Իմ կյանքում ես որեվէ մեկի թիմի անդամ չեմ եղել

Իմ կյանքում ես որեվէ մեկի  թիմի անդամ չեմ եղել

Վահրամ Բաղդասարյանի՝ ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար դառնալու հարցը երեկ պաշտոնապես լուծվեց: Երկար փնտրտուքներից հետո իշխող կուսակցությունը գտավ «Գալուստ Սահակյան-2»-ին եւ ֆրակցիայի համար պատասխանատու պոստը հանձնեց ՀՀԿ շարքերում արդեն թրծված Վահրամ Բաղդասարյանին, ով վանաձորցի է եւ նախկինում Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում: Լուրերի համաձայն, ՀՀԿ-ում Բաղդասարյանի թեկնածության վերաբերյալ դժգոհություններ կային, ոչ բոլորի հետ է նա կարողանում լեզու գտնել: Բացի դրանից, Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի մերձավորը, եւ շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ: Բաղդասարյանը սուր կոնֆլիկտ ուներ նաեւ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով նույն տարածքում հաղթել է Բաղդասարյանին: Նախկին բռնցքամարտիկ Բաղդասարյանը նաեւ այն եզակիներից է, ով ձեռնամարտի արվեստը բանեցրել է սեփական կուսակից Մուրադ Մուրադյանի նկատմամբ: Տարիներ առաջ մամուլը գրեց երկու ՀՀԿ-ականների ձեռնամարտի մասին՝ «Ռենեսանսում» քեֆի ժամանակ: ՀՀԿ ֆրակցիայում երեկ 10 րոպեանոց նիստով Բաղդասարյանը միաձայն ընտրվել է խմբակցության ղեկավար, թեպետ 70 հոգանոց ֆրակցիայի կեսից ավելին նիստին չի մասնակցել: Մենք զրուցեցինք նրա հետ:



 



- Պարոն Բաղդասարյան, փաստորեն, Դուք էիք Գալուստ Սահակյանի արժանի փոխարինողը, ինչպե՞ս այդպես ստացվեց, ո՞ր արժանիքների շնորհիվ, հատկապես, որ լուրեր կային, թե ոչ բոլորն են Ձեր թեկնածությանը կողմ:






- Անկեղծ ասած՝ ես համարյա բոլոր պատգամավորների հետ առանձնազրույց եմ ունեցել, որոնք շատ մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ են ընդունել, եւ ես չկարողացա հայտնաբերել, թե ովքեր էին դժգոհները, չկա նման բան: Իմ բնավորությունը երեւի չգիտեք, ես հարաբերությունների մեջ միշտ հաշտվողական տրամադրվածություն ունեմ, եւ չկա իմ մեջ հակասություն:



 



- Փաստորեն, Դուք արժանի՞ փոխարինող եք:






- Ես դա չեմ կարող ասել, որովհետեւ որոշողը ես չեմ:



 



- Ձեր կարծիքով, Դուք ունե՞ք Գալուստ Սահակյանի «գլխավոր արժանիքը», ով կարողանում էր րոպեների ընթացքում վճռական քվեարկություններից առաջ բերման ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորներին՝ Մհեր Սեդրակյան, Առաքել Մովսիսյան, գեներալներ եւ ուրիշներ:






- Ես կարծում եմ՝ բերման ենթարկելու կարիք չկա, ինձ թվում է, որ իրենք շատ ըմբռնումով են մոտենում իրավիճակին եւ առանց բերման ենթարկելու կգան-կմասնակցեն, ինձ թվում է՝ ակտիվությունը նույն ձեւով կշարունակվի, եթե ոչ ավելի:



 



- Այսինքն հույս ունեք, որ նշված մարդիկ կենթարկվե՞ն Ձեզ:






- Ես բոլորի հետ, բացի քաղաքական հարաբերությունները, ունեմ շատ նորմալ մարդկային հարաբերություններ, եւ նրանք ըմբռնումով կմոտենան իրենց աշխատանքին:



 



- Լինելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմը, նրա թիմի մարդ, դժվար չի՞ լինի աշխատել նրա երբեմնի «ախոյանների», օրինակ՝ Դավիթ Հարությունյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հետ:






- Ես չգիտեմ՝ ի՞նչ թիմի մասին եք խոսում, ես ՀՀԿ թիմի անդամ եմ եւ միշտ եղել եմ ինքնուրույն անձնավորություն: Ընկերական հարաբերությունները Դուք այլ բաների հետ միք խառնի: Աշխատանքային հարաբերությունները Դուք նախկին պատմությունների հետ մի խառնեք: Ես այժմ հստակ հայտարարում եմ, որ իմ կյանքում ես որեւէ մեկի թիմի անդամ չեմ եղել, ես եղել եմ անկուսակցական, ապա՝ ՀՀԿ-ական ու վերջ:



 



- Այսինքն Դուք չե՞ք ընդունում, որ Հովսեփյանի ջանքերով եք խորհրդարան մտել:






- Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր եմ եղել, որի մասին Ձեր ասած մարդը տեղյակ չի եղել, իսկ հաջորդ անգամ, ՀՀԿ նախագահի հետ խոսակցությունից հետո, ես ընդգրկվել եմ ՀՀԿ ցուցակում՝ առանց որեւէ միջնորդի: Միջնորդավորված մարդը լինում է կախվածության մեջ, ես որեւէ մեկի կողմից միջնորդավորված չեմ եղել:



 



- Ուզում եք ասել, որ ոչ նրա եւ ոչ էլ ուրիշի մտերմությունը դեր չի՞ խաղացել Ձեզ կարեւոր պոստ տալու հարցում:






- Բացարձակապես, ես չեմ սիրում, որ իմ քաղաքական հայացքներին կամ մոտեցումներին որեւէ մեկը խառնվի՝ սկսած իմ ընտանիքի անդամներից:



 



- Իսկ կկարողանա՞ք մյուս խմբակցությունների հետ լեզու գտնել ձեր համար «վտանգավոր» պահերին, հիմա ՕԵԿ-ը չկա:






- Ես դժվարություններից որեւէ անգամ չեմ խուսափել եւ գիտակցաբար եմ մոտեցել խնդրին: Իսկ մյուս խմբակցությունների հետ, հավատացեք, կաշխատենք… կաշխատենք միասին:



 



Լուսինե Շահվերդյան