Դրամահավաք` փակ շղթայի մեջ
Երևանի պետական համալսարանում, չնայած մամուլի ահազանգերին` ակտիվ դրամահավաք է ընթանում: ԵՊՀ ղեկավարության նախաձեռնությամբ՝ անստորագիր շրջաբերական-ծանուցագիր է ուղարկվել բոլոր ֆակուլտետներին և ամբիոններին` կամավորի անվան տակ դրամահավաք կազմակերպել՝ իբր երախտիքի ծառուղի բացելու համար:
Ամբիոնների լաբորանտներին հանձնարարված է բոլոր աշխատակիցներին և դասախոսներին իրազեկել և անձամբ իրականացնել դրամահավաքը...
Մայր բուհը վերջերս նաև հրաժարվել է Արմենթելի ծառայությունից` հօգուտ Ռոստելեկոմի, և այս օրերին գրեթե չի գործում ներքին և քաղաքային կապը:
Համաձայնեք, որ իդեալական իրավիճակ է...
Եվ այս ընդհանուր ֆոնին դժվար չէ պատկերացնել այն աշխատակիցների և դասախոսների վիճակը, ովքեր ամեն տարի լարված սպասում են հաջորդ տարվա աշխատանքային պայմանագրի վերահաստատմանը և ի վիճակի չեն լրացուցիչ մասհանումներ կատարել չնչին աշխատավարձից:
Վերջին շրջանում պահակների ու հավաքարարների հաշվին կատարվող «խնայողությունները» և փող չլինելու պատճառաբանությամբ որոշ շինարարական աշխատանքների դադարեցումը ակնհայտ են դարձնում, որ Մայր բուհը ևս «երկար փողերի» կարիք է զգում...
Ու եթե այս բոլորին հավելենք, որ համալսարանում վերջին տարիներին յուրացվել են մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարները, ապա պարզ կդառնա երախտիքի ծառուղի հիմնելու ԵՊՀ ղեկավարության անհագուրդ ցանկության իրական պատճառը...
Նվարդ Սուրենյան
Կարծիքներ