Ավտոմեքենաների բիզնես - գերեզմանոց բնակելի թաղամասում

Ավտոմեքենաների բիզնես - գերեզմանոց բնակելի թաղամասում

Ավտոմեքենաների գերեզմանոցներ կան ողջ աշխարհում՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Ասիայում: Ամեն օր, ինտերնետում նորանոր կայքեր են ավելանում այդ «Դատապարտյալների» համար, որոնց ապագա ճակատագիրը կանխորոշված չէ: Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի նման «մեռած հոգիներ»:



 



Սակայն արտասահմանյան երկրներում դրանք տեղակայված են մարդկանց բնակության վայրերից դուրս, ու որևէ մեկի մոտ հոգեբանական խնդիրներ չեն առաջացնում, քանի որ տվյալ երկրներում մարդը պաշտպանված է օրենքով, ու նման օրինախախտներին ենթարկում են տույժ ու տուգանքի:



 



Վերջին մի քանի տարիների ընթացքում ավանդույթ է դարձել ու բազմաթիվ ավտոմեքենաներ են հանգրվանում Հարավ - արևմտյան բ-1թաղամասի մի քանի շենքերի կիպ-կողքին: Բնակիչը առավոտյան արթնանում է, նայում պատուհանից, սակայն արևն ու կապույտ երկինքը տեսնելու փոխարեն, նայում է շենքի մոտ հանգրվանած գերեզմանոցին:



  Այստեղ ամեն օր ավելանում են վթարի ենթարկված նորանոր մեքենաներ, մասնատվում, քանի որ պահպանված մասերը՝ դուռ, անիվ, ղեկ, նստարան և այլն, վաճառվում են, իսկ դրանց կմախքները այդպես էլ մնում են տեղում՝ դառնալով հսկա մետաղակույտ, որը բնակիչների մեծագույն անհանգստության պատճառն է այսօր: Ովքե՞ր են այս ահազարհուր տեսարանի պատասխանատուները, ովքե՞ր են շահում դրանից և ովքե՞ր են տուժում, կարծես ոչ ոքի հետաքրքիր չէ:



Այն, որ շենքերի պատուհաններից ու պատշգամբներից բացի գիտակից մարդկանցից դուրս են նայում նաև հարյուրավոր երեխաներ, ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ գերեզմանոցի «պահապանները» զբաղված են միայն գրպանները տռզացնելով:



Այն, որ գերեզմանոցից 30 մետրի վրա է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ու փաստը, որ այդ ճանապարհով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում, նույնպես ոչ ոքի չի հետաքրքրում: Արդեն ավանդույթ դարձած մեքենաների սույն վաճառք բիզնեսը սկսվել է նախկին թաղապետի՝ Դավիթ Օհանյանի ժամանակներից ու շարունակվում է մինչ օրս ներկայիս թաղապետի Արտակ Ալեքսանյանի գործունեության շրջանում:



 



Ո՞վ է պատասխանատու երեխաների նման անուղղակի հոգեբանական խեղումների համար, ո՞վ է պաշտպանում այդ փոքրիկների իրավունքները, ո՞ր կողմ է նայում Մալաթիա - Սեբաստիա թաղապետարանի վերահսկիչ անձնակազմը՝ ի դեմս թաղապետ Արտակ Ալեքսանյանի: Մի բան հաստատ է՝ ոչ այս գերեզմանոցին: