Ոչ միայն Ավակովը, այլեւ Սուվորովը

Ոչ միայն Ավակովը,  այլեւ Սուվորովը

Երեկ ռուսական լրատվամիջոցներում հայտնվել էր Պետդումայի հանձնաժողովներից մեկի նախագահի նամակը՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդին եւ Արա Աբրահամյանին: Պատգամավորը հիշյալ անձանց գեղարվեստական զեղումներով կոչ էր անում հրապարակավ հորդորել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին դադարեցնել Ուկրաինայի իշխանությունների Հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավում:



 



Հաճելի է, եթե ռուսներն այնպիսի ուժ են տեսնում Արսեն Ավակովի մեջ, որ կարծում են, թե նրա կամքից է կախված Հակաահաբեկչական գործողության ճակատագիրը: Այդ դեպքում, հիմար նամակներ գրելու փոխարեն, թող հետեւեն Ավակովի հորդորին եւ դադարեցնեն պրոռուս վարձկանների եւ հանցագործների ֆինանսավորումը, որոնք Ուկրաինայում պետական շինությունների վրա են հարձակվում, հրթիռային համակարգերով են մարտնչում, մարդկանց կենդանի վահանի են վերածում, առեւանգում են, սպանում: Ավակովն ասում է, որ Ուկրաինայի պետության պատասխանը զինված ահաբեկիչներին լինելու է ոչնչացումը: ՆԳ նախարարն ուրիշ ի՞նչ պետք է ասեր կամ աներ:



 



Ուղղակի ռուսները, չկարողանալով Ավակովին հաղթել ոչ տեղեկատվական պատերազմում, ոչ պարտիզանական, հիմա էլ անցել են ազգային պատկանելության խաղաքարտին: Ավակովն ասում է, որ ինքը հայ է՝ գրում են ռուսները: Այո, Ավակովը հայ է, ինչպես հայ էր Ռուսաստանի պատմության մեծագույն զինվորականը` Ալեքսանդր Սուվորովը: Եթե նրա աճյունը հետմահու Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից տարել եւ վերահուղարկավորել են, դրանից Սուվորովի ազգությունը չի փոխվել: Եվ եթե Սուվորովը, Բաղրամյանը կամ Խուդյակովը ճիշտ եւ մեծ էին իրենց ժամանակում, ապա Ավակովն էլ նույնքան ճիշտ է իր ժամանակում եւ քայլերում:



 



Լուսինե Պետրոսյան