Կոչում ստացողից ձեռքերը պիտի լվանալ
Յուրի Բախշյանի մայրը քիմիայի իմ ուսուցչուհին էր: Երբ լսեցինք, որ նրան տրվել է վաստակավոր ուսուցչի կոչում, ողջ դպրոցով մեկ ցնծություն ապրեցինք: Աշակերտներս ուրախությունից միմյանց գրկում ու շնորհավորում էին, մանկավարժները փաթաթվում էին իրար ու արցունքախառը շնորհավորում: Փոքր քաղաք է Գորիսը, բոլորը մի մարդու նման գիտեին այդ մասին ու օրվա թեման դա էր՝ գիտե՞ք, որ Համեստին վաստակավորի կոչում են տվել: Անգամ զանգեցի ու իմ մամայից մաղարիչ ուզեցի՝ ի՞նչ կտաս, եթե մի լավ լուր ասեմ: Հաջորդ օրը ուսուցչուհիս դպրոց եկավ: Ոնց որ հարսնացու լիներ, շիկնել ու ամաչում էր: Ողջ դասարանով, չէինք պայմանավորվել, մի մարդու նման ասացինք՝ շնորհավորում ենք, ընկեր Հակոբյան: Իսկ նա շնորհակալություն հայտնեց մեզ.
-Սիրելի աշակերտներ, ձեր սերը որ չլիներ, ինձ այդ կոչումը չէին պարգևի: Շնորհակալ եմ ձեզ:
Հիմա ի՞նչն այդպես փոխվեց, որ կոչում, շքանշան տալուց մարդիկ չարանում են: Բացի կոչում ստացողից, ոչ մեկը չի ուրախանում: Ի՞նչը փոխվեց, որ ժողովրդին շնորհակալ լինելու փոխարեն, նախագահին են շնորհակալ լինում: Ինչո՞ւ այդքան էժանացավ, ջրի գին դարձավ կոչումն ու շքանշանը: Բան չեմ ասում, մարդիկ կան, բացառիկ, որ իրենց վաստակով արժանի են դրան, բայց մի դառը ճշմարտություն էլ կա՝ կոչում ստացողից, ով էլ ուզում է լինի, ձեռքերը պիտի լվանալ: Նա այդ կոչման համար պարտական է ոչ թե ժողովրդին, այլ նախագահին: Մարդիկ չեն ընդունում կոչում ստացողին, բայց ասում են՝ ժողովրդականի կոչում է ստացել: Սա ես չեմ մոգոնու՜մ. ֆեյսբուք, սոցիալական ցանցեր մտեք ու կտեսնեք՝ ինչքա՜ն տեղին էին չամիչի տեղ բաժանած այդ կոչումները: Հիմա կոչում ստացողից ժողովուրդն ի՞նչ սպասի: Այնպես ծալվեծալ են ընդունում, որ հասկանում ես՝ մինչև վերջին շունչ անձնվիրաբար ծառայելու են կոչում տվողին: Ժողովրդականի կոչում են ստանում, բայց ժողովուրդն ընդվզում է, բա սա բանի նմա՞ն է…
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ