Պուտինն իրեն սատանա է երեւակայե՞լ

Պուտինն իրեն սատանա է երեւակայե՞լ

Մայիսի 2-ին Ուկրաինայի ՆԳ նախարարը` Արսեն Ավակովը հայտարարեց Հակահաբեկչական գործողության ակտիվ փուլի մասին: Ուկրաինական զինուժը, նաեւ օդուժը շրջափակեցին Դոնեցկի շրջանում գտնվող Սլավյանսկ եւ Կրեմատորսկ քաղաքները: Արդեն մի քանի շաբաթ Սլավյանսկը վերածված էր պրոռուս անջատողականների կայանի, որոնք ԵԱՀԿ դիտորդների էին պատանդ վերցնում, ծանր զինտեխնիկա, այդ թվում շարժական հրթիռա-զենիթային համակարգեր էին կուտակում, ամենակարեւորը` պարտադրանքով կամ գումարով մարդկանց էին հավաքագրում “կենդանի վահանի” վերածելու, նրանց թիկունքից իրավապահների դեմ մարտնչելու համար: Հակաահաբեկչական գործողությամբ քաղաքները վերցվեցին օղակի մեջ, ծավալվեցին մարտական գործողություններ: Ըստ Ավակովի Սլավյանսկի անջատողականների ճամբարում մոտ ութ հարյուր զինյալ կա, նրանցից երեք տասնյակը երեկ ոչնչացված էին, կային տասնյակ վիրավորներ: Չորս զոհ ուներ նաեւ ուկրաինական կողմը: Մարտերը շարունակվում են:



 



Իհարկե ողջ աշխարհը տպավորվեց նրանից, որ Սլավյանսկի “խաղաղ ցուցարարները” կարողանում են զենիթային համակարգերով ուղղաթիռներ գնդակոծել, բայց դա էլ չօգնեց անջատողականներին: Նրանք մի քանի օրում հասկացան, որ ռուս դիվերսանտներից, ֆինասավորումից եւ  զենքից այն կողմ Ռուսաստանից օգնություն չի ստացվի: Երեկ ՌԴ գլխավոր դիվերսանտը Ուկրաինայում` ГРУ-ի սպա Ստրելկովը (իրական ազգանունը Գիրկին) հայտարարել էր, որ եթե օգնություն չհասնի, իրենք Սլավյանսկում երկար չեն դիմանա, ուկրաինական ուժերը իրենց կոչնչացվեն: Կոչնչացնեն, թե գերի կվերցնեն ժամանակը ցույց կտա, բայց օգնություն դժվար թե հասնի: Պուտինը կարող է 40 000 զորք կուտակել սահմանին, ատամները կրճտացնել, բռունցքները թափահարել, հիստերիաներ բեմադրել, բայց այ Ուկրաինայի սահմանը հազիվ թե խախտի: Ղրիմի պատմությունը “կանաչ մարդուկներով” այլեւս հնարավոր չէ կրկնել: Իսկ ուղղակի ռազմական գործողությունները երկարատեւ ու մաշող պատրերազմ կնշանակեն, որ տնտեսական հեռահար պատժամիջոցների հետ Ռուսաստանի կոլապսը կդարձնեն անխուսափելի:



 



Հետեւաբար, ՌԴ նախագահի զինանոցում մնում է ստի եւ կեղծիքի քարոզչությունը, որին մաս էր կազմում ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելը: ՌԴ-ն նիստը հրավիրում էր, որպեսզի աղաղակի Ուկրաինայի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծելու մասին: Մի այնպիսի բարոյական քարոզ էին կարդում, որ անտեղյակ մարդը կկարծեր 1990-2000-ականների Առաջին եւ Երկրորդ Չեչենական պատերազմները Ռուսաստանը չի մղել կամ սեփական քաղաքացիների դեմ չի մղել` 150 000-անոց բանակ ներգրավելով եւ առնվազն 5000 չեչեն երեխա սպանելով: Կրեմլին թվում էր, թե իրեն այնքան քաջածանոթ հանցագործությունը` սեփական ժողովրդի դեմ պատերազմելը կարող է Ուկրաինայի իշխանություններին վերագրել: Եվ չարաչար պատժվեց: Մայիսի 2-ի ՄԱԿ ԱԽ նիստում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ոչ միայն Ռուսաստանի “մոնումենտալ ստախոսությունը” մերկացրին, ոչ միայն հակադարձեցին ռուսական քարոզչությունը, այլեւ ԱԽ-ն լիակատար համերաշխություն հայտնեց Ուկրաինայի իշխանությունների Հակաահաբեկչական գործողությանը, միայն Չինաստանն է ձեռնպահ արտահայտվել:



 



Ի դեպ շաբաթվերջին Հակաահաբեկչական գործությանը աջակցություն էր հայտնել եւ եղբայրասպան պատերազմ հրահրելու համար Պուտինին համարյա նզովել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքը` պատկառազդու հրովարտակով: Ռուսական ԶԼՄ-ներին էլ պատրիարքը սաստել էր հիշեցումով, որ գիտակցաբար սուտ տարածելը սատանային ծառայել է նշանակում: Դժվար է պնդել, թե ՌԴ նախագահը իրեն սատանայի տեղ է դրել, բայց երեկ նա ընդունել եւ գնահատել էր ռուս լրագրողների ծառայությունը Ղրիմի իրադարձությունները մեկնաբանելու, այսինքն ստեր տարածելու ուղղությամբ` կարգադրելով երեք հարյուր լրագրողի պետական պարգեւներ հանձնել:



 



Լուսինե Պետրոսյան