսակցությունների լեզուն: «Թարգմանչաց»-ի տեսուչը` Հայր Նորայրը, դեպք պատմեց, երբ վարժարանի արաբ մի աշակերտուհու` տարրական դպրոցից, ինքը բարեւել է արաբերեն, երեխան պատասխանել է հայերեն: Այնպես որ՝ հայերեն սովորում են ոչ միայն հայերը, որ դպրոցի շուրջ 110 հոգի աշակերտության 80%-ն են կազմում, այլեւ այլազգիները` հիմնականում արաբներ, եվրոպացիներ: Դպրոցը լիովին ֆինանսավորվում է Սբ. Հակոբյանց միաբանության կողմից, հրաշալի դասասենյակներ, դասագրքեր, ուսուցողական պարագաներ ունեն: Ամենակարեւորը` վարժարանն ինտեգրված է Միացյալ Թագավորության կրթական համակարգին, ինչն էլ թույլ է տալիս միանգամայն մրցունակ շրջանավարտներ տալ, որոնք կրթությունը շարունակում են Եվրոպայում, ԱՄՆ-ում:



 



Թարգմանչաց վարժարանից հետո Սբ. Հրեշտակապետաց վանքն է, այնուհետ` Հայկական թաղամասի բնակելի հատվածը: Իսկ եթե Armenian Museum-ի բակ չմտնենք, այլ Հայոց պատրիարքության փողոցով շարունակենք քայլել, ի վերջո հասնում ենք Սիոնի Դուռ, որտեղից գրեթե մինչեւ Լացի պատին մերձակա ավտոբուսների կայանատեղի դեռ Հայկական թաղամասն է: Եթե Սիոնի Դռնով դուրս գանք Սուրբ Քաղաքի պարսպից, նորից հայկական կալվածքներ են` Սբ. Փրկիչ եկեղեցին, հայոց գերեզմանատունը, Արարայի զոհերի հուշակոթողը եւ այլն: Ի դեպ, Սիոնի Դռնից շատ չհեռացած այն շինությունն է, որի վերին հարկում Քրիստոսի վերջին` խորհրդավոր ընթրիքն է եղել իր առաքյալների հետ: Ներքեւի հարկում Դավիթ արքայի գերեզմանն է:



 



 



Հին Երուսաղեմի հայերը



 



Երուսաղեմում, ի տարբերություն Սփյուռքի շատ գաղթօջախների, որտեղ հայության նվիրատվություններից, օժանդակությունից է կախված եկեղեցին, այստեղ միաբանությունն է իր հասույթներով աջակցում աշխարհիկ համայնքին: Ընդ որում միաբանության անդամներից ոմանք շատ բարեսիրտ են, ուրիշները խիստ են, անգամ ասում են, թե գաղութը պետք է իր իրավասությունների սահմանը ճանաչի: Սակայն, աշխարհիկ թե հոգեւորական, բոլորը միաբան են այն հարցում, որ Հայկական թաղամասը պետք է մնա հայկական, եւ յուրաքանչյուրն իր տեղում գործում է հենց այդ գիտակցությամբ: Միայն հանգամանքը, որ 1967-ից ի վեր Հայկական թաղամասի որեւէ տուն, հողակտոր չի վաճառվել այլ համայնքի, արդեն միասնականության, հայրենասիրության եւ նվիրումի ապացույց է:



 



Իսկ առօրեական տարաձայնությունները ավելի ծիծաղով հարթվող խոսակցություններ են, քան մտահոգության առարկա: Ասենք, գաղութից մեկը՝ ինձ հավատացնելու համար, թե սաղիմահայերն ավելի նախանձախնդիր են հայոց կալվածքները պահպանելու գործում, քան Սբ. Հակոբյանց միաբանները, Նոր Երուսաղեմում հյուրանոց ցույց տվեց, որի շինությունը հողակտորով հայերին է պատկանել, Շահե Սրբազանը վաճառել է: «Լավ, եթե վաճառեց, կնշանակի մի խնդիր կար»,- ասում եմ իրեն: Հայր սուրբերից հարցրեցի, թե ինչ պատմություն է, պարզվում է` քանի որ շինությունն անմարդաբնակ է եղել, արաբ-իսրայելյան պատերազմների ընթացքում գաղթականներ են այդտեղ հաստատվել, եւ այնքան շատ, որ նրանց հանելը միաբանության ուժերից վեր էր, դատական կարգով էլ ապաստանյալներին վտարելու համար պետք էր ահռելի փոխհատուցում վճարել: Ապաստանյալների ինքնաշեն կենսապայմաններից շինությունը քայքայվում էր, եւ  Շահե Սրբազանը միաբանության Տնօրեն Ժողովի հավանությամբ վաճառել է կալվածքը` հնարավոր հասույթ ստանալով նրանից, ինչն աներկբա կորստյան էր մատնվում: Մի՞թե հեռատես չի վարվել:



 



Մի թյուրըմբռնում էլ արժե պատմել. գաղութը դժգոհում էր, ընդ որում եւ դաշնակցական ակումբը, եւ ռամկավարական, թե միաբանները թույլ են տվել, որ Սբ. Հակոբյանց վանքի տարածքում ուտեստի փառատոն, հյուրասիրություն կազմակերպվի, եւ հրեաներ, այլազգիներ վանքի տարածք մտնեն: Գաղութի հայերը որոշել են, թե արվածը ոտնձգություն է վանքի հանդեպ: «Լավ,- հարցնում եմ,- փառատոնի մեջ ի՞նչ վատ բան կա, մանավանդ, եթե հյուրասիրությունը կազմակերպվել է գրադարանի ու թանգարանի միջեւ գտնվող բակում, բոլորիդ էլ հրավիրել են, որ մասնակցեք, մերժել եք»: «Էհ,- ասում են ՀՄԸՄ-ի դաշնակցականները,- ինչո՞ւ եկել կնանոցը ըսեր են, ինչո՞ւ ակումբի ղեկավարության հետ չէին խոսեր, հավանություն առնեին»: «Օքեյ,- ասում եմ,- իրավունք ունիք ըսելու», եւ ծիծաղում ենք: Հետո Հայր սուրբերին հարցրի` ինչո՞ւ ակումբների ղեկավարներին չեն ասել: «Աման, չի հասկցանք` ակումբի ղեկավարնե՞րը պիտի ճաշի պատրաստություն տեսնեին: Կնանոց տեսնելիք հարցն էր, իրենց ըսեր ենք»: Հիմա էլ այստեղ ասելու հերթն էր, թե` ճիշտ եք, իրավունք ունիք:



 



Ինչո՞ւ դրվագները պատմեցի. որովհետեւ Երուսաղեմի մեր թաղամասում ջերմության, հաստատունության, բարեսրտության այնպիսի հոգեպարար աուրա կա` կուսակցական ակումբներում լինի, միաբանությունում թե «քաղաքացիների» թվում (այդպես կոչվում են հայերը, որոնց ընտանիքները թաղամասում ապրում են դարեր), որ ամեն խնդիր էլ միայն պատշաճ բացատրվելու հարց է թվում: Մարդիկ էլ այնքան նման են` վերաբերմունքով, ժպիտով, որ տարբերություն չես ընկալում: Դիցուք, եթե Հակոբ Սեւանին, տիկ. Ժորժետին, մյուսներին չհանդիպեի ՀՄԸՄ (ՀՅԴ) ակումբում, Սարո Նագգաշյանին, Հակոբ Անդրեասյանին, այլոց էլ  ՀԵՄ (ՌԱԿ) ակումբում, երբեք իրենց կուսակցական պատկանելությունը չէի կռահի: Ուղղակի հայեր են, սաղիմահայ կոչմանն արժանի: Սփյուռքում կարեւոր էլ չէ, թե ինչ կազմակերպության անդամ ես, կարեւորը կառույցների գոյությունն է` ցանկացած անվանումով, օրակարգով, որովհետեւ դրանցից ամեն մեկն իր անդամներին հայությանը կապող թել է: Որքան շատ են կապող թելերը, այնքան ամուր են սփյուռքահայերը: Այլ հարց, որ ինչպես ամենուր, այնպես էլ Երուսաղեմի մեր թաղամասում, կան մարդիկ, որոնք լուրջ են, խորն են եւ արժեքավոր են ինքնին:



 



Այդ առումով երեւի միաբաններից հետո ամենախոր տպավորությունս պրն. Գեւորգ Ինթիլյանից էր, ով Եղիշե Տերտերյան պատրիարքի քարտուղարն էր եղել, հիմա կարծեմ Գյուլբենկյան գրադարանն է ղեկավարում: Այնքան, որ Հայր Գուսանին շնորհակալություն հայտնեցի ծանոթացնելու համար, Երուսաղեմի հայության մասին պրն. Ինթիլյանի գիրքն էլ Հայաստան բերեցի: Հայր Գուսանը Սբ. Հակոբյանց Աթոռի թարգմանն է, ըստ էության Աթոռի արտաքին հարաբերությունների պատասխանատուն, մարդ, ումից հանգիստ կսովորես diplomacy in action: Մի «բանակցության» ինքս եմ ներկա եղել: Սբ. Հարության տաճարում ասորիների կոնֆեսիայի հետ խնդիր էր ծագել, Հայր Գուսանը հանդիպում էր Սալիբային (Սուրբ Քաղաքի քրիստոնեական սրբավայրերի գլխավոր ոստիկանն է): Ինչպես սկսեց խոսակցությո՞ւնը: «Սալիբա, դու այս խնդիրը գիտես, բացարձակ բարբարոսություն է, քաղաքակրթության նշույլ չկա նրանց արարքներում»: Սալիբային նման նախաբանից հետո ի՞նչ էր մնում անել, բացի հակվելը այն մտքին, թե պետք է նոր բողոք ընդունի:



 



Վերջաբանի փոխարեն



 



Երեւի արդարություն կա նրանում, որ Իսրայելից ճամփորդական նոթերն ավարտեմ Հայր Գուսանի եւ Սալիբայի հիշատակությամբ, որովհետեւ իրենց հետ ասոցացվող դրվագները շատ են հիշարժան: Սալիբան ազգությամբ արաբ էր, դավանանքով` հունադավան քրիստոնյա, ծառայում էր Իսրայելի ոստիկանությունում` David Police-ում, եւ կատակում էր, թե կիսով հայ է` Խաչիկ Խաչիկյան (Սալիբա՝ հայերեն Խաչատուր, Խաչիկ անվան համարժեքն է): Ի՜նչ բացառիկ կյանք, հիշողություններ ու կենսագրություն ունի այդ մարդը: Մի երեկո Հայր Գուսանի եւ իր հետ երկար զրուցեցինք` Կոստանդնուպոլսից, Երուսաղեմից, քաղաքականությունից: Սալիբան պատմեց Տերունական սրբավայրերի բախումներից, այսինքն՝ իր աշխատանքային առօրյայից:



 



Հերթական անգամ Սբ. Հարություն տաճարում բախում է սկսվում: Վիճում են Հունաց պատրիարքն ու Ղպտիների արքեպիսկոպոսը: Սալիբան քանի որ անվտանգության պատասխանատուն է, շտապում է տաճար: Հունաց պատրիարքը հենց տեսնում է Սալիբային, բացականչում է. «- Ձերբակալեք այս մարդուն,- ցույց տալով արքեպիսկոպոսին: - Ձերբակալե՞նք, ինչո՞ւ: - Նա գող է: - Ի՞նչ է գողացել: - Իրավունքներ»: Դե եկ դիմացիր եւ աշխատիր: Բայց դա է Սուրբ Քաղաքը` հազարամյակներից եկող իր պատմությամբ, դեպի հազարամյակներ գնացող ապագայով, քաղաքակրթությունների խաչասերումից ձեւավորվող մարդկանցով եւ Աստծո ներկայությամբ ու ողորմածությամբ` բոլոր մարդկանց հանդեպ: