ՀՀ փոխոստիկանապետի զարմուհին սպառնացել է վերացնել իր նախկին աշխատակցին
«Համազգային վստահության խորհուրդ» անունը կրող մի կազմակերպություն, որ հիմնադրվել է 2011 թվականին, աղմկոտ մրցանակաբաշխություններից հետո հայտնի դարձավ: Ահարոն Ադիբեկյանի կնքահայրությամբ ինչ-որ հարցումներ էին անցկացնում եւ որոշում տարբեր ոլորտների «լավագույններին», ապա Մարզահամերգային համալիրում, շքեղ միջոցառման ժամանակ, մրցանակներ հանձնում նրանց: Ընկերության նախագահն Աստղիկ Խաչատրյանն է, ով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի զարմուհին է, իսկ որդին աշխատում է Արաբկիրի դատախազությունում։ Նրանց նախկին աշխատակից Եվա Մովսիսյանը, ով կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է եղել, 2013 թվականի նոյեմբերին որոշել է առանձնանալ եւ սեփական ընկերությունը հիմնել՝ մրցելով Համազգային վստահության խորհրդի հետ։
«Ես 3 տարի առաջ աշխատել եմ Համազգային վստահության խորհրդում, որը համագործակցում է Ահարոն Ադիբեկյանի հետ։ Դա բիզնես ընկերություն է, որի տնօրենն Աստղիկ Խաչատրյանն է։ Ես աշխատել եմ էնտեղ որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու։ Առաջին տարին թվում էր, թե ծրագիրը նորմալ է ընթանում, երկրորդ տարին արդեն ես հասկացա, որ որեւէ հարցում չի կատարվում, նույն նամակները՝ նույն բովանդակությամբ, ուղարկվում են բոլոր ֆիրմաներին, որ «դուք լավագույնն եք»։ Եվ երկրորդ տարում բրոնզե արձանների փոխարեն գիպսե արձաններ տրվեցին ընկերություններին, մի խոսքով՝ խաբեությունը հասավ էն մակարդակի, որ ես՝ որպես անհատ, որակեցի դա որպես խաբեություն ու խարդախություն եւ որոշեցի առանձնանալ։ Քանի որ ծրագրի մտահղացումն ի սկզբանե իմն էր, որն Աստղիկի հետ իրագործել ենք, ես արդեն իմ ձեւաչափով, իմ ներկայացման ձեւով, «Գելափի» հետ արված հարցումներով եւ այլն, սկսեցի իմ գործունեությունը։ Ու թե ոնց ինֆորմացիա տարածվեց՝ չգիտեմ, բայց իրենք իմացան, որ ես էդ գործունեությունը ծավալում եմ, դրանից հետո փակ համարներից՝ տարբեր, իր աշխատակիցներից մարդիկ ինձ զանգահարում, ասում են՝ դու քո գործին գնա, դու գործ չունես, եւ սպառնում են, որ ինձ կվերացնեն, ոտքերս կջարդեն, կգնան մեր գյուղը՝ խայտառակ կանեն մասսայական (Եվան Թալինի շրջանի Մաստարա գյուղից է, բայց բնակվում է Երեւանում)։ Էդ խոսակցությանը ես լուրջ չվերաբերվեցի, ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող, մտածեցի՝ դե, վախեցնում են, էլի, ես հո մրջյուն չե՞մ»,- պատմեց Եվան։
«Դրանից անցավ 2 օր, ու ինձ զանգահարում պատմում են, որ երկու մեքենայով, 9 հոգի մարդ, ովքեր, ականատեսների վկայությամբ, եղել են հարբած վիճակում, հարձակվել են մեր տան վրա, վարորդն ունեցել է կողքից կախված ատրճանակ, ապօրինի ձեւով մտել են տուն, սկսել են սենյակների դռները բացելով՝ հորս փնտրել, ու դրանից հետո սկսվել է արդեն դրսում քաշքշուկ, վիճաբանություն հորս հետ, որ թող աղջիկդ էդ գործից հեռու մնա, թե չէ ձեր ընտանիքը կվերացնենք»,-մեզ հետ զրույցում պատմեց Եվա Մովսիսյանը։ Եվան դիմել է ոստիկանություն՝ Աստղիկ Խաչատրյանի դեմ դիմում է ներկայացրել, քանզի պնդում է, որ Աստղիկը եւս իրենց տան վրա հարձակվողների շարքում է եղել եւ, ինչպես ինքն է ասում՝ գլխավոր դերում: Ոստիկանությունն ընդունել է դիմումը ու վարույթ սկսել։
Եվա Մովսիսյանը նշեց նաեւ, որ ինքը խոսել է Ահարոն Ադիբեկյանի հետ, ով իրեն ասել է. «Պատվիրում էիր՝ ինձ պատվիրեիր, ես եմ 20 տարի ապրանքների շուկան ուսումնասիրել, ինչի՞ ես գնացել «Գելափին» պատվիրել, ես վա՞տ հարցում եմ անում»։
Մենք կապվեցինք նաեւ Աստղիկ Խաչատրյանի հետ, ով հերքեց, որ նման բան է եղել, ավելին՝ պնդեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղվում այս պահին Եվա Մովսիսյանը։
«Ոչ մի սպառնալիք չի եղել։ Եվա Մովսիսյանն աշխատել է մեզ մոտ մոտավորապես տարիուկես, այնուհետեւ ինքը հեռացվել է աշխատանքից աշխատանքային պարտականությունները չկատարելու համար՝ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6 եւ 7 կետերի համաձայն, ինքը ստորագրել է դրանց տակ, հետո առանձնացել է մեզնից: Ես դրանից հետո իրեն չեմ հանդիպել, չեմ տեսել եւ չգիտեմ ինչով է զբաղվում»։
- Եվան մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ձեր ու Ձեր թիմակիցների կողմից բազմաթիվ սպառնալիքներ են եղել իրեն, իսկ երկու օր առաջ էլ Դուք մի խումբ մարդկանց հետ գնացել եք Մաստարա գյուղում գտնվող իր հորական տուն, վիճաբանել հոր հետ եւ սպառնացել, որ կվերացնեք իրեն։
- Դուք փաստեր ունե՞ք։ Հիմա Դուք անպատասխանատու հայտարարություններ եք անում։ Եթե ուզում եք ուղղակի զրույց, անենք զրույց, բայց մնացածը, ինչը որ փաստերով պետք է ապացուցվի, թող մնա հետո։
- Մենք ընդամենը ներկայացնում ենք իր խոսքերը եւ խնդրում ենք դրանք հաստատել կամ հերքել։ Որքանո՞վ են համապատասխանում Եվա Մովսիսյանի ասածներն իրականությանը։
- Չեն համապատասխանում իրականությանը իր ասած խոսքերը։ Ես չեմ ընդունում դրանք, նման բան չի եղել։ Ես, ընդհանրապես, շատ լուրջ մարդ եմ, լուրջ գործունեություն եմ իրականացնում, Եվայի հետ աշխատել ենք, հետո ինքն ուղղակի հեռացվել է աշխատանքից։ Հիմա աղջիկ է, ինձ թվում է՝ նեղացած է։ Ես իր նկատմամբ ոչ մի բան չունեմ, ոչ մի ինչ-որ չարություն կամ նման բան չկա, ես իրենից տեղեկություն էլ չունեմ, անկեղծ ասած։
Մենք զանգահարեցինք նաեւ ոստիկանություն։ Ոստիկանության լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ նման դիմում իրենք ստացել են, բայց Եվա Մովսիսյանի հոր՝ Սամվել Մովսիսյանի անունից, եւ հիմա հետաքննիչները զբաղվում են այդ գործով։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարծիքներ