Գողանում էր, որ իր եթիմին պահի

Գողանում էր, որ իր եթիմին պահի

 Կոմունիստական թունդ օրերն էին:  Հայրս Բայանդուրի կոլխոզի նախագահն էր:  Ջահե՜լ, ուժե՜ղ, աշխատո՜ղ: Մենք նրան տանը չէինք տեսնում: Գիշերը գալիս, ոտքի վրա հաց էր ուտում և ասում.



-Գնացի: - Գործը գործին ուտում է:



Նստում էր սպիտակ ձին, իսկ մենք աչք էինք ածում, որ տեսնենք՝ թաղի երեխեքից մեկը տեսնու՞մ  է, որ հաջորդ օրը լոպազանալու բան ունենայինք, ու գնում: Ձին այնպես էր տրտինգ տալիս, ասես հասկանում էր, որ գյուղի համար կարևոր բեռ է տանում: Կճղակներով թեթև փոշի էր բարձրացնում,  որը վառարանի պռնկից դուրս եկող ծուխ էր հիշեցնում: Այդ ծուխը մեզ համար «վերտալյոտի ծուխ էր», իսկ ձին՝ «վերտալյոտ»: Սովորաբար մենք չէինք քնում, մորս հետ սպասում էինք, որ հայրս գա ու  իր ձիու հերթական քաջագործություններից պատմի:



Այդ օրը, երբ եկավ, ամբողջովին թեփի ու խոտի մեջ կորած էր, մի տեսակ հոգնած, բայց ուրա՜խ, շա՜տ ուրախ:



-Հինչ ա իլալ,- հացրեց մայրս, իսկ չորս երեխաներիս աչքերն արդեն սկսեցին վառվել:



- Սուս, հետո կասեմ,- ասաց հայրս:- Հաց դիր:



Հասկացանք, որ չի ուզում՝  մենք իմանանք: Դա նշանակում էր, որ պիտի մեր սենյակը գնայինք: Շարվեշարան իրար ետևից, ետ-ետ նայելով, մտանք մեր սենյակը, բայց դռան անցքը մի քիչ բաց թողեցինք, որ նրանց զրույցը լսենք: Իմ ականջներն էլ, Աստված տվել էր, ածելի էին, տատս ասում էր, որ դաշտում խոտ պոկեն, տանը ես կլսեմ:



-Գնացի դաշտերը, տեսնամ Վարդանուշ տատին գողություն ա անում, պատմում էր հայրս:



Ապշած մնացինք: Այնքա՜ն լավ, այնքա՜ն բարի տատի էր, երբ նրանց տուն էինք գնում, սնդուկը բացում ու մի լավ բան էր տալիս մեզ.



-Ուրի՜շ բան չունեմ, ասում էր մեղավոր տոնով:



Ոչ մեկը չուներ, մենակ էր ապրում, մի աղջիկ էր ունեցել, մահացել էր: Թոռանն ինքն էր տիրություն անում:  Խոսքը այդ լավ տատիի մասին էր:



-Հետո՞,- անհանգստացավ մայրս,- հո միլիցիու ձեռը չտվի՞ր:



Այստեղ արդեն մեր անհանգստությունն այնքան մեծ էր, որ չորս երեխեքով, իրար հրելով, թթի պես թափվեցինք ընդհանուր սենյակ.



-Հը՞…



Հայրս ամենահետաքրքիր պահին միշտ լռում ու ստուգում էր, թե մենք ինչ ենք ուզում.



-Դու հինչ փիս մարդ ես,- համարյա միասին վրա տվինք,- չսպասելով, որ հայրս շարունակի:



Իսկ հայրս լռեց, լռեց ու շարունակեց.



-Հատիկ էր գողանում, մի քանի մեշոկ արտից քաղել ու մեջքով կրում էր: - Մեղքս եկավ, օգնեցի, միասին տարանք նրա տուն:- Ձիով չտարա, որ չիմանան՝ նախագահը գողին օգնում է:



-Բա որ իմանա՞ն,- վախեցավ մայրս:



- Որ իմանան, կասեմ մեղավորը ես եմ, որ չեմ իմացել՝ իմ գյուղացին հաց չունի ու գողանում է իր  եթիմի համար:



ՀԳ Հիմա մեր նախագահի ու վարչապետի մտքով անցնու՞մ է, որ մեղավորը իրենք են, որ մարդիկ քաղցած են ու փախչում են: Մտածու՞մ են, որ շատերը ճարահատյալ գողանում են, որ իրենց եթիմներին պահեն…



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ