Սարգսյան-Էրդողան հեռակա երկխոսությո՞ւն

Սարգսյան-Էրդողան հեռակա երկխոսությո՞ւն

Երեկ 1915-ի հայոց ցեղասպանության թեման համաշխարհային ուշադրության կենտրոնում էր` ոչ այնքան Մեծ եղեռնի 99-ամյա տարելիցի, որքան այդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կատարած աննախադեպ քայլի առիթով:  Երեկ, 1923-ի Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ, Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի բարձր ղեկավարությունն անդրադառնում էր ոչ միայն հայության, այլեւ մարդկության այդ ողբերգությանը` հարգանքի տուրք մատուցելով հայոց զոհերի հիշատակին, հույս հայտնելով, թե նրանց հոգիները ննջում են խաղաղության մեջ, եւ Թուրքիայի ցավակցությունները փոխանցելով Մեծ եղեռնի զոհերի սերունդներին:



Էրդողանի խոսքը տարածվել է միաժամանակ ինը լեզուներով` թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն: Արեւելահայերեն թարգմանությունը անպետքություն էր, կատարված էր թերեւս համակարգչային ծրագրով: Հուսանք, սակայն, առաջիկա օրերին համարժեք թարգմանությունը հայաստանցի ընթերցողին կհասնի, քանի որ այդ խոսքը, իրոք, հանգրվանային եւ ուշադրության արժանի խոսք է:



 



Հայոց ցեղասպանության թեմայի հանրային արծարծումը Թուրքիայում ընդհանրապես Էրդողանի կառավարության ձեռքբերումն ու ծառայությունն է (պատահական չէ, որ Թուրքիո հայությունն ամեն ընտրությանը ձայները տալիս է հենց Էրդողանի կուսակցությանը): Երեկվա ուղերձը, սակայն, համազոր էր այդ ճանապարհին ռուբիկոն հատելուն, քանի որ պաշտոնապես հանեց խոչընդոտները եւ տաբուները Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումներից: «Ընդհանուր ցավի», «ընդհանուր անցյալի» մասին խոսքերը ոմանց կարող են գոհացնել, ոմանց դժգոհ թողնել, բայց դա ճանապարհ է բացում դեպի անցյալի քննություն, իրողությունների ճանաչում եւ անցյալի հետ հաշտեցում:



 



Մի նախադասություն անմոռանալի էր Էրդողանի խոսքում. «Certainly, neither constructing hierarchies of pain nor comparing and contrasting suffering carries any meaning for those who experienced this pain themselves. As a Turkish proverb goes, «fire burns the place where it falls»: «Իհարկե, ոչ վիշտը աստիճանակարգելը, ոչ կրած զրկանքները համեմատելը կամ հակադրելը որեւէ նշանակություն չունի նրանց համար, ովքեր այդ վիշտն անձամբ են կրել: Ինչպես թուրքական ասացվածքն է ասում. «Կրակն այն վայրում է այրում, որտեղ ընկնում է»:  Թուրքիայի վարչապետն ինքն է ասում, որ այլոց զրկանքները ցավի ամոքում չեն:



 



2009-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումից ի վեր սա երկրորդ անգամ է, որ Հայոց ցեղասպանության թեման հայտնվում է համաշխարհային ուշադրության դաշտում, ի հակադրություն բոլոր մյուս տարիներին եւ դեպքերում եղած հայկական ոգեկոչումների եւ արձագանքի: Եվ ավելի քան բնական է, որ  նման միջազգային ուշադրությանը եւ Թուրքիայի վարչապետի աննախադեպ քայլին Հայաստանից պետք է արձագանք հետեւեր:



 



Սերժ Սարգսյանը երեկ, չսպասելով ապրիլի 24-ին, ուղերձ տարածեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որտեղ հեռակա կարգով արձագանքեց վարչապետ Էրդողանի խոսքին` նրան կոչելով բառերի փոխարեն քայլեր կատարելու` բացելու փակ սահմանը եւ հաստատելու բնականոն հարաբերություններ: Կարելի է համարել, որ արեւելահայերենով ուղերձի պատասխանն Էրդողանին տրվեց` հավասարակշռված եւ ճշմարիտ պատասխան:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]