Փոթորիկ մի բաժակ ջրում

Փոթորիկ մի բաժակ ջրում

Միկոյանի քանդակը Երեւանում դնե՞նք, թե՞ չդնենք… Լավ է, որ այն լայն քննարկման առարկա է դարձել: Սակայն ծայրահեղությունն այն աստիճանի է հասել, որ մի պատմաբան հայ աղջնակ ռադիոռեպորտաժում Միկոյանին Թալեաթի հետ համեմատեց: Նմանատիպ մեր գնահատականներից օգտվելով` ասում են, Հայաստանում հավատարմագրված դեսպաններից մեկն էլ է Միկոյանին Թալեաթի հետ համեմատել: Չեմ զարմանա, որ վաղը չէ մյուս օրն էլ Թուրքիայից ասեն, որ եթե դուք ձեզ կոտորել եք, էլ մեզնից ի՞նչ եք ուզում, պարոն Դեմոյան:



 



Ինչ ասեմ, հարգելի տիկնայք եւ պարոնայք: Եթե Ջոն Քենեդիի հետ միասին մոլորակը երրորդ համաշխարհային պատերազմից փրկող Անաստաս Միկոյանին արդեն Թալեաթի հետ ենք համեմատում, ինչպես Համլետը կասեր` ուրեմն Դանիայում գործերն այնքան էլ լավ չեն: «Անաստաս Միկոյանը սովորական ղեկավար ու անհատ չէր, նրան կարելի է համեմատել Չերչիլի, Ռուզվելտի, Քենեդու հետ: Կարիբյան ճգնաժամի ընթացքում Միկոյանը մոլորակը փրկեց երրորդ համաշխարհային պատերազմից»: Այս գնահատականն իմը չէ, այլ մեծագույն արտիստ Սոս Սարգսյանինը, որի հետ ես լիովին համաձայն եմ («+Կինո», թիվ 5-6, 2012թ.):



 



Հասկանում եմ մեզանում բարձրացած աղմուկի ու տագնապի մտահոգությունը: Դա պատմական վերուվարումներից զատ նաեւ այն է, որ խորհրդային համակարգի հիշողությունն է խնկարկվում. երեկ Քոչինյանի քանդակը, այսօր՝ Միկոյանինը, վաղը… գուցեեւ Թեւոսյանինը: Հետո՞ ինչ, մտահոգության ի՞նչ խնդիր կա, դա մեր պատմությունն է` ինչպես Էռնեստ Նեիզվեստնու Խրուշչովի սեւ եւ սպիտակ դիմաքանդակը: Ես հաճախ եմ ասել եւ հիմա էլ կրկնում եմ, որ 1960-80-ական թվականները մեր ժողովրդի ռենեսանսն էր, նրա վերածնունդը: Դա եւ համոզմունք է, եւ պատմություն, որին տեր կանգնելով, տեր ես կանգնում նաեւ քո հիշողությանը: Կարճ ասած՝ մանկուրտ չես դառնում: Մանկուրտ դարձող ազգերն անհետանում ու կորչում են… Ցավոք, մեզնից անկախ, այս հարցն այնքան ենք քաղաքականացրել, որ ինքներս մեզ տարրական մի հարց չենք տալիս, թե այդ քանդակը, որպես արվեստի գործ, որպես գեղագիտական արժեք, իրենից մի բան ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ (թե չէ Երեւանում անճաշակ քանդակներ՝ որքան ուզես...): Իսկ հիմա մտահոգիչ փոթորիկ է սկսվել, այն էլ՝ մի բաժակ ջրում: Ժողովրդական ասացվածքն ասում է. «Ջրաղացը կորցրել եք, չախչախի հետեւից եք ընկել»: Ի դեպ, այս ասացվածքը միայն մեզ է հասու, օտարները իմաստն այնքան էլ չեն ըմբռնում…



 



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ