ԵՏՄ պայմանագիրը հրապարակվեց` փիղը մուկ է ծնել

ԵՏՄ պայմանագիրը հրապարակվեց` փիղը մուկ է ծնել

Երեկ Աստանայում առավոտից մինչեւ կեսօր, ընդամենը երեք-չորս ժամվա ընթացքում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի չորս-հինգ միջոցառում, բոլորը կարճատեւ եւ հերթապահ: Նախ, կայացան խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստեր, այնուհետ նախագահներ Պուտինը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը (Договор о Евразийском Экономическон Союзе):  Որքան տեսանելի էր տարածված տեսանյութից, Նազարբաեւը գոհ էր եւ ժպտում էր, Լուկաշենկոն  խոժոռված էր, որքան կարող էր, Պուտինի դեմքին էլ վերջին շրջանի սովորական` աշխարհից կիսավերացած արտահայտությունն էր: Հետո եռյակը հասցրեց մամուլի համար հայտարարություններ անել, վերջում էլ կազմակերպված էր հանդիսավոր համերգ:



 



Թեեւ պայմանագրի 1-ին իսկ հոդվածում ամրագրված է, թե ստեղծվում է ռեգիոնալ տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն, միջազգային ասպարեզում ոչ ոք դրա ստեղծումը չնկատեց: Պայմանագիրը ոչ մի նորություն չի կրում մինչ այժմ հասկանալի կամ անհասկանալի գոյություն քարշ տված Մաքսային միության համեմատությամբ: ԵՏՄ բարձրագույն մարմինը դարձյալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն է, որը տարվա մեջ առնվազն մեկ նիստ է գումարում: Այնուհետ կառավարությունների մակարդակում գործող Միջկառավարական խորհուրդն է, որը տարվա ընթացքում երկու նիստ է գումարում: Հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, որը շարունակելու է զբաղվել նույն դատարկաբանությամբ, ինչ մինչեւ հիմա: Վերջում էլ մի նոր մարմին է ստեղծվում` ԵՏՄ դատարան, դա էլ տեղակայվելու է Մինսկում եւ, հավանաբար, ճանճեր է վանելու:



 



Ոչ մի միասնական կառույց, ոչ մի նոր իրավասություն, ոչ մի նոր գործունեություն: Դժվար է ասել՝ Պուտինն ինչ հավակնություններ է ունեցել ԵՏՄ-ի հետ կապված, բայց  Ուկրաինայի իրադարձություններից, միջազգային մեկուսացումից եւ ահագնացող տնտեսական խնդիրներից հետո  ճարահատյալ համաձայնել է եղածը նոր փաթեթավորմամբ ներկայացնելուն: ԵՏՄ պայմանագիրը` կից  33 հավելվածներով, Կրեմլի կայքում հրապարակված է. ում Ռուսաստանը կամ նրա պայմանագրերը հետաքրքրում են, կարող է ծանոթանալ: Հայաստանի առումով ԵՏՄ պայմանագրի 154 էջից եւ 118 հոդվածից թերեւս միայն տասը տող է ուշադրության արժանի` 2 եւ 108 հոդվածներից:



 



2-րդ հոդվածում, որը պարզաբանում է պայմանագրի հասկացությունները, սահմանված է. «...անդամ-պետություններ» - պետություններ, որոնք հանդիսանում են Միության եւ սույն պայմանագրի Կողմ («государства-члены» – государства, являющиеся членами Союза и Сторонами настоящего Договора):



 



«...երրորդ կողմ» - պետություն, որը չի հանդիսանում Միության անդամ, միջազգային կազմակերպություն կամ միջազգային ինտեգրացիոն միություն «третья сторона» – государство, не являющееся членом Союза, международная организация или международное интеграционное объединение):



 



Այսինքն, Եվրասիական տնտեսական միության անդամ է միայն եւ միայն ԵՏՄ պայմանագիրը ստորագրող Կողմը: Իսկ 108 հոդվածը, որը ԵՏՄ-ին միանալու գործընթացը կարգավորող միակ հոդվածն է ամբողջ պայմանագրում, առհասարակ չի նախատեսում, ֆիզիկապես չի պարունակում որեւէ բառ կամ տառ ԵՏՄ պայմանագրի Կողմ դառնալու մասին:



 



Կա այն, ինչի մասին Աստանայում հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանը` ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիր ստորագրելու ինչ-որ ընթացակարգ, որով, սակայն, Եվրասիական տնտեսական միության անդամ չես դառնում: 108 հոդվածով ամրագրված է «6. …ինչպես նաեւ  համապատասխան պետության կողմից Միության մեջ մտնելու միջազգային պայմանագրի նախագիծ, որով որոշակիացվում է թեկնածու-պետության իրավունքների եւ պարտավորությունների ծավալը, ինչպես նաեւ Միության մարմիններում նրա մասնակցության ձեւաչափը» («6. …а также проекта международного договора о вступлении соответствующего государства ж Союз, которым определяется объем права и обязанности государства-кандидата,  а также формам его участия в работе органов Союза):



 



Այսինքն, սեւով սպիտակի վրա գրված է, որ յուրաքանչյուր նոր երկիր, որը կցանկանա միանալ ԵՏՄ-ին, ոչ թե իր ստորագրությունն է դնելու ԵՏՄ պայմանագրի ներքո` դառնալով պայմանագրի Կողմ եւ ԵՏՄ անդամ, այլ իբրեւ «երրորդ կողմ», առանձին միջազգային պայմանագիր է կնքելու ԵՏՄ-ի հետ` վերցնելով որոշ իրավունքներ, պարտավորություններ եւ հրաժարվելով մնացյալից:



 



Հիմա Հայաստանը,  որպես երրորդ կողմ, ի՞նչ մասնակցություն է պատրաստվում ունենալ ԵՏՄ-ում, հասկանալի կդառնա, եթե միջազգային պայմանագիր ստորագրվի: Բայց արդյո՞ք կստորագրվի: Չի բացառվում, բայց հավանականություն էլ չի երեւում՝ համենայնդեպս, երեկվա Սերժ Սարգսյանի ջարդված ռուսերենով ելույթից եւ նշած անիրական ժամկետներից՝ հունիսի 15, ըստ Սարգսյանի, եւ հուլիսի 1՝ ըստ Նազարբաեւի:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]