Յուրիկից առաջ և հետո

Յուրիկից առաջ և հետո

Յուրի Վարդանյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելով, կադրային մեծ փոփոխություններ չէր արել: Իր հետ նա բերել էր երկու խորհրդական, մամուլի քարտուղար, փոխնախարար Նազարեթ Մնացականյանին, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանին, որը մինչ այդ նախկինում դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետն էր, երկու օգնականների եւ միջազգային բաժնի պետին՝ Սուսաննա Մինասյանին:



 



Երեկվա դրությամբ ազատման դիմում էին գրել նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը եւ նրա երկու օգնականները: Սպասվում էր, որ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Վահե Էլոյանը, որն այդ պաշտոնին էր ԲՀԿ-ական նախարար Հրաչ Ռոստոմյանի օրոք, եւ որին աշխատանքից ազատել էր Յուրի Վարդանյանը, եւ որը դատի էր տվել նախարարին՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում: Այս սպասումը տրամաբանական է, քանի որ այն ժամանակ հենց ԲՀԿ-ականներն էին կանգնած Վահե Էլոյանի մեջքին, իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունն ակտիվ լուսաբանում էր դատական նիստերը, պաշտպանելով Էլոյանին: Բայց նախարարի փոխվելուն պես նրան հարվածելու անհրաժեշտությունն էլ վերացավ, եւ Վահե Էլոյանի մասին ԲՀԿ-ականները մոռացան: Նախարարությանը մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ նոր նախարար Գաբրիել Ղազարյանը մտադիր չէ վերադարձնել Վահե Էլոյանին, որը դեռ պտույտներ է կատարում դատական ատյաններում: Ղազարյանը ցանկություն է հայտնել «պահելու» պրոֆեսիոնալ կադր համարվող Մհեր Անանյանին, որը կարճ ժամանակում ընդունելի եւ սիրված է դարձել կոլեկտիվի կողմից, իսկ աշխատակազմի ղեկավարն ապարատում համարվում է երկրորդ մարդը:



 



Յուրի Վարդանյանի օրոք օդում էր նաեւ Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հարցը: Հայտնի է, որ ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը նրան նշանակել էր այս տեղում, բայց Յուրի Վարդանյանը հրաժարվում էր վավերացնել այս նշանակումը: Արթուր Գեւորգյանը երեկ պարզաբանեց «Հրապարակին», որ այս խնդիրն ինտրիգային դաշտից է, իսկ ինտրիգ ստեղծելը սպորտում, որը համախմբում է ենթադրում, խանգարում է առաջընթացին։ «Ավագ մարզիչներին նշանակում է ֆեդերացիան: Իսկ նախարարն ընդամենը պետք է ֆիքսի իր մոտ գլխավոր մարզչին, ինչը Յուրի Վարդանյանը չէր արել: Մարզչին հասանելիք այդ 40 հազարը գրել էր ուրիշի վրա, տալիս էր ուրիշի կամ չէր գրել, չէր տալիս:



 



Դա իրենց խնդիրն էր: Հարցը նույնիսկ ֆինանսական չէր, այլ բարոյական էր: Ինձ մոտ Թորոսյանը ստանում է 5 հազար եվրոյից ավելի աշխատավարձ, եւ նրան նախարարությունում ֆիքսել-չֆիքսելը ոչ մի դեր չէր կատարում: Մենք 6 ամիս է՝ անընդմեջ մարզումներ ենք կատարել, նոր մոդելով աշխատում ենք: Աշխարհի առաջնությունում մեր երիտասարդներն առաջին անգամ առաջին տեղը զբաղեցրին, իսկ մեծահասակների հաղթանակները միջազգային երկու մրցաշարերում նաեւ մեր գլխավոր մարզչի աշխատանքի արդյունքն են»,- ասաց նա: Սպորտի նախարարությունում բաց է մնում փոխնախարարների հարցը: Մինչ օրս նախարարությունում երկու փոխնախարարները եղել են ՀՀԿ-ական: Խոսքը Խաչիկ Ասրյանի եւ Արսեն Քարամյանի մասին է:



 



Յուրի Վարդանյանի օրոք փոխնախարար դարձավ նախկինում ոստիկան Նազարեթ Մնացականյանը, որը, կարելի է ասել, հարում էր ՀՀԿ-ին, քանի որ նրա եղբայրը՝ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը, այս կուսակցության կողմից երկու ժամկետ պատգամավոր է ընտրվում: Ինտրիգն այն է, թե կգնա՞ արդյոք Նազարեթ Մնացականյանը եւ եթե գնա, ո՞վ է նշանակվելու նրա փոխարեն՝ ԲՀԿ-ակա՞ն, թե՞ հանրապետական: Այս երկու ուժերից ո՞ր մեկի կողմը կթեքվի նժարը: Ինչ վերաբերում է Խաչիկ Ասրյանին, ապա, մեր տեղեկություններով, նրան պատրաստվում են Արագածոտնի մարզպետ նշանակել: Իրավիճակը կրկնակի հետաքրքիր է դառնում, քանի որ այս պաշտոնի համար պայքարում է նաեւ Նազարեթ Մնացականյանի եղբայրը՝ մոլի ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ